Ոչ մի երկիր, որ հոգում է աշխարհում խաղաղության հաստատման մասին, այսուհետև չպետք է յուղ ավելացնի կրակին, որ Իսրայելը անարդարացիորեն վառել է մեր տարածաշրջանում:
Թուրքիան կշարունակի իր ամբողջ ուժով, բոլոր հնարավորություններով և իր ունեցած բոլոր միջոցներով աշխատել, որպեսզի հաստատվի խաղաղություն, արդարություն և կայունություն: Կառավարության մարտի 24-ի նիստից հետո հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացրել է «Անադոլուն»:
Թուրքիայի նախագահը փորձել է գնահատել միջազգային առկա իրավիճակը և եզրահանգել, որ աշխարհաքաղաքական հիմնական դերակատարները փորձում են գտնել հետևյալ հարցերի պատասխանը. «Ո՞վ է որոշելու տեխնոլոգիական զարգացման ուղղությունը:
Ո՞վ է կառավարելու տեղեկությունները և արհեստական բանականությունը: Ո՞վ է լինելու արտադրության, մատակարարումների և սպառման շղթայի դոմինանտը: Ո՞վ է վերահսկելու էներգետիկ ռեսուսները և առևտրային հաղորդուղիները: Բազմաբևեռության միտված աշխարհում ո՞ր երկրները կլինեն նոր առաջնորդներ»:
Ուշագրավ է, որ Էրդողանը խոսել է ներկայիս կոնյունկտուրային Թուրքիայի նախապատրաստվածության մասին: Ընդ որում, նա հատուկ ընդգծել է էներգետիկ անվտանգության ապահովումը և շեշտել, որ այն երկու բաղադրիչ ունի՝ անվտանգ ներկրումներ և սեփական ընդերքի հնարավորությունների բացահայտում և շահագործում:
Թուրքիայի նախագահն այնուհետև շեշտադրել է, որ, ինչպես հարյուր տարի առաջ, Մերձավոր Արևելքը «կրկին դարձել է աշխարհակարգի համար պայքարի թատերաբեմ»: Նա վերստին նկատել է տվել, որ «դասական դաշինքները փլուզվուն են, իսկ համանման սպառնալիքների հետ բախվող երկրների միջև ձևավորվում են նոր միություններ»:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձանագրել է, որ միջազգային քաղաքական օրակարգում, «ինչպես նախկինում երբեք՝ կարեւորվում է տարածաշրջանային համագործակցությունը»:
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման նախօրերին Էրդողանը շփումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, Կատարի և Եգիպտոսի հետ: Ավելի վաղ մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական եռյակ դաշինքի շուրջ բանակցություններ են վարում:
Առայժմ նման պայմանագիր Թուրքիան ստորագրել է Սաուդյան Արաբիայի հետ, իսկ թուրք-պակիստանյան ռազմական համագործակցությունը մի քանի տասնամյակի պատմություն ունի:
Թուրքիայի նախագահի հրապարակային խոսքից հստակ հասկացվում է, որ նա ձգտում է իր երկիրը «նոր բազմաբևեռ աշխարհի առաջնորդներից մեկը» տեսնել: Այդ նպատակին հասնելու համար Էրդողանը փաստացի տարածաշրջանի արաբական երկրներին առաջարկում է ռազմա-քաղաքական նոր դաշինք կնքել:
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը լրջորեն վտանգել է Պարսից ծոցի արաբական միապետությունների հեղինակությունը և տնտեսական հզորությունը:
Եթե պայմանականություններից վերացարկվենք, ապա կստացվի, որ Թուրքիան նրանց ներշնչում է, որ անվտանգության ամերիկյան երաշխիքները չեն գործում, պետք է կենտրոնանալ սեփական հնարավորությունները լիովին գործի դնելու և ուժի առանձին բեւեռ դառնալու նպատակի վրա:
Ըստ էության, Էրդողանը կտրուկ հակադրվում է մերձավոր արևելյան կարգավորման Թրամփի նախաձեռնությանը, որի հիմքում, ինչպես հայտնի է, պետք է դրվի արաբա-իսրայելական պատմական հաշտությունը:
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմն, այսպիսով, արաբական երկրների հետ տարածաշրջանային լայն դաշինք կնքելու և բազմաբեւեռ աշխարհում նոր առաջնորդի կարգավիճակի հասնելու Թուրքիայի հնարավորությունն է: Այդ մասին Էրդողանը խոսել է նաև նախկինում, բայց այսօր շեշտադրումներ անում է ավելի հստակ:
Ընդ որում, նա պարզ ասել է, որ թույլ չի տա Թուրքիան «ներքաշել հրե օղակի մեջ»: Էրդողանը միաժամանակ հայտարարել է, որ աշխարհի բոլոր երկրները հնարավորությունների սահմաններում ամեն ինչ պետք է անեն, որպեսզի «Նաթանյահուի մարդասպան համակարգը վերանա»:

Բաց մի թողեք
Դոնալդ Թրամփի «իրանական կեղծ կապիտուլյացիան»
Թրամփը թյուրքական աշխարհի կողքին, նրա աջակցությամբ արդյոք կհաղթի Օրբանն՝ ընդդեմ ԵՄ-ի
Ե՞րբ և ինչպե՞ս կավարտվի պատերազմը․ Իրանը մերժեց ԱՄՆ-ի բանակցությունները