15/03/2026

EU – Armenia

Ի՞նչ տեղեկության հիման վրա է նման եզրակացության հանգել Եվրոպայում ադրբեջանական վտարանդիությունը

Բաքվում Ճապոնիայի դեսպանատունը հայտնել է, որ «Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ երկու օրով փակում է իր հյուպատոսական բաժինը, որպեսզի ապահովի աշխատակիցների և այցելուների անվտանգությունը»:

Այդ մասին հայտնել է ադրբեջանական ոչ այնքան հայտնի Gazetchi կայքը: Բաքվի իշխանական լրատվամիջոցները նման տեղեկություն չեն տարածել: Նույն լրատվամիջոցի փոխանցմամբ, նույն օրն Ադրբեջանում Իրանի դեսպան Դեմիրչիլուն լրագրողներին ասել է, որ Թեհրանում «Ադրբեջանի ուղղությունից հարձակում չեն ակնկալում»:

Կայքի ունեցած տեղեկություններով, Իրանի շուրջ իրավիճակով պայմանավորված՝ «Ադրբեջանի ԶՈՒ-ն անցել է մարտական թիվ մեկ պատրաստության ռեժիմի, սպաների արձակուրդները ընդհատվել են»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Անար Էյվազովը «լրագրողների զանգերին չի արձագանքել, ինչպես նաև չի պատասխանել իրեն ուղղված գրավոր հարցերին»:

Մի քանի աղբյուրներ oxu.az-ին հայտնել են, որ «սահմանապահ ծառայության ուղեկալներում զրահատեխնիկա է տեղաբաշխվել, այլ ուղղություններից դեպի Իրանի հետ սահմանակից շրջանների ցամաքային զորքերի ստորաբաժանումներ են տեղափոխվել»:

Ռուսաստանյան Кавказское обозрение թելեգրամյան ալիքի ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը «վերջին մի քանի օրերին Իրանի հետ սահմանի երկայնքով հետախուզական թռիչքներ են իրականացնում»:

Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները «խիստ անհանգստացած են, որ Բաքվում այաթոլլա Խամենեիի սպանությունը գնահատվել է գրեթե որպես ազգային ողբերգություն»:

Ի՞նչ տեղեկության հիման վրա է նման եզրակացության հանգել Եվրոպայում ադրբեջանական վտարանդիությունը, այդ մասին ոչ մի տեղեկություն հայտնի չէ:

Իրանից «կանխարգելիչ հարվածների հավանականության» մասին ադրբեջանական ոչ այնքան հայտնի լրատվամիջոցների տարածած տեղեկությունները թողնում են «քարոզչական հնարքի» տպավորություն:

Ինչպես ավելի վաղ ասել ենք, Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումից երկու օր առաջ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հրամանատարի սպառազինությունների գծով տեղակալ գեներալ-գնդապետ Գրեխովի գլխավորած պատվիրակությունը գտնվել է Բաքվում:

Տրամաբանական է, որ կողմերը քննարկել են «ֆորս-մաժորի դեպքում համագործակցության հետ կապված հարցեր»:

Մարտի 2-ին Բաքու է գործուղվել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Դա հստակ ցուցիչ է, որ Օվերչուկը հանդես է եկել որպես ՌԴ նախագահ Պուտինի հատուկ բանագնաց:

Իսկ Ռուսաստանը ստեղծված իրավիճակում Իրանի դեմ որևէ քայլ ոչ միայն չի ձեռնարկի, այլև անգամ նման քննարկման կողմ չի կարող լինել: Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական և քաղաքական բարձր մակարդակի շփումները, բնականաբար, Վաշինգտոնում և Երուսաղեմում չեն կարող չնկատվել և համապատասխան գնահատականի չարժանանալ:

Իրանից «սպառնալիքի» և դրան «դիմակայելու» մասին տեղեկատվատվությունը, կարծես, իսրայելա-ամերիկյան «տարակուսանքները» ցրելու նպատակ է հետապնդում: Գործնականում պահպանելով Իրանի դեմ որևէ գործողության չաջակցելու խոստումը, Ալիևը միաժամանակ ներկայանում է որպես Իրանի կողմից «ամեն վայրկյան հարձակման ենթակա» երկրի առաջնորդ, որպեսզի, ամենայն հավանականությամբ, Միացյալ Նահանգներն «իրենից ավելին չպահանջի»:

Ինչպե՞ս կզարգանան ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, երևի կախված է Իրանի շուրջ իրավիճակից: