Ապրիլի 12-ին Հունգարիայում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրություններ: Մրցապայքարի առաջատար ախոյանները երկուսն են՝ գործող վարչապետ Վիկտոր Օրբանը և ընդդիմադիր «Հարգանք և ազատություն» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը:
Վերջինս վայելում է Եվրահանձնաժողովի համակրանքը: Վիկտոր Օրբանը եվրոպական եզակի գործիչներից է, որ ողջամիտ հարաբերություններ ունի ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի նախագահի հետ:
Օրբանի և Մադյարի միջև ընտրապայքարը փաստացի Հունգարիայի ապագայի մասին է: Ընդդիմության առաջնորդը ընտրողներին խոստանում է «բաեփոխումներ, կոռուպցիայի դեմ համակարգային պայքար և առաջընթաց»:
Վիկտոր Օրբանը, սկզբունքորեն դեմ չլինելով երկրի եվրոպական ընտրությանը, հանդես է գալիս Հունգարիայի ազգային շահերի գերակայության դիրքերից:
Անցած օրերին Պետեր Մադյարը Բուդապեշտում և երկրի այլ քաղաքներում մի քանի բազմամարդ հանրահավաքներ է անցկացրել, բայց քաղաքական դիտորդները կասկածում են, թե նրան կհաջողվի քվեարկության օրը կապիտալիզացնել բոլոր ընդդիմադիր քվեները:
Ընտրություններից ընդամենը երկու օր առաջ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ դադարեցնում է Հունգարիայի տարածքով Ուկրաինայի գազի մատակարարումը:
Ավելի վաղ Ուկրաինան դադարեցրել է իր տարածքով ռուսաստանյան նավթի Հունգարիա և Սլովակիա մատակարարումը, ինչին ի պատասխան Հունգարիան արգելափակել է Ուկրաինային իննսուն միլիարդ եվրո արտոնյալ վարկ տրամադրելու մասին Եվրահանձնաժողովի որոշումը:
Մարտի 25-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է հունգար լրտեսի ձերբակալության մասին: Ըստ տեղեկությունների, վերջինս նախկինում դիվանագիտական անձեռնմխելիության ապահովությամբ լրտեսությամբ է զբաղվել նաև Վրաստանում:
Հունգարիայի գործող վարչապետ Օրբանը Հայաստանի համար, մեղմ ասած, ոչ այնքան ցանկալի անձ է: Նրա օրոք է Ադրբեջանին արտահանձնվել Ռամիլ Սաֆարովը, որից հետո հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները խզվել են:
Օրբանը Ադրբեջանին քաղաքական և այլ կարգի օժանդակություն է ցուցաբերել նաև քառասունչորսօրյա պատերազմում: Նա որպես Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ երկրի ղեկավար այցելել է օկուպացված Ստեփանակերտ: Հունգարիան նաև մասնակցում է Ադրբեջանի «վերականգնողական ծրագրերին»:
Չնայած հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների բարելավմանը, Հունգարիան շարունակում է միակողմանի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին:
Բուդապեշտը խնդիրներ է հարուցել Եվրամիության կողմից Հայաստանին քսան միլիոն եվրո տրամադրելու մասին որոշման ընդունման ճանապարհին: Օրբանը շարունակում է պնդել, որ Հունգարիան «թուրքական աշխարհի մաս» է:
Ի՞նչ ընտրություն կկատարի Հունգարիայի քաղաքացիների մեծամասնությունը, նույնիսկ եվրոպացի բազմափորձ մեկնաբաններն են դժվարանում կանխատեսել: Մեծ է հավանականությունը, որ հաղթանակը հերթական անգամ բաժին կընկնի Վիկտոր Օրբանին:
Միջազգային քաղաքականության տորբուլենտության պայմաններում, երևի, հունգարացի ընտրողը նախապատվությունը կտա թեև «անհարմար, բայց երաշխավորված կայունությանը»:
Հայաստանը պետք է պատրաստ լինի նաև հունգարական «անակնկալի» և փորձի հարաբերությունները բարձրացնել փոխշահավետ գործընկերության մակարդակի:

Բաց մի թողեք
Դոնալդ Թրամփի «իրանական կեղծ կապիտուլյացիան»
Էրդողանը կտրուկ հակադրվում է մերձավոր արևելյան կարգավորման Թրամփի նախաձեռնությանը
Ե՞րբ և ինչպե՞ս կավարտվի պատերազմը․ Իրանը մերժեց ԱՄՆ-ի բանակցությունները