10/03/2026

EU – Armenia

Իրանական պատերազմը կբերի սննդամթերքի թանկացման

Մերձավոր Արեւելքում իրավիճակի ներկայիս էսկալացիան կարող է բերել ոչ միայն էներգակիրների, այլ նաեւ՝ սննդամթերքի թանկացումների,- գրում է Corriere della Sera պարբերականը։

Գնաճի պատճառ կարող է լինել պարարտանյութերի դեֆիցիտը, քանի որ դրանց 15 տոկոսը համաշխարհային շուկա մուտք էր գործում այդ ռեգիոնից։ Համաձայն հոդվածի, Պարսից ծոցի ավազանի երկրները պարարտանյութերի արտադրության ծավալով աշխարհում գրավում են երկրորդ տեղը (14,4 տոկոս)՝ համաշխարհային ընդհանուր ծավալում, զիջելով միայն Ռուսաստանին, որի մասնաբաժինը կազմում է 22,4 տոկոս։

Ընդ որում, Ծոցի ավազանի երկրներում արտադրված պարարտանյութերի մեծ մասի փոխադրումն իրականացվում էր Հորմուզի նեղուցով, որտեղ նավագնացությունը ներկայում փաստացի դադարեցված է։ Այդ ռեգիոնում արտադրված պարարտանյութերի հիմնական գնորդներն են՝ Հնդկաստանը, Միացյալ Նահանգները, Բրազիլիան եւ Ավստրալիան։

Պարբերականը նաեւ հայտնում է, որ պարարտանյութերի մի շարք տեսակներ արդեն 26 տոկոսով թանկացել են։ Ու սա՝ այն դեպքում, երբ ռեգիոնում պատերազմը դեռ մի շաբաթ է, ինչ ընթանում է։ Ազոտական պարարտանյութերն արդեն, անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ, թանկացել են 64 տոկոսով։

Եթե պարարտանյութերի թանկացումը համադրենք էներգակիրների թանկացման հետ, ապա կասկածից վեր է, նշվում է հրապարակման մեջ, որ կթանկանան նաեւ պարենային ապրանքները, ինչն ավելի կսրի պարենային ապահովվածության վիճակը հատկապես չքավոր երկրների համար։