Դուք կարծում եք, ես պիտի Իսրայելին պաշտպանեմ և փորձեմ ապացուցել, որ Իրանի իշխանությունների հայտարարությունը, թե իրենք ադրբեջանական Նախիջևան քաղաքի օդանավակայանին չեն հարվածել և, իբր, դա Իսրայելն է արել, կե՞ղծ է:
Ֆեյսբուքի իր օգտահաշվում գրել է իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Նրա կարծիքով, Իրանի կողմից նման հայտարարությունը «ցուցիչ է, որ նրանք արդեն պատերազմը տանուլ են տվել:
Եթե իրանցիները բացահայտ ընդունում են, որ Իսրայելը ունակ է Իրանի տարածքից ամենաարդիական իրանյան դրոններով իրենց զորամասերից հարվածներ հասցնել, ուրեմն նրանց պաշտպանությունը լիովին փլուզված» է:
Լապշինն այնուհետև առաջարկել է «փաստերով խոսել»: Նա համոզված է, որ Իսրայելին «պետք չէ հարվածել Իրանին, և «Մոսադի» երևակայական գործակալները դա չեն արել», բայց ոչ թե «որ նրանք ազնիվ և մարդասեր են, այլ՝ որովհետև նման սադրանքներն ի վերջո անխուսափելիորեն բացահայտվում» են, իսկ այդ դեպքում «Ադրբեջանի հետ հարաբերություններում ճգնաժամ կառաջանար»:
Իսրայելցի բլոգերը կարծում է, որ «կարելի է գործել ավելի խելոք և բոլորովին այլ ձևով»:
Նա համոզված է, որ Իրանը ներկայումս պաշտպանության կառավարման «ծանր ճգնաժամի մեջ է, ռազմական վերնախավը ոչնչացված է, հեշտ չէ կառավարել երկրով մեկ ցրված հսկայական բանակը, Թեհրանից հրամանները միշտ չէ, որ տեղ են հասնում ժամանակին, մարտական դիրքերում գտնվող ենթակաները հաճախ ճիշտ չեն հասկանում»:
Լապշինը վստահաբար պնդում է, որ «Ադրբեջանին հարվածել են իրանցիները՝ պաշտպանված կապով հրամանից հետո և, երևի, իրենք էլ զարմացել են՝ իսկ ինչո՞ւ հանկարծ Ադրբեջանը, բայց վերադասի հրամանները չեն քննարկվում, և նրանք հարվածել են Ադրբեջանին»:
Ի վերջո, իսրայելցի բլոգերը հնչեցրել է հարց, որի համար էլ նա բավական ընդարձակ գրառում է կատարել. «Իսկ որքանո՞վ են նրանց (իրանցիների) «պաշտպանված» կապուղիներն իրականում պաշտպանված»:
Նման դեպքերում ընդունված է ասել, որ «ակնարկը չափազանց թափանցիկ» է: Եթե «Մոսադի» գործակալները «չեն հարվածել Ադրբեջանին», այլ, ինչպես Լապշինն է «բացահայտում», իրանցի զինվորականները «պաշտպանված կապուղիներով Ադրբեջանին հարվածելու» հրաման են ստացել, բայց այդ կապուղիները «պաշտպանված չեն», ուրեմն Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությամբ շահագրգռված երրորդ երկրի հատուկ ծառայություններին «հաջողվել է տիրապետել Իրանի ԶՈՒ ԳՇ և զորամասերի միջև հատուկ կապի միջոցին և Ադրբեջանի դեմ դրոնային հարձակման հրաման տալ»:
Մնում է փորձել կռահել, թե ո՞ւմ «այգուն է քար նետում» իսրայելցի բլոգերը և ո՞ւմ է «ինչ-որ բան հուշում» կամ, գուցե, մեդիատիրույթ մուծում նախապես որևէ երկրի հատուկ ծառայությունների կողմից մշակված «կանխավարկած», որ տեղեկատվական ապահովություն է ստեղծում Իրանի շուրջ իրավիճակի արտատարածաշրջանային դերակատարների համար:
Միամտություն կլինի պատկերացնել, թե Լապշինը իրանա-ադրբեջանական լարվածության «հայելի է դարձել» որպես «ազատ ստեղծագործող»:

Բաց մի թողեք
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի
Ո՞րն է Ադրբեջանի նախագահի Անթալիայում գտնվելու նշանակությունը