26/03/2026

EU – Armenia

Դոնալդ Թրամփի «իրանական կեղծ կապիտուլյացիան»

Իսրայելական vesty ռուսալեզու կայքը, հղում անելով երկրի պետական հեռուստաընկերությանը, մարտի 25-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվեն Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները ներկայացրել են Իրանի հետ մեկամսյա հրադադար հաստատելու և այդ ընթացքում տասնհինգ կետից բաղկացած կարգավորման ծրագիրը համաձայնեցնելու առաջարկություն:

Ըստ այդմ, Միացյալ Նահանգները պետք է չեղարկի Իրանի դեմ տնտեսական բոլոր պատժամիջոցները, բացառի պատերազմի վերսկսման սպառնալիքը, ինչպես նաև օգնի, որպեսզի Իսլամական հանրապետությունը Բուշերի աէկի շրջանակներում զարգացնի քաղաքացիական միջուկային էներգիայի արտադրությունը:

Փոխարենը, ինչպես հայտնի է դարձել իսրայելական հեռուստաընկերությանը, ԱՄՆ-ը պահանջում է, որ Իրանը բաց պահի Հորմուզի նեղուցը, կրճատի հրթիռների քանակը և հեռահարությունը, դրանք օգտագործի բացառապես ինքնապաշտպանության նպատակով, ինչպես նաև ոչնչացնի միջուկային օբյեկտները, հարստացված ուրանի պաշարները հանձնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, դադարեցնի տարածաշրջանում պրոքսի կազմավորումների ֆինանսավորումը:

Դժվար է ասել, թե որքանով է իրականությանը մոտ այս տեղեկությունը, բայց ամերիկյան առաջարկություններն ընդհանուր առմամբ այն են, ինչ ներկայացվել են Ժնևյան բանակցություններում: Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին վերջերս ասել է, որ ԱՄՆ-ը հարձակման է անցել բանակցությունների այն փուլում, երբ «առաջընթացը զգալի» էր:

Երեքշաբաթյա ռազմական գործողություններից հետո, թվում է, Իրանը Միացյալ Նահանգներին կարող է ներկայացնել ավելի խիստ պահանջներ: Դատելով արտգործնախարար Արաղչիի վերջին դիտարկումներից, Թեհրանը պահանջում է, որ Վաշինգտոնը ոչ միայն փոխհատուցի հասցված նյութական վնասները, այլև ընդունի, որ Իրանի դեմ ձեռնարկել է «ոչնչով չհիմնավորված ագրեսիա»:

Ամենայն հավանականությամբ, բարդ է ոչ միայն միջուկային օբյեկտների ոչնչացման, այլև Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության հարցը:

Արտգործնախարար Արաղչին վերջերս թվարկել է այն երկրներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, որ իրենց տարածքով նավագնացության դիմաց գումարներ են գանձում: Ըստ նրա, Իրանը միակ երկիրն է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության դիմաց գումարներ չի ստանում:

Խնդիրն, ըստ երևույթին, ոչ այնքան տնտեսական, որքան որ իրավա-քաղաքական է: Իրանը ձգտում է Հորմուզի նեղուցի կարգավիճակը միջազգայնորեն ամրագրել որպես իր ինքնիշխան ենթակայության ծովային երթուղի:

Ուշագրավ է, որ իսրայելական լրատվամիջոցը Ուիթկոֆ-Քուշներ նախագիծն անվանել է «ավելի շատ Թրամփի, քան Իրանի կապիտուլյացիա»: Գործնականում, սակայն, Իրանի դեմ պատերազմը նույն ուժով և ինտենսիվությամբ շարունակվում է:

Որևէ նախանշան չկա, թե կողմերը մոտ օրերս կարող են բարձր մակարդակի հանդիպում ունենալ: Ընդ որում, իրանա-ամերիկյան բանակցությունների հարթակ տրամադրելու հարցում, ինչպես մի շարք աղբյուրներ են վկայում, մրցակցում են Թուրքիան, Պակիստանը և Կատարը: