Չորս տարի առաջ, 2022թ. փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Կրեմլում ստորագրել են «Ռազմավարական համագործակցության մասին» հռչակագիր:
Պաշտոնական արարողությունից ժամեր առաջ Պուտինը հայտարարել է Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը որպես անկախ պետություններ ճանաչելու որոշման մասին, իսկ նախօրեին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Ուկրաինայի դեմ «հատուկ ռազմական գործողություն» սկսելու հարցը:
Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ Հռչակագրի ստորագրումը «պատահական է զուգադիպել» Դոնեցկի և Լուգանսկի մարզերը որպես «անկախ պետություն» ճանաչելու և Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելու Պուտինի որոշմանը:
Քաղաքականության մեջ, որպես կանոն, պատահական զուգադիպություններ չեն լինում: Պուտին-Ալիև հռչակագիրը բաղկացած է քառասուն կետից, բայց դա միայն պայմանավորվածությունների հրապարակային մասն է:
Թաստաթղթի առաջին և երկրորդ կետերով կողմերը ճանաչում են միամյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը և պարտավորվում չմիջամտել մեկը մյուսի ներքին գործերին:
Հաշվի առնելով հռչակագրի ստորագրման պահի դրությամբ գետնի վրա իրավիճակը, այդ պայմանավորվածությունները փաստացի նշանակում են, որ Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և այն սահմանները, որ Ադրբեջանն ինքն է իր համար ճանաչում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը միանշանակորեն ընդունում է որպես նրա ներքին գործ:
Պուտին-Ալիև հռչակագիրն, ըստ այդմ, չեղարկում է ԼՂ-ում ռուսական զորախմբի՝ որպես հրադադարի պահպանման երաշխավորի մանդատը և Ադրբեջանին տալիս գործողությունների քարտ-բլանշ:
Խիստ կարևոր է նշել, որ այդ փաստաթղթի ստորագրումից ուղիղ մեկ ամիս հետո Բաքու է այցելել ՌԴ ՊՆ բարձրաստիճան պատվիրակությունը՝ Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ-գնդապետ Կիմի գլխավորությամբ:
Երկու օր հետո, մարտի 24-ին, երբ ՌԴ ՊՆ պատվիրակությունը դեռեւս Բաքվում էր, ԼՂ-ում ռուսաստանյան զորախմբի հրամանատարության նախաձեռնությամբ Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի ուղղությամբ տեղի է ունենում «զորքերի հայելային ետքաշում»:
Իրականում ԼՂ ՊԲ ստորաբաժանումները ռուս «խաղաղապահների» ներկայությամբ թողնում են դիրքերը, իսկ կես ժամ հետո այնտեղ տեղաբաշխվում են ադրբեջանական ստորաբաժանումները:
Օրվա երկրորդ կեսին նրանք շարժվում են Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Եռօրյա մարտերից արդյունքում բարձունքի մի հատված մնում է ՊԲ և ԱԱԾ հատուկ նշանակության ուժերի հսկողության ներքո, իսկ ադրբեջանցիները մնում են Փառուխի բնագծերում՝ տարհանելով մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների:
Այդ դեպքերից կարճ ժամանակ հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը «Փառուխ առ Փառուխ հանձնվելու» է, եթե Արցախի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորման հարցում միջազգային կոնսենսուս չապահովվի:
Հետագա իրադարձությունները հայտնի են, վերհիշելու անհրաժեշտություն, թվում է, չկա: Հարկ է միայն հստակ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջական հանձնման և նրա հայ բնակչության բռնատեղահանության պայմանավորվածություն, ըստ էության, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք է բերվել չորս տարի առաջ, 2022թ. փետրվարի 22-ին:
Այսպիսով, «ո՞վ է հանձնել Արցախը» սակրալ թվացող հարցն ունի հստակ և միանշանակ պատասխան. Արցախը հանձնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Բաց մի թողեք
Իրանա-ամերիկյան լարվածությունն, այսպիսով, հասել է պատմական ամենաբարձր կետի
Արցախյան շարժումը դուրս բերվեց սահմանադրականության հունից և ուղղորդվեց ազգամիջյան արյունալի հակամարտության հուն
Խամենեիին իշխանության տրանզիտ իրականացնելու համար տրված ժամկետ է. Նա կհեռանա