17/04/2026

EU – Armenia

Հայաստանի կողմից «իրավական քայլերի անհրաժեշտություն կա, ինչ է կատարվում Նախիջևանում

Վերջին մի քանի օրերին հայրենական լրատվամիջոցները և սոցիալական մեդիան քննարկում են Նախիջևանի ինքնավար հանրապետության նախաբանից Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակության զեղչումը:

Այդ օրինագիծն Ադրբեջանի Միլլի մեջլիսում մի ք անի ամսվա ընթացքում երեք ընթերցում է անցել, վավարեցվել Իլհամ Ալիևի հրամանագրով և մտել ուժի մեջ: Դա միանգամայն սպասելի և Ադրբեջանի սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքների հիման վրա կայացված իրավական ակտ է:

Բանն այն է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը ԽՍՀՄ կազմից անկախություն է հռչակել դեռևս 1990թ. հունվարի 19-ին: Նախիջևանն, ըստ այդմ անկախացել է ոչ թե Ադրբեջանից, որի կազմում գտնվում է և գտնվում էր, այլ՝ ԽՍՀՄ-ից, որի սահմանադրության իրավական ուժով մտցվել է Ադր.ԽՍՀ հովանու ներքո:

Որքան էլ արտառոց չհնչի, Նախիջևանի Գերագույն մաջլիսի այդ որոշումը, որ ընդունվել է ինքնավարության առաջնորդ Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ, Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից պարզապես ընդունվել է ի գիտություն:

Այն չեղյալ հայտարարելու կամ գոնե վիճելի ճանաչելու իրավական ընթացակարգ Բաքվում չի սկսվել, և նույն տարվա նոյեմբերին Նախիջևանի ինքնավարության անվանումից «խորհրդային, սոցիալիստական» բնորոշումները զեղչվել են: Այդ պահից այն կոչվել է Նախիջևանի ինքնավար հանրապետություն, իսկ «Նախիջևան» անվանումը փոխարինվել է «Նախչըվանով»:

Մոտ մեկ տարի հետո, 1991թ. հոկտեմբերի18 –ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունել է «Պետական անկախության վերականգման մասին» սահմանադրական ակտ, ըստ որի Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումը գնահատված է «օկուպացիա և անեքսիա», իսկ ԽՍՀՄ կազմում Ադրբեջանի գոյությունը՝ «գաղութացում»:

Այս ակտը կազմում է 1995թ. Ադրբեջանի ընդունած սահմանադրության հիմքը, որը երկիրը ճանաչում է «ունիտար պետություն, որի կազմում գտնվում է Նախիջևանի ինքնավար հանրապետությունը»:

Այս իրավական քայլերն, ինչպես ցույց է տալիս ժամանակագրությունը, Ադրբեջանում սկսել են կատարել 1990 թ. հունվարի 19 –ից: Բաքուն վերջնական որոշումը հետաձգել է՝ խուսափելով ԼՂ գործընթացի «հնարավոր բարդություններից»:

Ներկայումս նման խոչընդոտ չկա: Արտառոց է, որ Նախիջևանի «ադրբեջանապատկանության իրավական գործընթացի» երեսունվեց տարիներին այդ հարցը ոչ Ադրբեջանի հետ է քննարկվել, ոչ Թուրքիայի և Ռուսաստանի:

Իսկ այսօր որոշ փորձագետներ այդ հարցում Հայաստանի կողմից «իրավական քայլերի անհրաժեշտություն են տեսնում»: Ո՞ր ուղղությամբ, առայժմ չի բացահայտվում: