Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից թե՛ ընտրարշավից առաջ և թե՛ պաշտոնապես հայտարարված ընտրարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի, մասնավորապես, եթե ոչ բացառապես Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների, տարածքային պատասխանատուների դեմ ենթադրյալ ընտրակաշառքի հիմքով մի շարք գործեր են հարուցվել, որոնցում ներգրավված անձանց նկատմամբ տարբեր միջոցներ են կիրառվել՝ կալանքից մինչև վարչական վերահսկողություն։
Այդ գործերով նաև նախաքննական մարմինների կողմից գաղտնալսումներ են հրապարակվել, որոնք, ըստ մեղադրյալների պաշտպանների, իրականությունը չեն արտացոլում, մոնտաժված են և խեղաթյուրված, իսկ հարուցված գործերը՝ քաղաքական ճնշման դրսևորում։
Երեկ աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Մասնավորապես գործերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե։ MediaHub-ը փորձել է հակոկոռուպցիոն կոմիտեից պարզել, թե այս պահի դրությամբ ընտրական հանցագործությունների՝ մասնավորապես ընտրակաշառքի վերաբերյալ քանի՞ գործ է գտնվում նախաքննական մարմնում և քաղաքական ո՞ր ուժերի ներկայացուցիչներն են ներգրավված դրանցում որպես մեղադրյալներ։
Կոմիտեից մեզ հայտնեցին, որ այդպիսի գործերի մասին տեղեկությունը ծավալուն է և այն ամբողջությամբ տրամադրելու համար բավականին շատ ժամանակ կպահանջվի։
Նրանց կողմից մեզ այդպես էլ որևէ տեղեկություն չտրամադրվեց։ Սակայն կոմիտեի կայքում նախաձեռնված վարույթների մասին տեղադրված հայտարարություններից պարզ է դառնում, որ նախաքննական մարմնի թիրախում են հայտնվել հենց «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչները՝ առերևույթ ընտրակաշառք տալու կամ կաշառք խոստանալու համար։ Վերջին թարմ դեպքի մասին կոմիտեն երեկ է հայտնել։
Ըստ հաղորդագրության՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք, նաև մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել է նրանց մասնակցությունը կուսակցության հանրահավաքներին:
Ավելի վաղ կոմիտեն հայտնել էր Ռուսաստանում ընտրակաշառքի բացահայտման դեպքի մասին, և դա համընկավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարության հետ, թե իրենք իրավիճակը վերահսկում են նաև Հայաստանից դուրս և եթե Ռուսաստանից ընտրակաշառք վերցրած քաղաքացիներ կփորձեն մուտք գործել Հայաստան, ապա «Զվարթնոց» օդանավակայանում անմիջապես կձերբակալվեն։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը չուշացավ։ Դրա համաձայն՝ ընտրակաշառքի դեպքը Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարին է առնչվում, որի մերձավոր շրջապատի անձինք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտք-գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք են խոստացել։
Այս պահին նմանատիպ քրեական գործով կալանքի տակ է գտնվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը, իսկ կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը հանրային մեծ աղմուկից հետո վերափոխվեց վարչական վերահսկողության։
Գոհար Ղումաշյանը մեղադրվում է ընտրություններից առաջ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում ՀՀ տարբեր բնակիչների բարեգործության անվան տակ անհատույց դրամական միջոց տրամադրելու, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով ծառայություն խոստանալու համար։ Ի դեպ, Ղումաշյանի անունը Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի անունով ստեղծված բարեգործական հիմնադրամի հետ է կապվում և ընտրակաշառքի գործը հենց այդ հիմնադրամի գործունեությանն է առնչվում՝ երկրի 100 լավագույն ուսանողներին պարգևատրելու նախաձեռնությանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթներ նախաձեռնելու իր գործողությունները պատճառաբանում է Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքը՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անդամների, ներկայացուցիչների կողմից խախտելու հանգամանքով։
Այս դեպքը ուշագրավ է այնքանով, որ Գոհար Ղումաշյանի դեմ գործ հարուցելուց հետո նախագահի հրամանագրով բարեգործության օրենսդրական արգելքը խախտել է նաև ՔՊ անդամը, սակայն հակակոռուպցիոն կոմիտեն նրա արարքում որևէ հանցակազմ չի տեսել։ Խոսքը Թալին համայնքի ղեկավար, ՔՊ նախընտրական ցուցակի 61-րդ համարով հանդես եկող Տավրոս Սափեյանի մասին է, որը ապրիլի 27-ին երկու տնտեսվարողների 400 000 ՀՀ դրամ սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում է ստորագրել, ինչպես նաև 9 անձի սոցիալական աջակցություն է ցուցաբերել՝ 30 000 դրամից մինչև 100 000 դրամի չափով։ Միևնույն ժամանակ փոխանցվել է տարբեր քաղաքացիների սպառած էլեկտրաէներգիայի, ջրի գումարը, ինչպես նաև 54 160 դրամի չափով դեղորայքի գումար։
Հատկանշական է, որ համայնքապետը սոցիալական աջակցությունը տրամադրել է ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ բարեգործության օրենքի արգելքի պայմաններում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում բարեգործության արգելքը խախտելու համար։ Թալինի համայնքապետի հանցավոր գործողությունների մասին անգամ հաղորդում է ներկայացվել, սակայն հետո նախաքննական մարմինը ուսումնասիրելով գործը՝ նրա արարքը օրինաչափ է համարել։ Ըստ ՔԿ-ի՝ համայնքի ղեկավարի գործառույթները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով և, «անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից կամ որևէ այլ հանգամանքից, պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում համայնքի ղեկավար հանդիսացող անձն ունի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքից և այլ իրավական ակտերից բխող լիազորություններ, որոնք չեն դադարում՝ Ազգային ժողովի ընտրություններում ընտրական ցուցակում՝ որպես թեկնածու ներգրավված լինելու հանգամանքով պայմանավորված։
ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը պարզաբանել է, որ Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը։ Նրա համոզմամբ՝ Տավրոս Սափեյանը սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորի թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար: Հակակոռուպցիոն կոմիտեում չեն կարողանում ընկալել, զարմանում են՝ եթե հաղորդման և կից նյութերի մեջ, այդ թվում՝ ԶԼՄ հրապարակումներում «առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ սոցիալական աջակցությունը զուգորդվել է քարոզչությամբ կամ պայմանավորված է եղել ընտրողների կամքի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու հանգամանքով կամ կատարվել է հանրությունից գաղտնի, քողարկված եղանակներով, ապա ի՞նչ հանցանքի մասին է խոսքը։
Նախ նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը՝ այդ թվում ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրած ֆինանսական ռեսուրսների օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։ Օրենքը չի արգելում համայնքների ղեկավարին քարոզչություն իրականացնել, եթե իհարկե նա այդ նպատակով չի օգտագործում վարչական ռեսուրսը։ Թալինի համայնքապետի դեպքում ֆինանսական բոլոր աջակցություններն, ըստ հրապարակումների, կատարվել են համայնքային բյուջեից։
Ինչ վերաբերում է ՔՊ-ի օգտին քարոզչություն անել-չանելուն, ապա պարոն Սափեյանի կուսակցական պատկանելությունը և ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքն ինքնին ենթադրում է, որ նրա կատարած «բարեգործությունները» ակամա որպես քարոզչություն են ընկալվում՝ հօգուտ իշխող թիմի։ Մյուս կողմից էլ հակակոռուպցիոն կոմիտեն որևէ ձայնագրություն այդպես էլ չհանրայնացրեց՝ մեզ համոզելու համար, որ դրամական աջակցությունները տրամադրելու պահին որևէ քարոզչական խոսակցություն համայնքի ղեկավարի կողմից չի արծարծվել, այլ եղել է զուտ կենցաղային խոսակցություն՝ առանց քարոզչական նրբերանգների։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների դեմ գործեր հարուցելուն զուգահեռ եռանդորեն նաև գաղտնալսման ձանգրություններ են հայտնվում համացանցում նրանց ենթադրյալ, առերևույթ կոռուպցիոն գործողությունների մասին։ Ինչ է, իշխանական թիմին հարողները չեն գաղտնալսվո՞ւմ։ Վստահ ենք, եթե պարոն Սափեյանը ընդդիմադիր որևէ ուժի անունից ինչ-որ գործողություն կատարեր՝ ՔՊ-ի մեջքի հետևում, միանշանակ կհաջորդեին քրեական գործերն ու ձայնագրությունները։
Ճիշտ այդպես ընտրակաշառք չի համարվում Փաշինյանի կառավարության կողմից հենց ընտրությունների նախաշեմին նախաձեռնված թոշակների բարձրացումը, մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերի զգալի բարձրացումը, Երևանի համայնքներում և ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերում հենց այս օրերին իրականացվող ասֆալտապատումն ու բարեկարգումը..․
Չնայած Փաշինյանը մարդկանց ականջներին հերթական լապշան է կախում, թե ընտրական նոր մշակույթ է Հայաստանում ձևավորել, բայց բոլորովին չի վարանում նախկին նախընտրական չարաշահումներն իր վերարտադրման նպատակով լայնորեն օգտագործել։ Նրա դեպքում լավ մոռացված հինը լավագույն նորն է։

Բաց մի թողեք
Թուրք լրագրողի գաղտնի այցը Հայաստան եւ նրա հրապարակումը թուրքական մամուլում
Ալիևը կհամաձայնի՞ ԱՄՆ «գործարքին»` ևս ընդդեմ Հայաստանի
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հակաեվրոպական խոսույթը