17/04/2026

EU – Armenia

Փեզեշքիանը կընդառաջի՞ Ալիևին՝ իրանա-ադրբեջանական լարվածության ֆոնին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեկ սոցիալական մեդիայում երախտագիտություն է հայտնել Իսպանիային, որ Իրանի դեմ պատերազմին միանալու հարցում մերժել է Միացյալ Նահանգներին:

Փեզեշքիանը, սակայն, Նախիջևանի օդանավականի ուղղությամբ արձակված ԱԹՍ-երի հետ կապված միջադեպի առթիվ ոչ զանգել է իր ադրբեջանցի պաշտոնակցին, ոչ էլ անգամ խնդիրը պարզաբանող սոցցանցային գրառում է կատարել:

Այս մասին ֆեյսբուքի անհատական օգտահաշվում գրել է «Ատլաս» վերլուծաբանական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն:

Նրա կարծիքով, Փեզեշքիանը «չի ցանկացել դառնալ ԻՀՊԿ բարձրագույն հրամանատարության թիրախը, որ ամենամոլի ատելություն են տածում Ադրբեջանի և ամենայն ադրբեջանականի հանդեպ»:

Շահինօղլուն համարում է, որ Ալիևին Փեզեշքիանի հեռախոսազանգը «առնվազն կնշանակեր, որ Իրանը միջադեպի հետաքննություն անցկացնելու մտադրություն ունի»: Ուշագրավ է, որ մարտի 5-ին Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին ադրբեջանցի պաշտոնակից Բայրամովի հետ հեռախոսազրույցում ակնարկել է, որ իրանցի զինվորականները «ուսումնասիրում են հանգամանքները»:

Ըստ երևույթին, Բաքվում տեղեկություն ունեն, որ ԻՊՀԿ հրամանատարությունը դեմ է արտահայտվել Ադրբեջանի հետ այդ հարցով ցանկացած զիջման: Ավելի վաղ Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբը պարզապես ժխտել է Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկության իսկությունը:

«Ատլաս» վերլուծաբանական կենտրոնը գործում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հովանու ներքո: Նրա տնօրեն Շահինօղլուն, որպես կանոն, արտահայտում է Իլհամ Ալիևի տեսակետները:

Ֆեյսբուքյան գրառումը նա ամփոփել է այսպես: «Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում հարցականները շատ են: Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-երի արձակման փաստի ժխտումը հարցականները կարող է տեղափոխել ավելի լուրջ լարվածության փուլ: Ահա թե ինչու է պետք, որ Փեզեշքիանը զանգի Ալիևին»:

Ադրբեջանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստում բանակին, սահմանապահ ծառայությանը և ուժային մյուս կառույցներին հրահանգել է «նախապատրաստել և պատասխան ռազմագործողություն իրականացնել»:

Հաջորդել է Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը: Եվ եթե դրան չի հաջորդել Ալիևին Փեզեշքիանի զանգը, ուրեմն Թեհրանում դա ոչ նպատակահարմար են գտել:

Ադրբեջանի իշխանությունների հետ աֆիլացված քաղաքագետի գրառման տոնայնությունից հասկացվում է, որ Անվտանգության խորհրդի նիստի ելույթում Իլհամ Ալիևը կարմիր գիծ է հատել՝ փորձելով ստորացնել ոչ թե իրանցի պաշտոնյաներին, այլ՝ Իրան պետությանը:

Ճիշտ է, մի քանի, այդ թվում և՝ եվրոպական, երկրներ դատապարտել են Նախիջևանի ուղղությամբ իրանական «հարձակումը», բայց իրավիճակի հետագա սրացման դեպքում ԻՀՊԿ և Իրանի բանակի դեմ նրանց ոչ մի զինվոր չի կանգնելու:

Ալիևը, կարծես, Իրանի հետ ճգնաժամից «պատվավոր նահանջի ելք է փնտրում»: Փեզեշքիանը կընդառաջի՞ նրան: Ավելի ճիշտ, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և ԻՀՊԿ հրամանատարությունը նրան Ալիևի հետ բանակցությունների մանդատ կտա՞ն: