Ազգային ժողովում կառավարության 2025 թվականի ծրագրի իրականացման ընթացքի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հանդես եկավ սուր քննադատությամբ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին։
Պատգամավորը հայտարարեց, որ ներկայիս իշխանությունը կառուցված է հակասությունների, մանիպուլյացիաների և կեղծիքի վրա՝ այն բնութագրելով նաև որպես ինքնագովաբանությամբ զբաղվող կառավարում։ Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի ղեկավարության տարիներին Հայաստանը մշտապես բախվել է ձախողումների և ծանր իրավիճակների։
Օհանյանը անդրադարձավ նաև 2019 թվականին հնչեցված «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը՝ նշելով, որ եթե իշխանությունը այլ դիրքորոշում ուներ, պետք է դա հստակ ներկայացներ դեռ այն ժամանակ։ Նրա խոսքով՝ գործող կառավարությունը ոչ միայն ձախողել է բանակցային գործընթացը, այլև անտեսել է միջազգային ձևաչափերում՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կատարված աշխատանքը, որի հիմքում եղել է Արցախի ինքնորոշման սկզբունքը։
Խոսելով 2020 թվականի պատերազմի մասին՝ պատգամավորը այն կապեց իշխանության ոչ ադեկվատ և հակասական կառավարման հետ։ Նրա համոզմամբ՝ պատերազմի ընթացքում չեն իրականացվել անհրաժեշտ քայլեր երկրի ամբողջական մոբիլիզացման և հաջողության հասնելու համար։
Օհանյանը նաև հակադարձեց այն պնդումներին, թե պատերազմի ընթացքում գեներալները լքել են դիրքերը։ Նա նշեց, որ Ազգային ժողովի ներկայացուցիչները ևս եղել են համապատասխան վայրերում, սակայն անհրաժեշտ աշխատանքի իրականացումը, ըստ նրա, պատշաճ մակարդակով չի կազմակերպվել։ Այս համատեքստում պատգամավորը հարց բարձրացրեց՝ իրականում ովքեր են խուսափել պատասխանատվությունից՝ գեներալնե՞րը, թե՞ այն պաշտոնյաները, որոնք գտնվել են տեղում, բայց չեն կատարել իրենց պարտականությունները. «Պարոն Փաշինյանն ասում է՝ գեներալները փախել են։ ԱԺ ղեկավարությունը, պատգամավորները եկել էին այնտեղ, Մոբ ռեսուրսի անհրաժեշտություն կար։ Այսպես ասած՝ լայաղ չարեցին գոնե մի քանի ժամով գնան, աշխատեն Մոբ ռեսուրսի հետ։ Թողին, փախան։ Հիմա ովքեր են փախել»:

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը