23/02/2026

EU – Armenia

EU – Armenia

«Երկու գլուխ մի կաթսայում չի եփվի»՝ հայտնի ասացվածքն է վկայում

Մինչ ընդդիմադիր դաշտը մոբիլիզացվում է, նոր քաղաքական ուժեր են ձևավորվում, գրանցվում մի քանի ամսից սպասվելիք ԱԺ ընտրություններին մասնակցելու համար, Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահի իր կաբինետում «ծանր ու մեծ լռված»՝ իրեն երևակայում է․․․ իբրև սար։

Դե․․․ այն «սարը», որը չէր գնում Մուհամեդի մոտ այնքան ժամանակ, մինչև որ Մուհամեդը գնաց դրա մոտ։ «Մուհամեդն» այս դեպքում ընդդիմությունն է, որն, ինչպես պարզվեց Սերժ Սարգսյանի՝ կայքերից մեկին «ոտքի վրա տված» հարցազրույցից, պետք է գնա նրա մոտ ու բանակցի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, դրանց ձևի, ձևաչափի ու մնացած նրբությունների մասին։ Իսկ ինքն, ահա, իր տեղը, դիրքն ու քաշը չի պատրաստվում իջեցնել ու նվազեցնել՝ մաս կազմելով ներընդդիմադիր նախընտրական «բազառներին»։

«Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտի տակ չքանդելու։ Իսկ եթե դա շարունակվեց (այդ թվում նաև իրար ծեծելը – խմբ.), լավ բանի չենք կարող սպասել»,- խորհրդի, հորդորի կարգով ասել է նախկին նախագահը՝ հավելելով՝ «եթե որևէ մեկը ուզում է որևէ բան իմանալ կամ բանակցել, ապա թող գան, բանակցենք, մենք որևէ տեղ գնալու ցանկություն չունենք»։

Նկատենք, որ իրար չծեծելու, ոտքի տակ չքանդելու, իրար թիկունքից չխփելու, «քողարկված քարեր չնետելու», «բոչկա չգլորելու», ավելին՝ իրար վրա «չպզզցնելու» մասին հորդորներ հաճախակի են հնչում մասնավորապես ՀՀԿ-ից՝ ի դեմս այս կուսակցության տարբեր ներկայացուցիչների։

Վերջին շրջանի թերևս ամենահիշարժան հայտարարություններից մեկն արել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, որը, դիմելով ընդդիմադիր իր «քույր-եղբայրներին», մասնավորապես ազդարարել էր. «Հիմա մեր տունը վառվում ա, որպեսզի տունը հանգցնենք (լեզվական ինչպիսի ուշագրավ սայթաքում), էդ հրշեջները, որոնցից մեկն էլ ՀՀԿ-ն ա (ձեռքերով իմիտացնելով պզզացնող գործիքը), չպտի ջուրը պզզցնեն իրար վրա, այլ պտի էդ տան կրակը մարեն։ Իմ մոտ նենց տպավորություն ա, որ մենք էդ շլանգը ձեռներս, մեկն էլ՝ մենք, էդ կրակը ուզում ենք մարենք, հետևից մեր վրա պզզցնում են։ Հերիք ա, տղաներ ջան, իրար վրա պզզցնեք՝ ընդդիմության մեր գործընկերներին եմ ասում։ Ուզո՞ւմ եք իշխանափոխություն, գիտակցո՞ւմ ենք, որ իշխանափոխությունն ա էդ աղետից պրծնելը, բերեք իրար վրա շլանգով հերիք ջուր պահենք ու վարկաբեկենք։ Մտածենք և գործենք, ինչպես Սերժ Սարգսյանն ա ասում՝ «զրո ամբիցիա» սկզբունքով»։

Նկատենք, որ թեև Շարմազանովը չէր հստակեցրել, թե «պզզացնողներն» ովքեր են, սակայն ժամանակ անց ակնհայտ դարձավ, որ այդ կարգավիճակում հանդես էին գալիս մասնավորապես Սերժ Սարգսյանի իրավանախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի թիմն ու աջակիցները։

Հիշենք, թե մեկ տարի առաջ այս օրերին փոխադարձ հրաձգության, իրար վրա շպրտվող քարերի ինչպիսի՜ տարափ էր երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև։ Այն աստիճան, որ այս երկուսը ընդհուպ միմյանց մեղադրում էին 2018-ի հեղափոխությունը բեմադրելու, դրան աջակցելու, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ։

