Տասնյակ լրատվամիջոցներ Եվրոպայի ժողովրդավարական համայնքի, Եվրամիություն-Հայաստանի գագաթաժողովի, անգամ Ֆրանսիայի նախագահի պետական այցի մասին տեղեկատվությունը կառուցել են «Զելենսկին ժամանել է Երևան, սպասենք Ռուսաստանի խիստ պատասխանին» քարոզչակաղապարով, որ, ամենայն հավանականությամբ, համաձայնեցված է:
ՌԻԱ Նովոստին նույնպես այդ առթիվ կարճառոտ լուրը վերնագրել է «Զելենսկին ժամանեց Երևան»։ Ավելի հեռու են գնացել ընդդիմության ֆեյսբուքյան քարոզիչները։ Նրանք հիշեցնում են, որ քառասունչորսօրյա պատերազմում Ուկրաինան Ադրբեջանին «ֆոսֆորային զենք է մատակարարել», իսկ Զելենսկին Ալիևին «շնորհավորել է հաղթանակի առթիվ»։
Ուկրաինան Ադրբեջանի դաշնակիցն է եղել նաև ղարաբաղյան առաջին պատերազմում, հարյուրավոր ուկրաինացի վարձկաններ կռվել են ադրբեջանական բանակում։ Նրանցից մեկը՝ օդաչու Ռուսլան Պալավինկան, արժանացել է Ադրբեջանի «ազգային հերոսի» կոչման, նրա ընտանիքը առայսօր Ադրբեջանից պետական նպաստ է սպանում։
Ադրբեջանը և Ռուսաստանը ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ են։ Այն ստեղծվել է որպես ԱՊՀ -ի այլընտրանք։ Կազմակերպության անդամ են նաև Վրաստանը և Մոլդովան։ Ուկրաինան Ադրբեջանի սպառազինությունների մատակարարն է եղել 2000-ական թվականներից սկսած, իսկ Ադրբեջանը ուկրաինական տնտեսության տարբեր ոլորտներում մեծածավալ ներդրումներ ունի։
Հայաստանի հանդեպ Ուկրաինայի վերաբերմունքը կտրուկ վատթարացել է 2014 թ․ մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմի ռուսաստանյան օկուպացիան դատապարտող բանաձևի քվեարկությունից հետո։
Հայաստանը տասը այլ երկրների հետ դեմ է քվեարկել։ Այն դեպքում, երբ հարյուր պետություն դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան, հիսունութը՝ մնացել ձեռնպահ, իսկ քսանչորս պետություն քվեարկությունից խուսափել է։
Մինչ այդ Ստեփանակերտում ԼՂՀ բարձրագույն իշխանության մասնակցությամբ կազմակերպվել է մեծ տոնախմբություն-համերգ՝ ի աջակցություն «Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման»։ Կիևում այդ միջոցառման ենթատեքստը, այն է՝ Ղրիմի ռուսաստանյան օկուպացիայի պանծացում, չէին կարող չնկատել։
Զելենսկու Երևան այցը հայ-ուկրաինական սառնության տիրույթից դուրս է։ Նա Հայաստանի մայրաքաղաք է ժամանել, որպեսզի եվրոպացի դաշնակիցների հետ քննարկի պատերազմը դադարեցնելու հնարավորությունը։ Ուկրաինայի նախագահը չափազանց դժվար կացության մեջ է։ ԱՄՆ-ը բացահայտ հարկադրում է, որ նա ընդունի Ռուսաստանի պայմանները։
Երևանը Ուկրաինայի նախագահի համար ևս մեկ քննարկում անցկացնելու հարթակ է, որ կարող է ռուս-ուկրաինական բանակցություններ խթանել։ Ուկրաինայում գոնե հրադադարի հաստատումը բխում է Միացյալ Նահանգների, եվրոպական և հետխորհրդային երկրների, այդ թվում և՝ Հայաստանի շահերից։
Այս իմաստով երևանյան քննարկումները Զելենսկու համար ավելի շատ խաղաղության հասնելու, քան Ռուսաստանի հետ պատերազմը շարունակելու հնարավորության փնտրտուք են։

Բաց մի թողեք
Արցախի հարցում չեն կարող օգտակար լինել, քանի դեռ Արցախը իր դժբախտությունը չի հասցեագրի Ռուսաստանին
Ռուսաստանը կարո՞ղ է Իրանին պարտադրել, որ ընդունի ամերիկյան կապիտուլյացիան
Ալիևը տեսակապով փորձեց Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան հիմնավորել