24/03/2026

EU – Armenia

Առայժմ պարզ չէ, թե արդյոք Իրանն ընդհանրապես կարձագանքի՞ ամերիկյան առաջարկին, թե՝ ոչ․ Իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Դատելով տարբեր աղբյուրների տեղեկատվության համադրումից, կարելի է ենթադրել, որ իրականում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել։

Ամենայն հավանականությամբ, որևէ միջնորդի միջոցով, որը կարծես Պակիստանն է (կամ Պակիստանը, Եգիպտոսն ու Թուրքիան միասին) իրանական կողմին փոխանցվել են ամերիկյան առաջարկներ պատերազմի դադարեցման և բանակցություններ սկսելու վերաբերյալ։

Թվում է, թե Իսրայելում տեղյակ չեն եղել այդ մասին, քանի որ իսրայելական ԶԼՄ-ներում կան որոշակիորեն անակնկալի գալու կամ հիասթափության շեշտադրումներ։

Իրանում կարծում են, որ որևէ վստահություն բանակցությունների վերաբերյալ չի կարող լինել՝ հաշվի առնելով նախորդ բացասական փորձը, և առայժմ պարզ չէ, թե արդյոք Իրանն ընդհանրապես կարձագանքի՞ ամերիկյան առաջարկին, թե՝ ոչ։

Համենայն դեպս, իրանական կողմն առայժմ տարբեր մակարդակներով առաջ է մղում սեփական նախապայմանները՝ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողության իրավական ամրագրում, ռազմատուգանքի կամ Իրանին հասցված վնասների փոխհատուցում, ամերիկյան ռազմակայանների դուրս բերում Մերձավոր Արևելքից, պատժամիջոցների ամբողջական վերացում և Իրանի միջուկային ծրագիր ունենալու իրավունքի ամրագրում»։