Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը ապրիլյան պատերազմի տասներորդ տարելիցի առթիվ այցելել է Եռաբլուր և «պատասխանատու» լրատվամիջոցների հետ ճեպազրույց անցկացրել և փորձել հերքել, որ Ստեփանակերտում 2023թ. օգոստոս-սեպտեմբերին տեղի է ունեցել բռնի իշխանափոխություն:
Շահրամանյանը լրագրողներին հավաստիացրել է, թե անձամբ տեղյակ է, որ Արայիկ Հարությունյանը «մի քանի անգամ հրաժարականի ցանկություն է հայտնել» և նույնիսկ «առնվազն հինգ հոգու հետ քննարկել է իրեն փոխարինելու հարցը»:
Ակնհայտ փաստերը հակառակն են վկայում: Արայիկ Հարությունյանի հրաժարականի հրապարակային առաջին պահանջը ձևակերպվել է դեռևս 2020թ. նոյեմբերի 10-ին, երբ ՌԴ խաղաղապահ ուժերը դեռևս լիովին չէին տեղաբաշխվել, բնակչության մեծ մասը գտնվում էր Հայաստանում, իսկ հարյուրավոր զոհվածների մարմինները Շուշիի մատույցներում էին:
Այդ հայտարարությունը ստորագրել են Ազգային ժողովի «Դաշանակցություն», «Արդարություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները, որ առաջարկել են Արցախում կազմավորել իշխանության վերսահմանադրական մարմին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին գործած Պաշտպանության պետական կոմիտեի օրինակով:
Նույն խմբակցությունները Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով երկրորդ հայտարարությունը տարածել են Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրությունների փուլում՝ 2021թ. մայիսին:
Այս անգամ նրանք Արայիկ Հարությունյանին մեղադրել են «խոստումը չկատարելու, ազգային համախոհության կառավարություն չձևավորելու» մեջ: Ազգային ժողովի երեք խմբակցությունները Արայիկ Հարությունյանին խստորեն քննադատել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական համաձայնության համար և կոչ արել, որպեսզի նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ոչ մի աջակցություն չցուցաբերի:
Մեկ տարի հետո Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները ընդունել են հայտարարություն, որով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին զրկել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով Ադրբեջանի և միջազգային միջնորդների հետ բանակցություններ վարելու իրավունքից եւ ընդհանրացրել, որ «Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»:
Այս հայտարարությունից կարճ ժամանակ հետո Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Ստեփանակերտ: Սամվել Շահրամանյանը, նույն շրջանում զբաղեցնելով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը, ամենայն հավանականությամբ տեղյակ է իշխող մտայնությանը, որ «Արայիկ Հարությունյանը և Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի ցուցումով Արցախը վերաինտեգրում են Ադրբեջանին, Ռուբեն Վարդանյանը եկել է, որպեսզի հանձնումը կանխի»:
Հարկ է ընդգծել, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին տեղեկությունից տառացիորեն երկու ժամ առաջ Ռուբեն Վարդանյանի գլխավորած «Արցախի դիմադրության և զարգացման ճակատի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածվել է հայտարարություն, որտեղ նա մեղադրվել է Աղդամի ճանապարհով Ադրբեջանից սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ ստանալու որոշում ընդունած լինելու մեջ:
«Դա վերջին կարմիր գիծն է, որ Արցախի նախագահը խախտել» է,- ասվել է այդ հայտարարության վերջում: Ի՞նչ էր նշանակում ասվածը, եթե ոչ՝ հրաժարականի պահանջ:
Ինչ վերաբերում է Դավիթ Իշխանյանին Արայիկ Հարությունյանի «առաջարկությամբ» Ազգային ժողովի նախագահ նշանակելուն, որ պնդել է Սամվել Շահրամանյանը, ապա այս դեպքում էլ նա, մեղմ ասած, իրականությանը հավատարիմ չէ:
Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահ և Արայիկ Հարությունյանի իրավահաջորդ նշանակելու հարցը քննարկվել է դեռևս 2020թ. դեկտեմբերին, իսկ նշանակումը տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ: Այդ մասին ժամանակին վկայել են «Հայաստան» դաշինքի դաշնակցական պատգամավորները, մասնավորապես՝ Գեղամ Մանուկյանը:
Պետք է քաղաքական քաջություն ունենալ և խոստովանել, որ համաժողովրդական քվեով ընտրված Արայիկ Հարությունյանը քառասունչորսօրյա պատերազմից հետո փորձել է Բաքվի հետ երկխոսության ճանապարհով հասնել նրան, որ Արցախի բնակչությունը ստանա անվտանգության երաշխիքներ և իր հողում ազատ ապրելու իրավունք ունենա:
Այդ քաղաքականությունը մերժվել է: Հետևանքներն ակնառու են:

Բաց մի թողեք
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի
Ո՞րն է Ադրբեջանի նախագահի Անթալիայում գտնվելու նշանակությունը