17/04/2026

EU – Armenia

Կամ վախենում են, կամ վախ են ներշնչում

Բարդ չէ հասկանալ այս մարդկանց գործողությունների մոտիվացիան ու վերջնանպատակը, գուշակել քայլերի հերթականությունն ու սկզբունքը: Բոլորի համար պարզ է. վերարտադրվել ամեն գնով` թիրախավորելով ու ոչնչացնելով մրցակիցներին, խաբելով ու մոլորեցնելով ընտրողին:

Հրապարակ թերթը գրել է․ Ինչպե՞ս անել դա` բացառապես վախի միջոցով: Եթե ուշադիր լինեք, կնկատեք` սրանց բոլոր գործողությունները 2 սխեմայի մեջ են տեղավորվում` կամ վախենում են, կամ վախ են ներշնչում:

Վախենում են պոտենցիալ մրցակիցներից, անկախ, անկառավարելի մարդկանցից, փողով չծախվողներից, լափամանից չկառչածներից: Տեսեք, թե ում են թիրախավորում` ընդդիմության առաջնորդներին, լրագրողներին, հոգևորականներին, կայացած, անկախ մարդկանց…

Ինչպե՞ս են թիրախավորում ու վախեցնում` քանի որ իրենք ահավոր վախենում են նստելուց, դատվելուց, հենց դա էլ կիրառում են բոլորի նկատմամբ. կալանք, դատ ու դատաստան: Նաև ամեն օր ցույց են տալիս, որ ոչ մի կարմիր գիծ ու սահման չունեն` կարող են 18-ամյա հիվանդ տղա կալանավորել, որը համարձակվել է թարս նայել իրենց «առաջնորդին», կարող են կերակրող մայր կալանավորել` մի ապուշ ձայնագրության համար, կարող են բարձրաստիճան հոգևորական կալանավորել մի թմրամոլի բանսարկության համար, կարող են սիրված դասախոս ու գիտնական կալանավորել` անցած գնացած ընտրությունների համար…ու սա արվում է մի նպատակով, որ բոլորն իմանան` ոչ ոք պաշտպանված չէ այս երկրում, իրենք էլ ոչ մի սրբություն չունեն` պետք լինի սեփական հորն ու մորն էլ բերդ կուղարկեն, եթե իրենց ճանապարհին կանգնի…

Բայց պարբերաբար գլուխ գովող Փաշինյանը, թե` «ինձնից լավ հայ ժողովրդին ոչ ոք չի ճանաչում», մի հարցում սխալվել է. մեր ժողովուրդը շատ համբերատար ու համակերպվող է և անգամ ազատության սահմանափակումների հետ կարող է համակերպվել, բայց անարդարության հետ` երբեք:

Եթե գոնե այս քրեական գործիքակազմը հավասարապես աշխատեր բոլորի նկատմամբ և մարդիկ տեսնեին, որ Փաշինյանին թարս նայած Դավիթի կողքի կամերում կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացող ՔՊ-ականն է, բարեգործություն անելու համար ձերբակալվող Գոհար Ղումաշյանի կողքին «Իմ քայլի» նախագահ Աննա Հակոբյանն է (կեղծ ամուսնալուծությունը չի նշանակում, թե ՔՊ-ի հետ փոխկապակցված հիմնադրամն իրավունք ունի շարունակել բարեգործությունը), Խաչիկ Գալստյանից բացի տնային կալանք է կրում նաև Արգիշտի Մեխակյանի շտաբի պետը, ապօրինի գույքի գործեր էլ հարուցվում են ոչ միայն Ավետ Ադոնցի ու Իշխան Սաղաթելյանի, այլ նաև ՔՊ-ի բազում պաշտոնյաների նկատմամբ, որոնք կտրուկ հարստացել են վերջին տարիներին… կասեին` օրենքը հավասարապես ու համաչափորեն խիստ է բոլորի նկատմամբ և արդարության ինչ որ չափանիշ, այնուամենայնիվ, գործում է…

Իսկ այս անարդարություններն ու անհավասարությունը մեր ժողովուրդը չի ներելու…իրենք էլ այս ամենը չեն մարսելու…