23/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Խամենեիին իշխանության տրանզիտ իրականացնելու համար տրված ժամկետ է. Նա կհեռանա

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «կարգադրել է մշակել ռազմական գործողությունների ժամանակ իր զոհվելու կամ իր հետ կապի խզման դեպքում երկրի արտակարգ կառավարման պլան մշակել»:

Այդ մասին գրել է «Նյու-Յորք թայմսը»՝ հղում անելով իսլամական հանրապետության «քաղաքական ղեկավարության և ԻՀՊԿ վեց վստահելի աղբյուրների»,- փոխանցել է ռուսաստանյան «Կոմերսանտը»:

Ըստ տեղեկությունների, Խամենեին «իշխանության բոլոր թևերի միջև կոորդիանցիա ապահովելու լիազորությունները վերապահել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Արդաշիր Լարիջանիին»:

Լարիջանին Իրանի կրոնական-քաղաքական վերնախավի «հնաբնակներից» է, տևական ժամանակ պաշտոնավարել է որպես մեջլիսի նախագահ: Ներկա պաշտոնին նա նշանակվել է անցյալ տարվա օգոստոսին:

Փորձագետները դեռեւս այն ժամանակ են կանխատեսել, որ իրանական «Քենեդիների կլանը վերադառնում է իշխանության»: Այաթոլլա Խամենիի որոշումը, որով նա փաստացի իր լիազորությունների մեծ մասը վերապահել է Ալի-Արդաշիր Լարիջանիին, կարծես, հաստատում է այդ կանխատեսումը:

Բաց աղբյուրներից հայտնի է, որ Լարիջանին ունի չորս եղբայր: Նրանցից Սադիկ Լարիջանին տասը տարի գլխավորել է Իրանի դատական համակարգը և անգամ ունեցել է Խամենեիի իրավահաջորդի համարում:

Մոհամեդ Ջավադ Լարիջանին պաշտոնավարել է արտաքին գործերի փոխնախարար, ընդ որում՝ զբաղվել հիմնականում կադրային, հատկապես՝ արտերկրում ԻԻՀ դեսպանների նշանակման հարցերով, այնուհետև գլխավորել է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը:

Այդ պաշտոնում նա գերազանցապես զբաղվել է արտերկրում Իրանի դրական վարկանիշ ձևավորելու հարցերով: Նախկին դիվանագետ Ֆազիլ Լարիջանին ներկայումս դասախոսում է Թեհրանի Ազատ համալսարանում և հանդիսանում է Իրանի Իսլամական մշակույթի բարձրագույն խորհրդի անդամ:

Լարիջանիի մյուս՝ ամենակրտսեր եղբայր Բաքիրը զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի և Թեհրանի բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը:

Լարիջանիների կլանը ունի պահպանողականի համարում: Մեջլիսի նախագահի պաշտոնում Ալի Լարիջանին արգելափոկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության վավերացումը, թեև նախապես հանդես է եկել Արևմուտքի հետ այդ հարցում համաձայնության հասնելու դիրքերից:

Եթե «Նյու-Յորք թայմսի» ունեցած տեղեկությունը վստահելի է, ապա կարելի է, թերևս, ենթադրել, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու կամ «գործարք կնքելու» տասը-տասնհինգօրյա ժամեկտը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է սահմանել, փաստացի այաթոլլա Խամենեիին իշխանության տրանզիտ իրականացնելու համար տրված ժամկետ է:

Խնդիր է, թե արդյոք ԻՀՊԿ բարձրագույն հրամանատարությունը և իրանական բանակը կընդունե՞ն Լարիջանիի «ժամանակավոր կառավարությունը» և արդյոք նրան կհաջողվի՞ Թեհրանի կրոնաքաղաքական վերնախավի տարբեր թևերի միջև կոնսենսուս ապահովել:

Բարդ կարող է լինել նաև նախագահ Փեզեշքիանի հետ լիազորությունների վերաբաշխումը: Իրանում սոցիալական բողոքի օրերին նա թույլ է տվել շատ կարևոր դիտարկում անել, թե կառավարությունը «իրավիճակի պատասխանատուն է, բայց լուծումներ առաջարկելու լիազորություն չունի»:

«Նյու-Յորք թայմսի» հրապարակման դրական ազդակն այն է, որ, հավանաբար, ԱՄՆ-ը Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման տարբերակը «երկրարդային է գնահատում»: Իրանա-ամերիկյան պատերազմը ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլեւ գլոբալ անվտանգության համար սպառնալիք է:

Իրանում ներքին փոխակերպումները, կրոնական և աշխարհիկ վերնախավերի միջեւ ազդեցության և լիազորությունների վերանայումը և վերաբաշխումը, որ կարող է միջուկային ծրագրի շուրջ բոլոր առումներով էքզիստենցիալ լարվածություն դիվանագիտական կարգավորման դուռ բացել, ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում, գուցե, առաջին հերթին՝ Հայաստանին: