26/03/2026

EU – Armenia

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է 20-ամյակը. սպասվում են նոր ծրագրեր և Լանգ Լանգի մասնակցությամբ համերգ. Լուսանկարներ

Քսան տարվա ստեղծագործական ընթացքը, բեմերից հնչած հարյուրավոր համերգներն ու նոր սերնդին դասական երաժշտությանը կապելու ձգտումը միավորվում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական տարում։

Տոնական ծրագրերի շարքում առանձնանում է ապրիլի 14-ի համերգը՝ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի մասնակցությամբ, որը խոստանում է դառնալ տարվա ամենանշանակալի երաժշտական իրադարձություններից մեկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվագախմբի 20-ամյակին նվիրված ասուլիսի ընթացքում ներկայացվեցին հոբելյանական տարվա ծրագրերը՝ անդրադառնալով ինչպես անցած ուղուն, այնպես էլ առաջիկա նախաձեռնություններին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշեց, որ Պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի լավագույն մշակութային կառույցներից: Նրա խոսքով՝ արդեն 20 տարի նվագախումբը հանդես է գալիս ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում՝ ակտիվ գործունեություն ծավալելով նաև մարզերում, ինչը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է։

«Պետությունը շարունակաբար աջակցում է նման կառույցներին՝ նպաստելով դրանց զարգացմանը. միայն անցած տարի նվագախումբը Գերմանիայում հանդես է եկել մի շարք համերգներով, որոնց մի մասը ֆինանսավորվել է պետության կողմից։ Նախատեսվում են նոր ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, այդ թվում՝ Չինաստանում և այլ տարածաշրջաններում»,-ասաց նախարարի տեղակալը։

Դանիելյանը կարևորեց նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցումն ու հանրահռչակումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ իրականացվում են պետականորեն աջակցվող ծրագրեր, այդ թվում՝ ժամանակակից կոմպոզիտորների փառատոնը։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունները նպաստում են հայկական մշակույթի միջազգային դիրքերի ամրապնդմանը և այն փաստին, որ Հայաստանը ներկայանում է որպես համաշխարհային մշակութային քարտեզի լիարժեք մաս։

Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն էլ  շնորհակալություն հայտնեց նախարարությանը՝ տարբեր նախագծերի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ դա հնարավորություն է տալիս հասնել սահմանված նպատակներին և միջազգային հարթակներում ներկայացնել հայկական կատարողական և կոմպոզիտորական արվեստը։

«20-րդ հոբելյանական համերգաշրջանը, որը մեկնարկել է սեպտեմբերից, ներառում է բազմաբնույթ ծրագրեր Երևանում, մարզերում և արտերկրում։ Վերջին տարիներին իրականացված նախագծերը զգալիորեն նպաստել են երիտասարդ հանդիսատեսի ներգրավմանը․ որոշ համերգների ընթացքում երիտասարդների մասնակցությունը հասել է մինչև 60 տոկոսի, ինչը կարևոր ձեռքբերում է»,-ասաց նա:

Բալբաբյանը  կարևորեց  նաև կրթական ծրագրերը, մասնավորապես դպրոցներում իրականացվող «Սիմֆոնիկ ԴասA» նախաձեռնությունը, որն ուղղված է երիտասարդներին դասական երաժշտությանը մոտեցնելուն։ Նա նշեց, որ մարզերում անցկացվող համերգները հաճախ ուղեկցվում են կրթական բաղադրիչով՝ առավել խոր ազդեցություն ապահովելու համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ ընդգծեց, որ նվագախմբի գլխավոր ձեռքբերումներից մեկը ակտիվ և արժեքներ ստեղծող թիմ ունենալն է։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին նվագախումբը գրանցել է տպավորիչ արդյունքներ՝ մեկ տարվա ընթացքում անցկացնելով հարյուրից ավելի համերգներ Հայաստանում և արտերկրում։

«Նվագախումբը ոչ միայն ներկայացնում է համաշխարհային դասական երաժշտություն, այլև կարևորում է հայկական նոր ստեղծագործությունների հնչեցումը՝ ցույց տալով, որ Հայաստանն ունի ժամանակակից և մրցունակ մշակութային ներուժ։ Կարող եմ ասել, որ հայկական մշակույթը վաղուց դուրս է եկել «իզոլացված» լինելու սահմաններից և ներկայանում է որպես համաշխարհային մշակույթի բաղկացուցիչ մաս»,-ասաց նա:

Սմբատյանն առանձնահատուկ կարևորեց ապրիլի 14-ին կայանալիք համերգը՝ նշելով, որ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի մասնակցությունը մեծ իրադարձություն է ոչ միայն նվագախմբի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Նա ընդգծեց, որ նման մակարդակի արտիստների ներկայությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հայաստանում ձևավորվել է բարձրակարգ գործընկերային միջավայր։

«Լանգ Լանգի հետ նախատեսում ենք կատարել Սերգեյ Ռախմանինովի դաշնամուրի 2-րդ կոնցերտը։ Ընտրությունը պատահական չէ, քանի որ այն դասական երաժշտության ամենահայտնի և ամենաշատ կատարվող գործերից է, որը սիրված է նաև հանդիսատեսի կողմից»,-ասաց նա:

Սմբատյանը նշեց, որ թեև նման մակարդակի արտիստները հաճախ նախընտրում են նոր կամ քիչ կատարվող ստեղծագործություններ, այս դեպքում կարևոր է եղել ներկայացնել այնպիսի գործ, որը թույլ կտա առավել ընդգծել համերգի հանդիսավորությունն ու հասանելիությունը լայն լսարանի համար։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն անդրադառնալով նվագախմբի ստեղծման պատմությանը, նշեց, որ այն ձևավորվել է գաղափարի և թիմային աշխատանքի արդյունքում՝ դեռ ուսանողական տարիներին։ Նրա խոսքով՝ սկզբում երիտասարդ երաժիշտների մի խումբ, միավորված երաժշտության հանդեպ սիրով, նախաձեռնել է ստեղծել ուսանողական նվագախումբ, որը հետագայում, գրանցած հաջողությունների շնորհիվ, վերաճել է պետական կառույցի։

«Նվագախմբի կայացման ճանապարհը հեշտ չի եղել, սակայն թիմի հավատը և միասնական տեսլականը հնարավորություն են տվել հաղթահարել դժվարությունները։ Դեռ առաջին ելույթներից հետո, այդ թվում՝ արտերկրում, մասնավորապես Բեռլինում ունեցած հաջողությունները, մեծ խթան են դարձել զարգացման համար»,-ասաց Սմբատյանը:

Նա նշեց, որ 2011 թվականին նվագախումբը ստացել է պետական կարգավիճակ, ինչը նոր հնարավորություններ է բացել՝ Հայաստանը ներկայացնելու որպես բարձրակարգ կատարողական արվեստ ունեցող երկիր։ Սմբատյանի փոխանցմամբ՝ իրենց հիմնական նպատակը եղել է ցույց տալ, որ Հայաստանում կան պրոֆեսիոնալ երիտասարդներ, որոնք ունակ են մրցունակ ներկայանալ միջազգային հարթակներում։

Դիրիժորի խոսքով՝ տարիների ընթացքում ձևավորվել է կայացած կոլեկտիվ, որն արդեն ոչ միայն ներկայացնում է Հայաստանը, այլև որոշ դեպքերում թելադրում է երաժշտական օրակարգ՝ համադրելով դասական և ժամանակակից մոտեցումները։ Նա հավելեց, որ այս ամբողջ ճանապարհի հիմքում եղել է հավատը, որ Հայաստանը կարող է ունենալ ուժեղ սիմֆոնիկ մշակույթ և զարգացող կատարողական արվեստ:

Նրա խոսքով՝ հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվում են նաև նոր ձևաչափերի համերգներ և միջազգային համագործակցություններ, որոնք միտված են սիմֆոնիկ արվեստի զարգացմանն ու հանրահռչակմանը։

Բանախոսները միաձայն նշեցին, որ նվագախմբի գործունեությունը շարունակելու է զարգանալ՝ պահպանելով դասական արժեքները և միաժամանակ բաց լինելով նորարարական մոտեցումների համար։ Նրանք վստահեցրին, որ 20-ամյակը նոր փուլ կդառնա նվագախմբի պատմության մեջ՝ առավել ընդլայնելով նրա միջազգային ներկայությունն ու լսարանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է 20-ամյակը. սպասվում են նոր ծրագրեր և Լանգ Լանգի մասնակցությամբ համերգ