Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը կարելի է ծառայել նաեւ աշխատանքից հեռացվելու պարագայում: Կարելի է նրան ծառայել նաեւ քննադատելով, նույնիսկ՝ շատ սուր եւ օբյեկտիվ:
Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանի իշխանությունում պաշտպանության նախարար աշխատած Վաղարշակ Հարությունյանը եւ Արշակ Կարապետյանը որոշել են նրան պաշտպանել` ընտրություններին մասնակցելով:
Այսօր նրանք Փաշինյանին ծառայում են, ծառայություն են մատուցում խորհրդարանական ընտրություններին մասնակցելով, ընդդիմադիր ընտրազանգվածից ձայն փախցնելով: Համենայնդեպս, փորձելու են, որքանով որ կստացվի:
Երկուսն էլ իբրեւ թե ռուսամետ են, նշանակում է՝ ձայն պետք է փախցնեն այն ընտրազանգվածից, որը Հայաստան- Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների պահպանման կողմնակից է:
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների պահպանումը հիմա Հայաստանի թրքացման եւ թրքահպատակեցման հիմնական խոչընդոտն է, ուստի հենց դրա դեմ է Փաշինյանի եւ նրա իշխանության հիմնական պայքարը, Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի տնտեսական, պաշտպանական, արժեքային ընդհանրության տարածքից, որից հետո թրքացումը տեղի կունենա ինքաբերաբար:
Այդ նպատակով Փաշինյանն իր նախկին նախարարներին որոշել է գործուղել հակառուսական պայքարի ճակատ՝ մասնատելու եւ փոշիացնելու այս ընտրազանգվածը:
1956 թվականին ծնված Վաղարշակ Հարությունյանը, որի 70 տարին լրանում է այսօր` ապրիլի 28-ին, ռազմական կրթություն է ստացել Ռուսաստանում, զինվորական կարիերան սկսել է այդ երկրում․ սկզբում եղել է ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, 1994-1999 թթ. ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչ:
1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, Հարությունյանին իր կառավարությունում պաշտպանության նախարար նշանակեց, բայց նրա դերը նոմինալ էր, քանի որ իրականում ՊՆ-ն շարունակում էր ղեկավարել Վազգեն Սարգսյանը:
Հարությունյանը Վազգեն Սարգսյանի ստվերից դուրս եկավ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, երբ պահպանեց պաշտոնը` շարունակելով պաշտոնավարել Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի կառավարությունում, սակայն մի քանի ամիս անց պաշտոնանկ արվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ դարձավ ընդդիմություն: Հարությունյանի աստղը կրկին սկսեց փայլել Փաշինյանի` իշխանության գալուց հետո, ավելի կոնկրետ՝ Արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից եւ կապիտուլյացիայի ստորագրումից հետո:
Ընդամենը 10 օր հետո՝ նոյեմբերի 20-ին, նա կապիտուլյանտից ստացավ պաշտպանության նախարարի պաշտոնը եւ մեկ ամիս անց Ադրբեջանին հանձնեց Գորիս-Կապան ռազմավարական նշանակության ճանապարհը՝ ցույց տալով, որ Փաշինյանի իսկական գաղափարակիցն է ու կարող է նրա թիմակիցը լինել: Շատ չանցած` 2021 թ. հուլիսի 20-ին, Փաշինյանը նրան ազատեց Պնախարարի պաշտոնից, բայց անգործ չթողեց` 2022թ․ հունվարի 5-ին նա նշանակվեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան եւ այդ պաշտոնում մնաց 2 տարուց մի փոքր ավելի: Սակայն դեսպանի պաշտոնում այդպես էլ որեւէ նշանակալի գործունեություն չծավալեց, հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ որեւէ քայլ չձեռնարկեց:
Ընդհակառակը․ նրա՝ դեսպան աշխատելու օրոք այդ հարաբերությունները վատթարացան, Հայաստանը սառեցրեց իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, եւ Հարությունյանը ողջունեց այդ որոշումը: Հիմա նրան այլ գործ են հանձնարարել` մասնակցել ընտրություններին եւ ձայն գողանալ:
