Այսօր ծնվել է «սևի մարգարեն»՝ Կազիմիր Մալևիչը։ Նկարիչն, ով համարձակվեց գույնը զրկել պատմությունից, առարկան՝ ստվերից, և աշխարհին թողնել մերկ նշանը՝ «սև քառակուսի»։
Նա ծնվել էր լեհական ընտանիքում։ Մալևիչները իրենց լեհ էին համարում, տանը խոսում էին լեհերեն։ Ընտանիքում ծնվել էին տասնչորս երեխաներ, սակայն հասուն տարիքի էին հասել միայն ինը՝ հինգ տղա և չորս աղջիկ։ Կազիմիրը առաջնեկն էր․ գուցե հենց այդ պատճառով նրա ճակատագրին բաժին հասավ առաջամարտիկի դերը՝ առաջինը գնալ այնտեղ, որտեղ դեռ ոչ ոք չէր համարձակվել նայել։

Ժամանակակիցները նրան համարում էին լեհ, ինքն էլ հաճախ իրեն լեհ էր կոչում։ Բայց 1920 թվականի մի փաստաթղթում իր ազգությունը գրել է «ուկրաինացի»։ Այդ մի բառը կարծես վկայություն է, որ Մալևիչի ինքնությունը նույնպես շարժման մեջ էր՝ ինչպես իր արվեստը։ Նա չէր տեղավորվում սահմանների մեջ՝ ոչ աշխարհագրական, ոչ գեղարվեստական։
Երբ 1915-ին նա ցուցադրեց Սև քառակուսին, որը պարզապես կտավ չէր․ դա լռություն էր, որ բարձրաձայնում էր։ Սևը դարձավ ոչ թե գույն, այլ սկզբունք։ Քառակուսին՝ ոչ թե ձև, այլ մաքուր ներկայություն։ Նա հայտարարեց, որ արվեստը կարող է ազատվել առարկայից և ապրել որպես մաքուր զգացողություն, մաքուր գաղափար։ Այդպես ծնվեց սուպրեմատիզմը՝ ձևի գերակայությունը աշխարհի վրա։
Մալևիչը մեզ թողեց մի խորհրդավոր ժառանգություն․ հիշեցրեց, որ երբեմն ամենախորը պատկերն այն է, որտեղ ոչինչ «չկա»։ Որ սևը կարող է լինել սկիզբ։ Որ քառակուսին կարող է լինել աղոթք։ Այսօր, նրա ծննդյան օրը, թվում է՝ սևը կրկին լույս է արձակում։


Բաց մի թողեք
Ժամանակակից երաժշտության փառատոն՝ բազմաձայնությունն է մեր ժամանակի ամենաազնիվ արտահայտությունը
Ռեյ Բրեդբերին Վիլյամ Սարոյանի գործերի ընթերցողն է եղել ոչ պակաս, քան քսան տարի
Մարմինները դառնում են տեքստ, շարժումը՝ ենթագիտակցություն ․․․ Նոր ներկայացում Ստանիսլավսկու անվան թատրոնում․ Լուսանկարներ