Արցախ Միությունը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցով:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պաշտոնապես մեկնարկած «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» (Erasing the Past: The Destruction of Cultural Heritage) խորհրդարանական հետաքննության շրջանակներում Արցախ Միությունը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգության։
Փետրվարի 23-ին կայացած անդրանիկ նիստին որպես հիմնական բանախոս ելույթ է ունեցել Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը։ Իր ելույթում նա բրիտանացի խորհրդարանականներին և միջազգային իրավական փորձագետներին է ներկայացրել համակողմանի փաստեր Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, Արցախի ժողովրդի բռնի տեղահանման ու ներկա վիճակի և հայ գերիների իրավունքների խախտման վերաբերյալ:
Արտակ Բեգլարյանն ընդգծել է միջազգային մշտադիտարկման ու կանխարգելիչ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որոնք կնպաստեն ադրբեջանական բռնազավթման ներքո գտնվող՝ Արցախի ժողովրդի ժառանգության ու սեփականության պաշտպանությանը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամաններին համապատասխան: Նա հատուկ անդրադարձ է ունեցել նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությանն ու միջազգային աջակցությանը՝ կարևորելով դրա նշանակությունը արդար, արժանապատիվ ու կայուն խաղաղության ապահովման համար:
Բացի Ա. Բեգլարյանի բանավոր վկայությունից, Արցախ Միությունը հաջորդիվ նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանին և Փաստաբանների միջազգային ասոցիացիային է ներկայացվել Արցախ Միության և «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի համահեղինակությամբ պատրաստված համապարփակ զեկույցը՝ «Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը և յուրացումը (2020-2026թթ.)» խորագրով:
Զեկույցը փաստագրում է հայկական եկեղեցիների, գերեզմանատների, հուշարձանների և թանգարանային հավաքածուների միտումնավոր ոչնչացումն ու յուրացումը՝ ներկայացնելով անհերքելի ապացույցներ առ այն, որ Ադրբեջանի գործողությունները կրում են ցեղասպանական բնույթ և նպատակ ունեն վերացնելու Արցախում հայկական հետքը և կանխելու բնիկ ժողովրդի վերադարձն իր հայրենիք։
Հետաքննությունն իրականացվում է Փաստաբանների միջազգային ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտի (IBAHRI) աջակցությամբ և Մեծ Բրիտանիայի բազմակուսակցական խորհրդարանական խմբի կողմից՝ պատգամավոր Բրենդան Օ’Հարայի նախագահությամբ։ Այն բաղկացած է լինելու հինգ փուլից, որոնց արդյունքում հրապարակվելու է վերջնական զեկույց՝ ուղղված Մեծ Բրիտանիայի կառավարությանն ու միջազգային դերակատարներին:
Արցախ Միության և Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալության համահեղինակությամբ պատրաստված վերոնշյալ զեկույցի ամբողջական տարբերակի հղումը կարող եք գտնել մեկնաբանություններում։


Բաց մի թողեք
Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ էի ապրում
Արմեն Գրիգորյանը առաջիկայում կզբաղվի գրքով և մի քիչ էլ կհանգստանա
Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Լուսանկար