Վաղարշակ Հարությունյանին փոխարինեց Արշակ Կարապետյանը, որը Պնախարար նշանակվեց 2021 թ. օգոստոսի 2-ին, իսկ 2021 թ. նոյեմբերի 15-ին պաշտոնանկ արվելուց որոշ ժամանակ հետո հայտնվեց Մոսկվայում, բայց ոչ թե դեսպանի, այլ՝ Փաշինյանի անխնա քննադատի, ընդդիմադրի կարգավիճակով:
Հայաստանում ստեղծեց Համահայկական ճակատ շարժումը, հետո դրա հիմքի վրա կուսակցություն գրանցեց եւ հայտարարեց, որ մտադիր է Հայաստանը փրկել Փաշինյանից` մի մարդուց, որին երեքուկես տարի անմնացորդ ծառայել էր․ սկզբում՝ խորհրդականի, ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի, հետո՝ արդեն Պնախարարի պաշտոնում: Կարապետյանը 44-օրյա պատերազմի, կապիտուլյացիայի, Ադրբեջանին ճանապարհ ու այլ տարածքներ հանձնելու ողջ ժամանակահատվածում եղել է Փաշինյանի թիմի անդամ:
Արշակ Կարապետյանի քաղաքական գործունեությունը նույնքան փայլուն էր, ինչպեսեւ՝ ռազմականը. 2025-ին նրա ղեկավարած «Համահայկական ճակատ» կուսակցությունը մասնակցեց Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններին եւ 8 մասնակիցների մեջ գրավեց վերջին տեղը՝ 69 հազար 924 ընտրողից ստանալով 295 ձայն: Այդ ընտրություններում Կարապետյանն ընդդիմությունից կարողացավ գողանալ այդքան ձայն` քիչ է, բայց էլի վատ չէ: Սա է այս մարդու եւ նրա կուսակցության հանրային աջակցության աստիճանը:
Վաղարշակ Հարությունյանը գլխավորում է Ռեֆորմիստների կուսակցության ցուցակը, իսկ Արշակ Կարապետյանի անունը թեեւ որեւէ ընտրական ցուցակում չկա, բայց նրա ստեղծած «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահը, փոխնախագահը եւ կուսակցության մյուս երեք անդամները ներկայացված են ԴՕԿ կուսակցության ցուցակում: Ծանոթներիցս մեկը պատմում է, որ երբ սրճարանում փորձել է Վաղարշակ Հարությունյանին համոզել, որ ինքը գնում է քաղաքական ինքնասպանության, նա վստահ պատասխանել է, որ երկրի մտավորականությունը եւ զինվորականությունն իրեն ձայն են տալու: Արշակ Կարապետյանին եւս փորձել են բացատրել, որ իր մասնակցությունն ընտրություններին իրեն միայն ամոթ եւ արժանապատվության կորուստ է բերելու, ինքը դրանով աջակցում է Նիկոլ Փաշինյանին, բայց՝ ապարդյուն:
Այս մարդիկ չեն շարժվում կամ առաջնորդվում բանականությամբ, շարժվում են հրամանով, եւ, ըստ ամենայնի, այդ հրամանն արձակվում է Փաշինյանի կամ նրա աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակից: Նրանց համար հատուկ ռուսամետ գործչի համբավ են ձեւավորել՝ մեկին Ռուսաստանում դեսպան նշանակելով, մյուսին Մոսկվա գործուղելով եւ Մոսկվա սիթիում աշխատասենյակ վարձելով: Հիմա եկել է նրանց վրա ծախսված փողի հետվերադարձի ժամանակը, իսկ փոխհատուցումը կարող է լինել միայն մի ձեւով` ընդդիմադիր ընտրողների ձայները գողանալով, փոշիացնելով:
ԿԸՀ դիմած 19 կուսակցություններից առնվազն 13-14-ը ընտրություններին մասնակցում է նույն շարժառիթով եւ նույն տրամաբանությամբ՝ ստեղծել նախընտրական աղմուկ, նախընտրական բազմակարծության տպավորություն՝ թույլ չտալով, որ ընտրողը հասկանա, թե ինչի շուրջ է պայքարը, չկարողանա առաջնայինը տարբերել երկրորդականից, երրորդականից: 2021 թ. ընտրությունների ժամանակ փոշիացվեց 200 հազարից ավելի ընտրողի ձայն, դա իշխանությանը հաղթանակ ապահովեց, հիմա փորձելու են կրկնել` մաշվածներին հեռացնելով եւ խաղի մեջ մտցնելով նոր անուններ եւ թարմ ուժեր:

Բաց մի թողեք
Յանի իմաստը ո՞րն ա, որ տեսախցիկ դնենք էդ չկայացած շտաբի դիմաց․ Տավրոս Սափեյան
Դոկտոր մահն է․ գերանդին է միայն պակասում
Ինչը կարելի է Փաշինյանին ու նրա կնոջը, չի կարելի ընդդիմադիրներին