Եվրամիությունը պատրաստ է սահմանափակ կարգավիճակով անդամակցություն տրամադրել որոշ թեկնածուների։
Սակայն բոլոր թեկնածուները չէ, որ համաձայն են նման սխեմային՝ հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Ֆեորգիոս Գերապետրիտիսը Դելֆյան տնտեսական ֆորումի ժամանակ՝ նշելով, որ 2027 թ․ երկրորդ կեսին ԵՄ-ին կանդամակցի առնվազն մեկ երկիր՝ թեկնածու երկրներից։
Դրանք են՝ Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Թուրքիան եւ Ուկրաինան։
Հայաստանն այս ցանկում ներառված չէ։
Կուլիսներում խոսում են, որ ամենահավանական թեկնածուներն են՝ Չեռնոգորիան՝ Մոնտենեգրոն, Մոլդովան ու Ուկրաինան։ Ու դեպի ԵՄ անդամակցություն ճանապարհին հատկապես նշանակալի են Չեռնոգորիայի քայլերը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, մեզ համար եւս գալու է այդ օրը, բայց, ի տարբերություն, օրինակ, Ուկրաինայի, Հայաստանն իր անդամակցության հարցում ԵՄ-ին չի շտապեցնում։ Երեւանի համար դա առաջին հերթին աշխարհաքաղաքական ընտրություն է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով․ դրական կամ բացասական։ Հատկապես որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ Մոսկվան արդեն բացահայտ ու ուղիղ ձեւով է ասում, որ անհնարին է երկու տարբեր միություններին միաժամանակյա անդամակցությունը։
Դրա համար էլ Երեւանը որդեգրել է «դանդաղ շտապելու» քաղաքականությունը, ի տարբերություն հենց Ուկրաինայի, որտեղ ԵՄ անդամակցության հարցում մեծ շտապողականություն են ցուցաբերում՝ դրանում տեսնելով Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության թունելի վերջում լույսի ի հայտ գալն ու հետպատերազմական վերականգնման հնարավորությունը։ Վրաստանի դեպքում եւս հետընթաց կա, եւ առաջիկա մեկ-երկու տարում ԵՄ անդամակցում ուղղակի հնարավոր չի լինելու։


Բաց մի թողեք
Մերցը ենթադրում է, որ Ուկրաինայի ԵՄ անդամակցությունը կարող է կախված լինել տարածքային զիջումներից
Իտալիան ԱՄՆ-ին է արտահանձնել ենթադրյալ չինացի հաքերին
Ուկրաինան կանչում է Իսրայելի դեսպանին՝ Հայֆա գողացված հացահատիկի առաքման հարցով