««Քաղցկեղը դատավճիռ չէ». ճիշտ ժամանակն է, որ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա»,- Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված հայկական ուռուցքաբանության երրորդ կոնգրեսի ժամանակ ներկաներին ողջունելով, ասել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը վստահեցրել էր՝ արվում է ամեն ինչ, որ քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ու բուժման գործում Հայաստանը հետ չմնա զարգացած եւ որեւէ երկրից։
2025 թվականի հոկտեմբերը կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս էր հայտարարվել, անգամ կառավարության անդամներն էին կրում կանխարգելումը խորհրդանշող վարդագույն ժապավեններ: Իշխանությունը ցուցադրաբար խոսում էր այն մասին, որ Հայաստանում քաղցկեղի բուժումն անվճար է։ Մինչդեռ իրականությունն այլ բան է փաստում:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանն ահազանգում է, որ քաղցկեղով հիվանդների բուժումը Հայաստանում անվճար չէ, որքան էլ դա փորձում է ներկայացնել առողջապահության նախարարությունը. «Եթե արդեն ախտորոշում են քաղցկեղ, դրա բուժումը դարեր ի վեր եղել է պետպատվերի շրջանակներում: Ինձ հարազատ կին, որի ամուսինը 45 տարեկանում մահացել է, 3 զավակ ունի, մեծ տղան բանակում է ծառայում, որը եւս առավելություն է, որ կնոջ բուժումն անվճար պետք է լինի, բուժհիմնարկն իրենից գումար չի ուզել, ասել է՝ պետպատվեր է, բայց դեղորայքը պետք է գնեք: Դեղը որ լիներ 1000 կամ 10 հազար դրամ, գուցե հիվանդը գներ, բայց 145 հազար դրամ արժե: Ենթադրենք՝ իմ հարազատը կարող է վճարել, դեղը գնում է, բայց մյուս հիվանդները, որ գումար չունեն, որտեղի՞ց առնեն: Բա ձեր պետպատվեր կոչվածն ինչի՞ համար է, ինչի՞ համար եք ասում պետպատվեր, եթե պետությունը չի կարողանում այդ դեղը տալ հիվանդին: Առաջին քիմիան ստացել է, անձամբ ես եմ դեղը գնել, երկրորդ քիմիան ստանալուց ինձ ասացին՝ մեզնից կախված չէ, պետությունը չի ֆինանսավորել: Կրկին գնեցի, բայց ասացի՝ երրորդ քիմիայի օրը դեղի հարցը լուծեք: Պետք է գնայինք երրորդ քիմիայի, բժիշկը զանգեց, ասաց, որ դեղի հարցը չլուծվեց, այս անգամ էլ դեղի պետպատվերը չի լինելու: Լավ, մինչեւ ե՞րբ, ինչի՞ են հայտարարում, որ անվճար է, միանգամից ասեք, որ քաղցկեղի բուժումը վճարովի է, եւ վերջ»:
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանում պահանջարկ ունեցող օնկոլոգիական դեղերի մեծ մասը գրանցված չէ. «Բժիշկները քաղաքացիներին հստակ տալիս են դեղի անունները, տալիս են դեղատների հասցեն, որտեղից պետք է առնել այդ դեղերը, եւ բավականին թանկ գներով առնում են այդ դեղերը: Ի՞նչ է ասում առողջապահության նախարարությունը, ասում է, որ դուք ապահովագրված լինեք, նախկինում 350 հազար էի կոմպենսացնում, հիմա 1 մլն 200 հազար ենք կոմպենսացնում: Բայց իրականում այն դեղերը, որոնք պետք են քաղցկեղի բուժման համար, շատ հաճախ ներառված չեն լինում, եւ հաճախ հիվանդներին դնում են խնդրի առաջ, որ իրենք դեղերը գնեն: Անգամ եթե այդ դեղերը գրանցված էլ են, այդ գումարի մեջ չի բավարարում դեղերի փոխհատուցումը կամ ընդհանրապես չի փոխհատուցվում: Հիվանդները դեղերը գնում են, էլ չասեմ, որ ճառագայթային ախտորոշման համար են վճարում, վճարում են բազմաթիվ այլ պրոցեդուրաների համար: Կոնսուլտացիաների համար էլ են վճարում: Եթե հիվանդի մոտ ուռուցքի ախտորոշում կա, ամբողջովին պետք է անվճար արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ցուցաբերեն, սակայն այդպես չէ»:
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը հավանական է՝ չգիտեր, թե ինչ պատասխան տար մեր հարցերին, քանի որ շաբաթներով զանգահարում ենք ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենին, ներկայացնում ենք հարցը, թե ինչու քաղցկեղով հիվանդների համար պետպատվերը չի գործում, ինչու է քաղցկեղով հիվանդը ստիպված դեղորայքն ինքը գնում: Հայաստանում քաղցկեղի թանկ արժեցող քիմիաթերապիայի, դեղորայքային բուժման բեռը հիվանդների վրա է: Հիվանդության որոշ էտապներում բուժումը հաճախ դրական արդյունք չի տալիս։ Մարդիկ մի քանի տարի ավելի ապրելու համար ստիպված են լինում անգամ տուն, ավտոմեքենա վաճառել, որ քաղցկեղով հիվանդի բուժումը կազմակերպեն:

Բաց մի թողեք
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը. ՔԿ
Մի կին ծննդաբերել է միանման աղջիկների քառյակ․ եզակի դեպք է գրանցվել. Լուսանկար
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ նորածին է մահացել