26/05/2026

EU – Armenia

Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ բերման են ենթարկվել, մեկ անձի մեղադրանք է ներկայացվել։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով:

Հակակոռուպցիոն կոմիտեն վաղ առավոտից բերման է ենթարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին, թվով 15 անձի։

Կոմիտեն հաղորդագրություն տարածեց․ «Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք» վերնագրով, որտեղ ասված է․

«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել:

Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք»։

Մեր ուշադրությունը գրավեց հետեւյալ տողը․ «հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով»։ Այսինքն, այս իշխանությունը ոչ մի բանի առաջ չի կանգնում եւ ամենաանթույլատրելի մեթոդներով ներխուժում է մարդկանց անձնական կյանք՝ գաղտնալսում ոչ միայն ուղիղ եւ բջջային հեռախոսակապի միջոցները, այլեւ ինտերնետ հավելվածները, հավանաբար՝ կապ հաստատելով վոթսապ, տելեգրամ, վայբեր կապի օպերատորների հետ։ Երբ իշխանությունն անթաքույց եւ հրապարակային ընտրակաշառք է բաժանում եւ Ընտրական օրենսգիրք խախտում, ընդդիմության հանդեպ նման մեթոդներով պայքարելը ոչ միայն անբարոյական է, այլեւ քաղաքական առումով մերժել եւ դրա գնահատականը պետք է ժողովուրդը տա՝ ոչ մի բանի առաջ կանգ չառնող իշխանություններին վռնդելով կառավարությունից։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ կուսակցության շուրջ ընթացող զարգացումները իրավական գործընթացների տրամաբանության մեջ չեն տեղավորվում և ունեն քաղաքական բնույթ։

Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ եթե խոսքը իրական իրավական գործընթացների մասին լիներ, ապա, իր խոսքով, երկակի ստանդարտներ չէին կիրառվի։ Մելոյանը պնդել է, որ իրենք արդեն տեսնում են ձևավորված օրինաչափություն, ըստ որի՝ թիրախավորված է հենց իրենց քաղաքական ուժը։

Նրա խոսքով՝ կուսակցությունը ձևավորվել է արժեքների պահպանման հիմքով, իսկ առաջնորդ Սամվել Կարապետյանը, ըստ նրա, արդեն մոտ 10 ամիս է գտնվում է ազատազրկման մեջ, ինչը նա որակեց որպես ապօրինի գործընթաց։

Միևնույն ժամանակ Մելոյանը նշել է, որ այդ զարգացումները ոչ թե թուլացրել են, այլ հակառակը՝ նպաստել են կուսակցության աճին՝ ձևավորելով բազմահազարանոց քաղաքական ուժ։