12/05/2026

EU – Armenia

Եկեք խաղաղ քննարկենք իրավիճակն ու ՔՊ-ի` մեզ բերելիք ապագան

Մեծ հաշվով, գործող իշխանություններին ձայն տվողները կայունություն, խաղաղություն, ապահովություն երազող մարդիկ են, նրանք, ովքեր վախենում են փոփոխություններից ու ցնցումներից, այսպես ասած` փորձած թանը չեն ուզում փոխել անփորձ մածունի հետ:

Նման մարդկանց տրամաբանությունն ու դիրքորոշումը միանգամայն հասկանալի կլինեին եւ ընդունելի, եթե գործող իշխանությունը լիներ այդ կայունության, ապահովության, խաղաղության, անցնցում ապագայի երաշխավորը:

Այնպես է ստացվել, որ այսօր ճիշտ հակառակն է` գործող իշխանությունը հենց անկայունության, անապահովության, ցնցումների, պատերազմների, ճգնաժամերի ու անհայտ ապագայի երաշխավորն է:

Եկեք խաղաղ քննարկենք իրավիճակն ու ՔՊ-ի` մեզ բերելիք ապագան:

ՔՊ-ի մնալը նշանակելու է նորանոր շանտաժներ Ադրբեջանի կողմից եւ պատերազմի վախով կամ հենց պատերազմներով` նորանոր զիջումներ կորզել:

ՔՊ-ի մնալը նշանակում է Ռուսաստանի կողմից պատժամիջոցներ, որոնք կարող են արտահայտվել ե՛ւ գազի գնի բարձրացմամբ, ե՛ւ Ռուսաստանի 2 միլիոն հայերի դեպորտացիայով, ե՛ւ տնտեսական կապերի խզմամբ, իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր արտադրանքի ուղիղ կեսը գնում է Ռուսաստան, Հայաստան եկող փոխանցումների առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանից:

ՔՊ-ի մնալը նշանակում է Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների նոր ալիք` նոր շրջիկ պատարագներ, եկեղեցում նոր տիրադավների ու կարգալույծների ի հայտ գալ, հոգեւորականների կալանավորումներ, դատապարտումներ:

ՔՊ-ի մնալը նշանակում է, որ ցանկացած օր ՔՊ առաջնորդի դուրը կարող է չգալ ձեր կանգնելու կամ խոսելու ձեւը, եւ դուք կարող եք մի քանի րոպեում աշխատատեղից զրկվել:

ՔՊ-ի մնալը նշանակում է այլախոհների հետապնդումներ, Բաքվում գերիների առկայություն, բիզնեսին ուղղված ոտնձգություններ: