17/04/2026

EU – Armenia

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումը «Թուրքիայի պատերազմը» չէ

Իսրայելական բանակը Լիբանանի հարավում ցամաքային ռազմագործողություն է սկսել, որ կլինի «սահմանափակ եւ նպատակային»: Այդ մասին հայտարարությունը տարածվել ՑԱՀԱԼ-ի, այլ ոչ թե կառավարության անունից:

Իսրայելցի փորձագետները կարծիք են հայտնել, որ այդ գործողությունները մի նպատակ ունեն՝ ապահովել երկրի հյուսիսային շրջանների բնակչության անվտանգությունը: Վերջին օրերին Իսրայելը Լիբանանի տարածքից ենթարկվել է հրթիռային հարձակումների, որ իրականացրել է «Հըզբալա»-ն:

Լիբանանի իշխանությունները չեն պատրաստվում երկրի տարածք մտած իսրայելական ուժերին որևէ դիմադրություն ցույց տալ:

Լիբանանի նախագահ Աունը հայտարարել է, որ Բեյրութը պատաստ է աջակցել «Հըզբալա»-ի զինաթափմանը, ճանաչել Իսրայելի պետությունը և նրա հետ խաղաղության պայմանագիր ստորագրել:

Վերջին շաբաթվա ընթացքում Լիբանանի մայրաքաղաքը և տասնյակ բնակավայրեր ենթարկվել են իսրայելական օդուժի հարձակումներին: ՑԱՀԱԼ-ը հայտնել է «Հըբալա»-ի տասնյակ ռազմական գործիչների «թիրախային ոչնչացման» մասին:

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դինակիկ փոփոխությունների ֆոնին Թուրքիան շարունակում է գոնե առերևույթ հանդես գալ մարտական գործողությունները դադարեցնելու և առկա խնդիրները դիվանագիտական միջոցներով կարգավորելու դիրքերից:

Մարտի 15-ին տեղի է ունեցել Թուրքիայի և Բանգլադեշի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Բանակցությունների ավարտին Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը մամուլի համար ընդարձակ հայտարարություն է արել:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երկու էական ընդգծում է արել: Ըստ նրան, տարածաշրջանում լարվածությունը պայմանավորված է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի «նվաճողական քաղաքականությամբ», բայց Թուրքիան «թույլ չի տա, որ իրեն ներքաշեն սադրանքի մեջ»:

Հասկացվում է, որ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումը «Թուրքիայի պատերազմը» չէ, և Անկարան այս կոնկրետ փուլում ձգտում է չներքաշվել որևէ ռազմական բախման մեջ:

Ֆիդանը պարզաբանել է, որ Թուրքիան ռազմական բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի առանց արտաքին աջակցության ապահովի սեփական սահմանների անվտանգությունը, բայց իշխանությունները «իմաստնություն ունեն և որոշում են, թե երբ և որտեղ կարելի է օգտագործել դրանք»:

Դիտարժան է, որ Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարաան միանշանակ աջակցություն է հայտնել Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակմանը: Ամենայն հավանականությամբ, այդ քայլն արվել է, որպեսզի երրկրի հարավային շրջանները զերծ պահվեն իսրայելական հնարավոր ներխուժումից:

Անկարան, կարծես, ակնարկում է, որ Սիրիայում Իսրայելի որևէ նշանակալի քայլ այն կարմիր գիծն է, որ չի կարելի հատել: