18/04/2026

EU – Armenia

ՔՊ-ին կամաց-կամաց պետք է բերենք ռեալ դաշտ. Կարեն Կարապետյան

Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իր քաղաքական գործունեության ընթացքում փորձել է պահպանել բարեկիրթ հարաբերություններ բոլորի հետ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հետ։

Լրագրողների հարցին, թե արդյոք պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների գնալ, Կարապետյանը կարճ պատասխանեց՝ ոչ։

Մեկնաբանելով, թե այդ դեպքում ինչպես է հնարավոր պահպանել հարաբերությունները, նախկին պատգամավորը նշեց, որ դրանք պահպանվում են մարդկային, քաղաքակիրթ ձևով։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ կողմերը միմյանց չվիրավորեն և չանցնեն անձնական վիրավորանքների։

Կարեն Կարապետյանը նաև ընդգծեց, որ իրենց գաղափարախոսության հիմքում միասնության գաղափարն է։ Նա հիշեցրեց, որ նույն մոտեցումը արտահայտվել է նաև Նարեկ Կարապետյանի և Սամվել Կարապետյանի խոսքում։

Նրա համոզմամբ՝ հասարակության ներսում խորացող բաժանումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, և անհրաժեշտ է ձգտել համախմբման՝ տարբեր քաղաքական ուժերին աստիճանաբար բերելով իրական քաղաքական դաշտ։ Կարապետյանը հավելեց, որ բոլորը մեկ ժողովուրդ են, և փոխադարձ թշնամանքը չի կարող լուծում լինել երկրի խնդիրների համար։

«Մենք պետք է միավորվենք, մենք ոչ թե պետք է ատենք ՔՊ-ին, այլ իրենք կամաց-կամաց պետք է բերենք ռեալ դաշտ»,- ասել է նա:

Հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ, որտեղ սկսվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի փոփոխության վերաբերյալ դատական նիստը։

«Ցանկացած որոշում մեր ընտանիքի համար ընկալելի որոշում կլինի, մեկ է դա մեր վարքագիծը չի փոխելու»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը:

«Բերդում կլինենք, հացի հերթում՝ մեկ ա պայքարելու ենք։ Ինձ կբեռնեն, տղայիս կբռնեն, մեկ է պայքարելու ենք, այն եզրն է, որ բոլոր կարմիր գծերն իրենք անցել են։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ»,- ասել է նա: