23/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Արցախյան շարժումը դուրս բերվեց սահմանադրականության հունից և ուղղորդվեց ազգամիջյան արյունալի հակամարտության հուն

38 տարի առաջ փետրվարի 22-ին, ինչպես երևույթը գնահատել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, Աղդամի և Բարդայի շրջանի մի քանի հազար «ցուցարարներ» շարժվել են դեպի Ասկերան, որպեսզի «Ստեփանակերտում դաս տան հայերին»:

Այդ դեպքերը Հայաստանում և Արցախում տասնամյակներ շարունակ ներկայացվել են որպես «առաջին ինքնապաշտպանական մարտ», երբ Ասկերանի գարեջրի գործարանի մատույցներում ադրբեջանցիների խառնամբոխը կանգնեցվել է:

«Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում Զարդուշտ Ալիզադեն, վկայակոչելով ստույգ փաստական տեղեկություններ, գրել է, որ այդ օրն Ասկերանում սպանված ադրբեջանցի երկու երիտասարդներից մեկը ստույգ դարձել է ադրբեջանցի միլիցիոների դիմահար կրակի զոհ:

Պետք է ենթադրել, որ եկրորդը, որ տասնվեցամյա պատանի էր, սպանվել է նույն ձեռագրով: Փետրվարի 20-ին Ադրբեջանի կոմունիստական ղեկավար Քյամրան Բաղիրովը գտնվել է Ստեփանակերտում, փորձել է մարզխորհրդի պատգամավորներին համոզել, որ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին միավորելու հարցը չքննարկեն, որոշում չընդունեն:

Ստանալով մերժում, Բաղիրովը լքել է նիստերի դահլիճը և մեկնել Աղդամ: Նույն գիշերը նա ԼՂԻՄ-ին հարակից ադրբեջանական շրջանների ղեկավարների հետ Աղդամում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ:

Բաքու մեկնելուց առաջ նա տեղապահ է թողել Ադրբեջանի կոմկուսի քարտուղար Հասան Հասանովին: (Վերադառնալով իշխանության, Հեյդար Ալիևը վերջինիս ծառայությունները բարձր է գնահատել և նշանակել արտաքին գործերի նախարար 2004-2010թ.թ.-ին Հասանովը եղել է Ադրբեջանի դեսպանը Հունգարիայում, 2010-2021-ին՝ Լեհաստանում):

1988 թ. փետրվարի 27-ին, երբ Սումգայիթում տեղի էին ունենում հայ բնակչության զանգվածային սպանություններ, Մոսկվան կազմակերպում է կենտրոնական հեռուստատեսությամբ ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինդատակազ Կատուսևի ելույթը, որտեղ նա ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումը գնահատում է «հակաօրինական» և մեղադրում «հայ ծայրահեղականներին»:

Կատուսևը հատուկ անդրադառնում է հինգ օր առաջ Ասկերանում տեղի ունեցած դեպքերին և հայտարարում, որ «հայերի կողմից սպանվել է ադրբեջանցի երկու երիտասարդ»:

Միութենական 260 միլիոնանոց հեռուստալսարանին, այսպիսով, նախատրամադրում են, որ Լեռնային Ղարաբաղում «մի խումբ ծայրահեղականներ ոչ միայն սահմանների վերաձևման անօրինական պահանջ են ներկայացնում, այլև զինված հարձակումներ են գործում հարևան ադրբեջանական շրջանների խաղաղ բնակիչների դեմ, սպանում նրանց»:

Ամեն ինչ տեղի է ունենում «ժանրի կանոններով». ապրիլի 1-ին «Կոմսոմալսակայա պրավդան» տպագրում է Եվգենի Եվտուշենկոյի «Լաչակ» բանաստեղծությունը, որ նվիրված է Աղդամի Բաշ-Քարվենդ գյուղի կոլտնտեսության նախագահ Խուրաման Աբասովային և գովերգում է նրան, որ դեպի Ստեփանակերտ շարժվող ամբոխի ոտքի տակ է նետել գլխաշորը և կասեցրել արյունահեղությունը:

Ահա այդպես Մոսկվան Լեռնային Ղարաբաղում հյուսել է առաջին խարդավանքը, որպեսզի ղարաբաղյան շարժումը դուրս բերի օրինականության, սահմանադրականության հունից և վերաուղղորդի ազգամիջյան արյունալի հակամարտության հուն:

Ադրբեջանցիներին վերապահվել է «պատվախնդրության», հայերին՝ «կազմակերպված ինքնապաշտպանության» դերակատարություն: