09/03/2026

EU – Armenia

Շեքսպիրի Համլետը՝ Գր․ Խաչատրյանի բեմադրմամբ ու Լիդիա Գրիգորյանի խաղով․ Լուսանկարներ

Երեկ երեկոյան Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմը լուռ ու մթնշաղային լույսի մեջ էր, կարծես սպասելով այն հարցին, որ դարեր շարունակ հնչում է մարդկության ներսում՝ «լինե՞լ, թե՞ չլինել»։

Այդ երեկո հերթական անգամ բեմ էր բարձրացել Համլետը՝ Ուիլյամ Շեքսպիրի ամենախոր ու ամենաանհանգիստ ողբերգությունը, բայց նոր շնչով ու նոր դիտանկյունից՝ թատրոնի տնօրեն և բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի մեկնաբանությամբ։

Առաջին իսկ պահերից զգացվում էր, որ սա պարզապես հերթական ներկայացում չէ, այլ փորձ՝ վերաիմաստավորելու մարդկային կասկածը, մեղքը, իշխանության գայթակղությունն ու միայնության ցավը։ Բեմում մթնոլորտը խտացել էր՝ լույսերի ու ստվերների միջով, ձայների ու լռության հակադրությամբ, և հենց այդ լարված տարածության մեջ հայտնվում էր մի անսպասելի Համլետ։

Դանիայի արքայազնի դերում՝ դերասանուհի Լիդիա Գրիգորյանն է։ Այս ընտրությունը միանգամից փոխում է ընկալման առանցքը․ Համլետը այլևս միայն վրեժի գաղափարով այրվող տղամարդ հերոս չէ, այլ հոգեբանական գուցե ավելի նուրբ, ավելի խոցելի ու ներքին պայքարով լի կերպար։ Համենայն դեպս, այդպիսին էր ակնկալիքներն ի սկզբանե։

Լիդիա Գրիգորյանի խաղում արքայազնի տագնապը կարծես ստանում է նոր երանգներ՝ ցավի, խոցելիության և մտքի խելագար արագությամբ ընթացող կասկածների տեսքով։

Ներկայացման մթնոլորտը առաջին իսկ րոպեներից ստեղծում էր մի խտացած, անհանգիստ տարածություն, որտեղ լույսն ու ստվերը կարծես հավասար իրավունքով էին ապրում բեմում։ Համլետի աշխարհը այստեղ ներկայացված էր ոչ թե որպես դասական արքունիք, այլ որպես ներսից խարխլված, լուռ վտանգներով լի տարածք։

Բեմի մինիմալիստական լուծումները, մուգ գույների գերակշռությունը և սուր, երբեմն գրեթե սառը լուսավորությունը ստեղծում էին մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր բառ ավելի ծանր էր հնչում։

No photo description available.

Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը կարծես փորձել է բեմի վրա ստեղծել ոչ թե պատմական Դանիա, այլ մարդու հոգու ներսը՝ կասկածներով, վախերով ու չասված մտքերով լի։ Այդ պատճառով ներկայացման ընթացքում լռությունները նույնքան խոսուն էին, որքան երկխոսությունները։ Երբեմն թվում էր՝ դերասանները խոսում են ոչ միայն միմյանց հետ, այլ հենց հանդիսատեսի ներսում թաքնված հարցերի հետ։

Այս խտացած մթնոլորտի կենտրոնում հայտնվում էր Համլետը՝ դերասանուհի Լիդիա Գրիգորյանի մարմնավորմամբ, և բեմի լարված օդը կարծես ավելի էր խտանում նրա յուրաքանչյուր մենախոսության ժամանակ։ Նրա խոսքի մեջ կար ոչ միայն վրեժի վճռականություն, այլև մի անհանգիստ մտածողություն, որը մշտապես պայքարում էր ինքն իր հետ։

Այս բեմադրության ամենահետաքրքիր ու ամենաանսպասելի շեշտադրումներից մեկը հենց Համլետի կերպարի մեկնաբանությունն էր դերասանուհի Լիդիա Գրիգորյանի կողմից։ Համլետի կերպարը սովորաբար ներկայացվում է ներքին պայթյուններով լի արքայազնի կերպարով, սակայն Լիդիա Գրիգորյանի խաղում այդ ներքին պայքարը ստանում է այլ՝ ավելի նուրբ և հոգեբանական երանգներ։

Նրա Համլետը առաջին հերթին մտածող մարդ է։ Շարժումները զուսպ են, երբեմն նույնիսկ կտրուկ կասեցված, կարծես յուրաքանչյուր քայլից առաջ մի ամբողջ մտքի ընթացք է անցնում։ Դերասանուհին կերպարը կառուցում էր ոչ թե արտաքին դրամատիզմով, այլ ներքին լարվածությամբ։ Երբ նա արտասանում էր «լինե՞լ, թե՞ չլինել» հայտնի մենախոսությունը, այն չէր հնչում որպես թատերական բարձրագոչ հայտարարություն․ ավելի շուտ դա ինքն իր հետ տարվող լուռ ու ցավոտ խոսակցություն էր, որը լսելի էր դառնում ամբողջ դահլիճի համար։

Լիդիա Գրիգորյանի խաղում հատկապես զգացվում էր կերպարի խոցելիությունը։ Նրա Համլետը ոչ այնքան վրեժխնդիր հերոս էր, որքան մարդ, որը ծանրաբեռնված է ճշմարտության գիտակցմամբ։ Այդ պատճառով կերպարի մեջ միաժամանակ ապրում էին և՛ վճռականությունը, և՛ անվերջ կասկածը։ Երբեմն թվում էր՝ Համլետը պայքարում է ոչ միայն հոր սպանության համար, այլ հենց աշխարհի անարդար կառուցվածքի դեմ։

Հենց այս երկակիությունն էր, որ կերպարը դարձնում էր կենդանի ու ժամանակակից։ Լիդիա Գրիգորյանի մարմնավորած Համլետը կարծես դուրս է գալիս դասական ողբերգության սահմաններից և վերածվում մեր ժամանակի մարդու՝ մտահոգ, մտածող, երբեմն նաև մենակ իր հարցերի հետ։

Ներկայացումից հետո մեզ հետ մասնավոր զրույցում բեմադրիչ և թատրոնի տնօրեն Գրիգոր Խաչատրյանը հետաքրքիր ձևով անդրադարձավ այն հարցին, որն ամենաշատն է հնչում ներկայացման շուրջ՝ ինչո՞ւ Համլետի դերում կին դերասան։

Խաչատրյանի պատասխանը միաժամանակ և՛ պատմական, և՛ անձնական էր։ Նա հիշեցրեց, որ Ուիլյամ Շեքսպիրի ժամանակներում բեմում բոլոր դերակատարները տղամարդիկ էին․ կանանց դերերն անգամ խաղում էին տղամարդիկ։ Այսինքն՝ դերասանի և կերպարի սեռային սահմանը թատրոնի պատմության մեջ երբեք էլ վերջնական ու անխախտ չի եղել․ «Մինչև Շեքսպիրը իր Համլետը գրելը, նման բազմաթիվ պատմություններ ու ներկայացումներ են եղել․ նա պարզապես գրել է իր տարբերակը»,- ասում է բեմադրիչը՝ կարծես հիշեցնելով, որ դասական տեքստը միշտ էլ բաց է նոր ընթերցումների համար։

Սակայն նրա համար որոշիչը ոչ թե այս գաղափարական խաղն է, այլ կոնկրետ դերասանը։ Գր․ Խաչատրյանի խոսքերով՝ իրեն ամենից առաջ հետաքրքրել է հենց դերակատարի անհատականությունը․ «Ինձ համար կարևոր էր Լիդիա Գրիգորյանը՝ իր էներգիայով ու կեցվածքով։ Համլետը ինձ համար անանձնական կերպար է, իսկ Լիդիան զուրկ է դերասանական էգոիզմից։ Ես նրա մեջ տեսա իմ Համլետին ․․․»։

Այս խոսքերն ինչ-որ չափով բացում են նաև բեմադրության գաղտնիքը․ այստեղ Համլետը ոչ թե տղամարդու կամ կնոջ պատմություն է, այլ մի մտածող, կասկածող մարդու ողբերգություն, որը կարող է մարմնավորվել այն դերասանի մեջ, ով ունի այդ ներքին լարվածությունն ու մտավոր խտությունը։ Իսկ այդ դերասանը այս դեպքում դարձել է Լիդիա Գրիգորյանը։

Ներկայացման երկրորդ գործողությունն սկսվում է Համլետի ամենահայտնի թատերական հնարքներից մեկով՝ Համլետի կազմակերպած բեմադրությամբ։ Բնօրինակում այստեղ ներկայացվում է «Գոնզագոյի սպանությունը» պիեսը, որի միջոցով արքայազնը փորձում է բացահայտել ճշմարտությունը և բռնել հոր սպանողին իր խղճի տագնապի մեջ։

Սակայն բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանը այս հատվածում ընտրել է անսպասելի և համարձակ փոխարինում․ «Գոնզագոյի սպանության» փոխարեն բեմ է բարձրանում Յուկիո Միսիմաի «Հայրենասիրություն» ստեղծագործության մոտիվներով տեսարան։ Ճապոնական այս խիստ, ողբերգական պատմվածքը՝ իր ծայրահեղ հավատարմության, պատվի և մահվան թեմաներով, նոր իմաստային շերտ է բերում ներկայացմանը։

Այս ընտրությամբ Համլետի կազմակերպած բեմադրությունը դառնում է ոչ միայն բացահայտման միջոց, այլև յուրօրինակ դատաստան, իր արժեհամակարգի ցուցադրություն։ Բեմում տեղի ունեցող գործողությունը վերածվում է հայելու, որի առաջ հանդիսատես են դառնում բոլորը՝ Գերտրուդ թագուհին, որ մարմնավորում է Լուիզա Ղամբարյանը, Օֆելիան, որ մարմնավորում է Դիանա Մալենկոն և արքունիքի մյուս կերպարները։ Նրանք կարծես ստիպված են դիտել ոչ միայն ներկայացվող պատմությունը, այլ նաև սեփական մեղքերի ու դավաճանությունների արձագանքը։

Այդ պահին բեմի վրա ստեղծվում է ծանր, գրեթե անհարմար լռություն։ Համլետը, որն արդեն գիտի ճշմարտության մասին, կարծես դիտման պարտադրանքի մեջ է դնում շրջապատին․ նույնիսկ այն մորը, որը դեռ երեկ հոր դագաղի հետևից էր քայլում, իսկ այսօր արդեն նետվել է հորեղբոր անկողին։ Եվ հենց այդ լուռ բախումն է, որ երկրորդ գործողությանը տալիս է առանձնահատուկ լարվածություն ու դրամատիկ ուժ։

Հետաքրքիր մանրամասներից մեկն էլ այն է, որ այս տեսարանի երաժշտական շերտը նույնպես հատուկ է ստեղծվել ներկայացման համար։ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հատուկ այս բեմադրության համար ձեռք է բերել ճապոնական լարային գործիք՝ Կոտո։

Եվ հենց այն հնչում է երկրորդ գործողության սկզբում, երբ Համլետի կազմակերպած բեմադրության մեջ ներկայացվում է Յուկիո Միսիմաի «Հայրենասիրություն»-ը։ Կոտոյի մաքուր, երբեմն գրեթե սառը հնչողությունը ստեղծում է ճապոնական ողբերգական լռության մի մթնոլորտ, որը անսպասելիորեն ներդաշնակվում է Ուիլյամ Շեքսպիրի Համլետի դրամատիզմին։

Գործիքը ներկայացման ընթացքում նվագում է հայ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը։ Նրա կատարումը ոչ միայն երաժշտական ուղեկցություն է, այլև բեմական գործողության մի մասնիկ․ Կոտոյի ձայնը կարծես դառնում է ներքին լարվածության արձագանք՝ լրացնելով բեմի վրա տեղի ունեցող հոգեբանական բախումները։ Այդ նուրբ, երբեմն սուր ու կտրուկ հնչող մեղեդիները ներկայացման այս հատվածին հաղորդում են առանձնահատուկ էկզոտիկություն և միաժամանակ՝ ողբերգական խորություն։

Գրիգոր Խաչատրյանի բեմադրությամբ Համլետը այն ներկայացումներից է, որը դժվար է մեկ դիտմամբ ամբողջությամբ բացել։ Այն կարծես կառուցված է շերտ առ շերտ՝ տեսարան առ տեսարան, և պահանջում է նույնպիսի ուշադիր ընթերցում, ինչպես Շեքսպիրի այս ու ընդհանրապես յուրաքանչյուր ստեղծագործություն։

Ներկայացման ամբողջական ընկալման համար առանձնահատուկ ուշադրության արժանի են բեմի ձևավորումն ու բեմանկարչական միջավայրը, որոնք ստեղծում են ներկայացման հոգեբանական տարածությունը։ Նույնքան կարևոր են նաև մյուս դերակատարների խաղը, ռեժիսորական լուծումների բազմաշերտությունն ու բեմական գործողության կառուցվածքը։ Իսկ երաժշտական ձևավորումը՝ սկսած ճապոնական Կոտո գործիքի յուրահատուկ հնչողությունից մինչև ընդհանուր ձայնային միջավայրը, ներկայացման մեջ ստեղծում է առանձին դրամատիկական շերտ։

Այս ամենը միասին ձևավորում է այնպիսի թատերական ամբողջություն, որը ոչ միայն պատմում է հայտնի ողբերգությունը, այլև առաջարկում է նոր դիտանկյուններ՝ ստիպելով հանդիսատեսին վերադառնալ, վերանայել և նորից մտածել այս հավերժական պատմության մասին։

Չնայած բեմադրությունը կառուցված է նոր շեշտադրումներով ու ռեժիսորական ազատ մեկնաբանություններով, այնուամենայնիվ ներկայացման ընթացքում հնչող որոշ մտքեր ու բառակապակցություններ, որոնք գալիս են Շեքսպիրի Համլետից, անպայման մնում են հանդիսատեսի հետ նաև դահլիճից դուրս գալուց հետո։

Դրանք այն խոսքերն են, որոնք դարերի հեռավորությունից էլ շարունակում են ուղղակիորեն դիպչել մարդու մտածողությանը։ Այդպիսի մտքերից էր, օրինակ՝ Համլետի հայտնի դիտարկումը․ «Մարդը, եթե ապրում է միայն ուտելու և քնելու համար, նման է անասունի»։

Նման խոսքերը ներկայացման մեջ հնչում են ոչ թե պարզապես որպես դասական տեքստի հիշեցում, այլ որպես մտքեր, որոնք բեմից տեղափոխվում են հանդիսատեսի ներս։ Եվ թերևս հենց սա է Գրիգոր Խաչատրյանի բեմադրության հետաքրքիր հատկանիշներից մեկը նաև․ այն ստիպում է ոչ միայն հետևել գործողությանը, այլև տուն տանել որոշ մտքեր, որոնք դեռ երկար ժամանակ շարունակում են արձագանքել։

Այնուամենայնիվ, Գրիգոր Խաչատրյանի բեմադրության մեջ կարծես որոշ չափով երկրորդ պլան է մղվում այն առանցքային թեման, որն առկա է Շեքսպիրի Համլետում՝ իշխանատենչության ողբերգական շարժիչ ուժը։ Թագուհի Գերտրուդի և Համլետի հորեղբոր՝ Կլավդիոսի միջև իշխանության ձգտման այն մութ ու կործանարար շերտը, որը դասական մեկնաբանություններում հաճախ դառնում է ողբերգության հիմնական առանցքներից մեկը, այստեղ կարծես որոշ չափով զիջում է տեղը այլ հոգեբանական շեշտադրումներին։

Մինչդեռ իշխանության համար մղվող պայքարի թեման Շեքսպիրի ստեղծագործության մեջ ոչ միայն դրամատիկական շարժիչ է, այլև հավերժական զգուշացում։ Այն արդիական է եղել բոլոր ժամանակներում՝ թե՛ թագավորություններում, թե՛ կայսրություններում, և, իհարկե, չի կորցրել իր ուժը նաև այսօր՝ արդեն հանրապետությունների աշխարհում։ Գուցե հենց այդ պատճառով էլ այս թեմայի ավելի ընդգծված ներկայությունը կարող էր բեմադրությանը հաղորդել ևս մեկ սուր ու ժամանակակից շերտ, որն անխուսափելիորեն կապվում է մեր օրերի իրականության հետ։

Ընդհանուր առմամբ, Գրիգոր Խաչատրյանի բեմադրած Համլետը Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում այն ներկայացումներից է, որոնք պարզապես դիտելու համար չեն ստեղծված։ Սա այնպիսի բեմադրություն է, որը պահանջում է մտորում, վերադառնալու ցանկություն և տեսարան առ տեսարան բացահայտելու պատրաստակամություն։

Բեմադրության մեջ համադրված են հետաքրքիր ռեժիսորական լուծումներ, մտածված բեմանկարչական միջավայր, դերասանական համոզիչ խաղ և յուրահատուկ երաժշտական շերտ։ Իսկ Համլետի կերպարի մարմնավորումը դերասանուհի Լիդիա Գրիգորյանի կողմից ներկայացմանը տալիս է նոր, թարմ դիտանկյուն՝ շեշտադրելով կերպարի ներքին պայքարը, մտածողությունը և հոգեբանական նրբությունները։

Այս ամենի արդյունքում ստեղծվում է մի ամբողջական թատերական աշխարհ, որտեղ դասական տեքստը չի կորցնում իր ուժը, բայց միաժամանակ ձեռք է բերում ժամանակակից հնչողություն։ Ուիլյամ Շեքսպիրի հավերժական ողբերգությունը այստեղ վերածվում է ոչ միայն պատմության՝ Դանիայի արքունիքի մասին, այլ նաև մարդու ներաշխարհի, կասկածների, խղճի և ճշմարտության որոնման մասին պատմության։

Եվ թերևս հենց սա է ներկայացման ամենամեծ արժեքը․ հանդիսատեսը դուրս է գալիս դահլիճից ոչ միայն տեսած ներկայացման տպավորությամբ, այլ նաև մի շարք հարցերով ու մտքերով, որոնք շարունակում են ապրել նրա հետ։ Իսկ դա արդեն իսկական թատրոնի նպատակն է թերևս։

Սիմոն Սարգսյան