23/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Իրանա-ամերիկյան լարվածությունն, այսպիսով, հասել է պատմական ամենաբարձր կետի

Ի տարբերություն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգման հատուկ գործողության, Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու ծրագիրը Միացյալ Նահանգների նախագահի ոչ բոլոր խորհրդականներն են պաշտպանում:

Այս եզրակացության է եկել Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին: Ընդսմին, տարաձայնությունները «ավելի սուր են հանրապետական կուսակցության ազդեցիկ գործիչների մոտ»:

Կոնգրեսի երկու պալատներում հանրապետականներն ունեն մեծամասնություն, բայց նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում կարող են դիրքեր կորցնել, քանի որ «հարցման արդյունքներով ամերիկացիների մեծամասնությունը կենտրոնացած է տնտեսական խնդիրների վրա»:

Իսրայելական «Եդիոտ ահրոնոտ» պարբերականը, վերլուծելով Իրանի դեմ ԱՄՆ կողմից ռազմական ուժի կիրառման հավանականությունը, առանձնացրել է հանրապետական կուսակցության «ներքին տեսաբան» Լորեն Քոուլիի տեսակետը, ըստ որի՝ «Մերձավոր Արևելքում մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով և մի քանի անգամ սպառնալով, որ գործարքի բացակայության դեպքում Իրանի համար շատ վատ կլինի, նախագահը (Դոնալդ Թրամփը) ինքն իրեն ծուղակ է մղել»:

Քոուելին գտնում է, որ Իրանին չհարվածելու դեպքում Թրամփը ««կկորցնի միջազգային հեղինակությունը», բայց եթե «ռազմական գործողությունները տևեն անգամ մի քանի շաբաթ, ապա նա խնդիրներ կունենա ամերիկյան ընտրողների հետ»:

Մամուլը չի փոխանցում, թե Թրամփի վարչակազմում ովքեր են Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի խաղաղ կարգավորման կողմնակիցները, բայց կարելի է ենթադրել, որ Սպիտակ տան որոշումների վրա շատ մեծ է Իսրայելի կառավարության և ԱՄՆ հրեական լոբբիի ազդեցությունը:

Երուսաղեմում նույնիսկ չեն փորձում թաքցնել, որ Իրանի շուրջ ստեղծվել է իրավիճակ, որի «միակ հանգուցալուծումը կրոնապետության փլուզումն է, և պատմական պատեհությունը չի կարելի բաց թողնել»:

Մինչ Վաշինգտոնում «Իրանին հարվածե՞լ, թե՞ դիվանագիտությամբ հասնել գործարքի» հարցում չեն կողմնորոշվում կամ տեսք են ընդունում, թե «չեն կողմնորոշվել», Թեհրանը փետրվարի 21-ին «ծովային բազավորման հակաօդային պաշտպանության գերժամանակակից հակարագ են փորձարկել»:

Որևէ տեղեկություն առայժմ չկա՝ դա իրանակա՞ն արտադրության հրթիռ է, թե՞ այլ երկրից է ձեռք բերվել: Fars գործակալությունը հայտնել է, որ փորձարկումն իրականացվել է Հորմուզի նեղուցում: Ավելի վաղ Իրանը սպառնացել է փակել նեղուցը:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին այդ կապակցությամբ ասել է. «ԱՄՆ-ը գիտի, որ Իրանը պատերազմի չի պատրաստվում, բայց պատերազմ վարել կարող» է:

Իսրայելական ynet-ի մեկնաբանը իրանցի խորհրդարանականի այս խոսքից եզրակացրել է, որ Թեհրանը Վաշինգտոնին «գործարքի առաջարկություն է արել և սպասում է պատասխանի»:

Նախագահ Մասուդ Փեզեշքիանի գնահատմամբ՝ «Իրանը երբեք սպառնալիքի առջև գլուխ չի խոնարհի»: Իրանա-ամերիկյան լարվածությունն, այսպիսով, հասել է պատմական ամենաբարձր կետի:

ԱՄՆ-ը և Իսլամական հանրապետությունը երբեք ուղղակի առճակատմանն այսքան մոտ չեն եղել, բայց դա նաև դիվանագիտական հանգուցալուծման շատ ավելի առարկայական հնարավորություն է, քան Վաշինգտոնը և Թեհրանը անցած քառասունյոթ տարիներին երբևէ ունեցել են: