24/03/2026

EU – Armenia

Եվ դրա մասին չի՞ վկայում արդյոք, որ հիմա պաշտոնական Երեւանը հարցը թողել է …

Օգտատիրոջ հետ քննարկումը առիթ դարձավ այս հարցին անդրադառնալ նաեւ հիմնական գրառման տեսքով:

Մեզանում ամենաշատ քարոզչական մանիպուլյացիաների ենթարկվող թեման ջերմուկյան մարտերին ՀԱՊԿ արձագանքի թեման է: Հնչող մտքերը այն մասին են, թե եղել է Հայաստանի դեմ ագրեսիա, հետեւաբար ագրեսիա ՀԱՊԿ դեմ, բայց չի եղել համապատասխան արձագանք: Այդ «նարատիվը» առաջ է մղել պաշտոնական Երեւանը, դրա վրա կառուցելով ՀԱՊԿ թեմայի առանցքով մի ամբողջ քարոզչական բուրգ՝ քաղաքական դիվիդենտների հաշվարկով:

Նախ ընդգծեմ, որ Հայաստանում թերեւս քիչ կգտնվեն մարդիկ, որոնք ոչ միայն այսօր, ոչ միայն երեք տարի առաջ, այլ վերջին 10-12 տարիներին իմ չափ գրած կլինեն այդ թեմայով, արձանագրելով բազմիցս, որ ՀԱՊԿ Հայաստանի համար իրական անվտանգության դաշինք չէ, մի շարք օբյեկտիվ հանգամանքների պատճառով, դեռ մի կողմ թողած սուբյեկտիվը: Հետեւաբար, այստեղ ՀԱՊԿ պաշտպանելու հարց չէ, այլ՝ հանրային միտքը մանիպուլյացիոն շահարկումներից պաշտպանելու խնդիր:

Այդպիսով, եթե Հայաստանի իշխանությունը Ջերմուկի ուղղությամբ հարձակումը դիտել է ագրեսիա ՀՀ հանդեպ, ինչու՞ չի գործել ըստ ՀՀ Սահմանադրության: Հայաստանի Սահմանադրության 119 հոդվածը սահմանում է, որ՝ «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք»:

Նկատեք, ոչ միայն զինված հարձակման, այլ նույնիսկ դրա անմիջական վտանգի դեպքում է սահմանվում ռազմական դրության հայտարարման քայլը: Երկու օր մղվել են ծանր մարտեր: Ես հիշում եմ, Ջերմուկից շատ բնակիչ օգտատերեր գրում էին նույնիսկ, որ պատերազմ է, ինչու՞ չի հայտարարվում ռազմական դրություն: Բայց, երկու օրվա ընթացքում Հայաստանի կառավարությունը չի հայտարարել ռազմական դրություն:

Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը իր պաշտոնական գործողություններով տեղի ունեցածը չի գնահատել ագրեսիա ՀՀ դեմ: Դրանք եղել են միայն խոսքեր, որոնց նպատակը եղել է հենց հետագա քարոզչական բուրգի կառուցումը:

Եթե Հայաստանի կառավարությունը չի գործել այնպես, ինչպես Հայաստանի Մայր Օրենքն է թելադրում պետության դեմ ագրեսիայի պարագայում, ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ ըստ ագրեսիայի հանգամանքի գործեր որեւէ այլ կազմակերպություն՝ բաղկացած օտար երկրներից:

Բնականաբար կառաջանա հարց՝ եթե Հայաստանը հայտարարեր ռազմական դրություն, ՀԱՊԿ կգա՞ր օգնության: Իհարկե ոչ: Բայց այստեղ ամբողջ հարցն այն է, թե ինչու՞ Հայաստանը չի հայտարարել: Չէ՞ որ ռազմական դրությունը պետք է ոչ թե ՀԱՊԿ կամ որեւէ այլ արտաքին օգնության համար, այլ պետության դեմ հարձակման, ագրեսիայի պարագայում պետական դիմադրունակությունը եւ համակարգը համարժեք ռեժիմի բերելու համար: Դրա համար է սահմանված այդ դրույթը, ոչ թե արտաքին օգնության:

Եվ հետեւաբար այստեղ է առանցքայինը՝ եթե դա ագրեսիա էր ՀՀ հանդեպ, ինչու՞ ՀՀ կառավարությունը չի գործել ՀՀ Սահմանադրության համապատասխան կարգավորումով: Թե՞ ՀՀ կառավարությունը վստահ է եղել, որ դա ՀՀ հանդեպ ագրեսիա չէ, այլ «սահմանային անհամաձայնության դրսեւորում»:

Եվ դրա մասին չի՞ վկայում արդյոք, որ հիմա պաշտոնական Երեւանը այդ հարցը թողել է սահմանազատման ու սահմանագծման թեմային, այլ կերպ ասած՝ այդ լույսի ներքո որեւէ կերպ «բացատրելու» այն ստատուս-քվոն, որ հաստատվել ու մնալու է այնտեղ:

Հակոբ Բադալյան, Վերլուծաբանի ֆեյսբուքյան էջից