Հետո «երկրորդն» ու «երրորդը» առերևույթ «բարիշեցին», նրանց թիմերի միջև հրադադար հաստատվեց, սակայն հրադադարը դեռ չի նշանակում, որ նաև հաշտություն է հաստատվել։ Այս երկուսի միջև մրցակցությունը թեև ներքուստ, սակայն ակտիվ կերպով շարունակվում է նաև այս օրերին, հատկապես նախընտրական այս փուլում։

Եվ երբ երրորդ նախագահը նշում է իրար ոտքի տակ չքանդելու մասին, թերևս որպես պոտենցիալ «քանդիչ» նկատի ունի նախևառաջ երկրորդ նախագահին, որն իշխանության գալու իր անզուսպ ամբիցիաները երբեք չի թաքցրել ու չի թաքցնում։ Ով՝ ով, բայց Սերժ Սարգսյանը բոլորից լավ գիտի, որ երբ ընդդիմադիր դաշտում երկու գլուխ կա՝ ի տես իր ու «երկրորդի», ապա նրանցից մեկը շանս չունի լինելու առաջինը։

«Երկու գլուխ մի կաթսայում չի եփվի»՝ հայտնի ասացվածքն է վկայում։ Ուստի կամ պետք է «երկրորդը» դուրս գա քաղաքական դաշտից ու պայքարից՝ իր տեղը զիջելով երրորդին, կամ՝ հակառակը։

Սակայն այս երկուսն էլ միմյանց ընդառաջ գնալու, առավել ևս՝ միմյանց միանալու ու միասնական ճակատով հանդես գալու որևէ միտում ու տրամադրվածություն չունեն։ Ուստի մնում է մեկը մյուսի ոտքի տակ քանդելու ու այսպիսով առանց այդ էլ թուլացած դիրքերը է՛լ ավելի թուլացնել-մաշեցնելու տարբերակը, այն աստիճան, որ երկուսն էլ դուրս մղվեն ընդդիմադիր ուժերի կոնկուրենցիայից։

Հետևապես Սերժ Սարգսյանի «ոչ քանդարարությանը» մեսիջի առաջին հասցեատերը երկրորդ նախագահն ու նրան սատարող քաղաքական թիմն էին։

Ինչ վերաբերում է երրորդ նախագահի առերևույթ ամբարտավան կեցվածքին, թե՝ մենք մեր տեղում ենք, ում պետք է՝ թող գա, բանակցենք, ապա սա ոչ թե կարող, քաշ ու թափ ունեցող, այսպես ասած՝ «ձիու վրա» եղող քաղաքական ուժի, դրա ղեկավարի, այլ սեփական համեստագույն կարողություններն իմացող սուբյեկտի աղերսանքի ճիչ է։

ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հանրային վստահության ցուցիչը, նկատենք, թե՛ միջազգային, թե՛ տեղական սոցիոլոգիական կազմակերպությունների հարցումների տվյալներով՝ հազիվ 2-2,5 տոկոսի է ձգում։ Անցել են այն ժամանակները, երբ Սերժ Սարգսյանն այնքան թափ ուներ, որ իր աշխատասենյակում նստած (առանց այս կամ այն քաղուժին ընդունել-բաց թողնելու) գծագրում էր ապագա խորհրդարանների պատկերը՝ ընտրությունների ժամանակ «ինչքան ուզես, էդքան էլ խփեմ»-ի սկզբունքով տոկոսներ բաշխելով։

Հեղափոխությամբ մերժված, 2018-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարան չանցած, 2021-ին էլ «երեսի զոռով» ԱԺ խցկված ու 2026-ի նախընտրական փուլ հասած Սարգսյանն ասել կուզի՝ մենք մեր չնչին՝ «մի ժիգուլու պասաժիրի» չափ ռեսուրսով՝ կազմով ու էլեկտորատով, Մելիք-Ադամյանում նստած ենք, եթե մեր կարիքն ունեք, եկեք, խոսենք, պայմանավորվենք, չմոռանալով, որ «մկան մեզն էլ ջրաղացին օգուտ է»։

Տեսնենք՝ ընդդիմադիր դաշտում քիչ թե շատ թպրտացող ուժերից ո՞ր մեկի սրտին կդիպչի մերժված նախագահի թախանձանքի ճիչը։