17/04/2026

EU – Armenia

Թուրք – ամերիկյան հարաբերությունների որոշակի լարվածություն, ինչպե՞ս է դա անդրադառնալու «Թրամփի ուղու» վրա

Ըստ տեղեկությունների, որ պաշտոնապես դեռ չեն հաստատվել, ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մեկնարկում են իրանա-ամերիկյան միջնորդավորված բանակցություններ:

ԱՄՆ պատվիրակությունը, հավանաբար, կգլխավոր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իրանականը՝ խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը: Նախօրեին կայացել է Թուրքիայի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Էրդողանը Փեզեշքիանին հորդորել է «պահը բաց չթողնել և ձգտել հասնել համապարփակ կարգավորման»:

Կողմերի միջև, սակայն, վստահությունը այնքան ցածր է, որ Իրանը պահանջել է, որպեսզի կառավարական ինքնաթիռը ուղեկցեն Պակիստանի ռազմաօդային ուժերի կործանիչները, որպեսզի «պատվիրակությունը պատահական հրթիռի զոհ չդառնա»:

Ինչպե՞ս են կարգավորվելու տեխնիկական խնդիրները, եթե բանակցություններն իրոք մեկնարկեն, նույնպես հայտնի չէ: Որոշակի լարվածության տեղիք է տվել Պակիաստանի պաշտպանության նախարար Մուհամեդ Ասիֆի սոցցանցային գրառումը, որտեղ նա Իսրայելն անվանել է «մարդկության անեծք» և «քաղցկեղ պետություն, որ ստեղծվել է պաղեստինյան հողերի հաշվին»:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը հայտարարել է, որ Պակիստանը «չի կարող անկողմնակալ միջնորդ լինել, քանի որ նրա պաշտպանության նախարարը հրեական պետությունը ոչնչացնելու նպատակ ունի»:

Իսրայելական աղբյուրները արձանագրել են, որ իրանա-ամերիկյան բանակցությունների մեկնարկին ընդառաջ՝ Պակիստանի պաշտպանության նախարարը «հեռացրել է հակասեմիտական գրառումը»: Նրանք տպավորություն ունեն, որ դա տեղի է ունեցել Վաշինգտոնի պահանջով:

Ամերիկյան մամուլը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «համաձայնել է հրադադարի համաձայնությունը նաև Լիբանանում կիրառելու առաջարկությանը և հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Նաթանյահուին «խնդրել» է Լիբանանի հետ կրակի դադարեցման բանակցություններ սկսել»:

Որոշ փորձագետներ ենթադրում են, որ Իրանը «բանակցությունների սեղանի շուրջ կնստի արդեն նախնական ուժեղ դիրքով»:

Իրանում և նրա շուրջ իրավիճակի ֆոնին ԱՄՆ պետական դեպարտամենտը հավաստել է, որ «Թրամփի ուղի» նախագիծը «շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը»:

Վերջին շրջանում նկատվում է թուրք-ամերիկյան հարաբերությունների որոշակի լարվածություն: Ինչպե՞ս է դա անդրադառնալու «Թրամփի ուղի» նախագծի իրացմանը: Արդյոք այդ թեման իրանա-ամերիկյան հետագա բանակցություններում տեղ կունենա՞: