Ընտրարշավի մասին Հրապարակ թերթը զրուցել է իրավապաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ:
– ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեսանյութով փորձեց հանրությանը հավաստիացնել, որ անցողիկ շեմը չհաղթահարող կուսակցությունները ձայն չեն փոշիացնելու, ու մի մանիպուլյատիվ տեքստ արտաբերեց, որ ձայն փոշիացնել հնարավոր չէ: Սակայն փորձագետներն ասում են, որ դա ընտրողին ապակողմնորոշելու համար է արվում, քանի որ անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին տրված ձայները բաշխվելու են խորհրդարան անցած ուժերի միջեւ:
– Հայտարարությունն անձամբ չեմ տեսել, բայց այդ երեւույթի վերաբերյալ կարող եմ ասել, որ քաղաքական կուսակցություններն ազատ են՝ ե՛ւ քարոզչություն անել, ե՛ւ հակաքարոզչություն, ե՛ւ նաեւ պատճառաբանել, թե ինչու պիտի ընտրեն իրենց կամ չընտրեն մյուս կուսակցություններին, այդ թվում՝ նաեւ այն պատճառով, որ իրենց ձայները կարող են պիտանի չլինել: Բնականաբար, ցանկացած կուսակցություն, որ անցողիկ շեմը չի հաղթահարում, այդ կուսակցության օգտին քվեարկած քաղաքացու ձայնն ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն չի թողնում: Այսինքն, այդ իմաստով այդ ձայնը կորում է, բայց նաեւ այդ կուտակված ձայները, դրանց արդյունքում հաշվարկի մեխանիզմն այնպես են փոխվում, որ այդ տոկոսի չափով, ինչքան որ ձայն անցողիկ շեմը չի հաղթահարել, առավելություն է տրվում առաջին տեղը գրաված կուսակցությանը, այսինքն, սա բաշխվում է տարբեր չափերով՝ ըստ համամասնության, առավելագույնը տալով առաջին տեղը զբաղեցրած կուսակցությանը: Պարզ է, որ այդ առաջին տեղը զբաղեցնող կուսակցությունը, եթե սահմանին շատ մոտիկ շեմի հասնի, այդ ձայների միջոցով կարողանալու է 50 տոկոս հավաքել: Հետեւաբար, այն մարդիկ, ովքեր իրենց ձայները տալու են այդ կուսակցություններին, ստացվում է՝ անուղղակի ձեւով ձայն տալ մի կուսակցության, որին իրենք չեն ցանկանում ընտրել կամ աջակցել:
– Այսինքն, երբ ԿԸՀ քարտուղար Սմբատյանն ասում է, որ ձայների փոշիացում չկա, եւ այլն․․․
– Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ նրա ներկայացուցիչները բոլորի մասնակցության հավասարությունը պաշտպանելու համար պետք է ինչ-որ նման դիրքորոշում հայտնեն, բայց ընտրությունների արդյունքների հաշվարկման բանաձեւն այլ բանի մասին է խոսում, համենայնդեպս, կարծում եմ, այլ մեկնաբանությունների կարիք չկա ԿԸՀ-ի կողմից:
– Փաշինյանն իր քաղաքական հակառակորդներին աջուձախ սպառնում է նստեցնել, ունեզրկել, մարդկանց ասում է՝ ինչո՞ւ չեք զոհվել եւ այլն:
– Բացի այն, որ դա քաղաքական հետապնդումների ե՛ւ հրահանգ է, ե՛ւ ուղղակի ապացույց, այսինքն` ընտրական պրոցեսից դուրս, ընտրական պրոցեսում էլ դա իրավախախտում է, որովհետեւ հնարավոր է ազդեցություն ունենա ընտրությունների արդյունքների վրա, որովհետեւ ընդհուպ այդ խոսակցությունները հասնում են այն կետին, որ ասում են՝ ով որ կընտրի այս ուժի ներկայացուցիչներին, մենք իրենց կհամարենք գործակալներ։ Սա ուղղակի ազդեցություն է ընտրողների կամքի վրա եւ հարկադրանքի սպառնալիք է պարունակում:
– Իսկ օրենքով սրան հակազդելու հնարավորություններ կա՞ն:
– Այս քարոզչություն անող կուսակցությունը` նման քարոզչության որոշակի շեմը հատելու պարագայում, չպետք է մասնակցի ընտրություններին, որովհետեւ արդար մրցակցության մեջ չի գտնվում, եւ հնարավոր է ներկայացնել դիմում՝ կուսակցության գրանցումը չեղարկելու համար:
– Հաշվի առնելով այն իրավական միջավայրը, որում հայտնվել է Հայաստանը, դա հնարավո՞ր է:
– Ես խոսում եմ իրավական հնարավորությունների մասին, բայց դա չի նշանակում, որ կյանքում դա կարող է տեղի ունենալ:
– Ներկայիս Հայաստանում` եթե հստակեցնենք:
– Այո, որովհետեւ մենք տեսնում ենք, որ նույն իրավապահները եւ այս կամ այն կառույցները վերջին օրերին բախվել են խնդրի, երբ որ անհիմն միջամտություն է տեղի ունենում քարոզչական կոնտենտի նկատմամբ, ու այդ բոլոր մարդիկ չեն էլ թաքցրել իրենց ակնհայտ փոխկապակցվածությունը ե՛ւ իրենց իշխանություններին, ե՛ւ իրենց քաղաքական քարոզչությանը, էլ չասեմ, թե իրավապահ մարմիններն ինչ ակտիվ ու ռեակտիվ են այդ քաղաքական հակաքարոզչությունն իրականացնում:
– Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ տեսանյութ էր հրապարակել, որտեղ ինչ-որ մարդկանց ձայնագրություններ էին, Այդտեղ խոսում էին բենզինով ապահովելու մասին` հանրահավաքի մասնակցելու համար: Ու դրանք ներկայացվում էին որպես ընտրողների վրա ազդելու փորձեր, մինչդեռ Վենետիկի հանձնաժողովի որոշում կա, որ հանրահավաք գնացող մարդկանց տրանսպորտային միջոցներով, դրանց վառելանյութով, ջրի եւ սննդի գումարով ապահովելը նորմա է, ոչ թե օրենքի խախտում:
– Վենետիկի հանձնաժողովի որոշումն այդ առումով վերապահում ունի նախընտրական քարոզչության փուլի համար, բայց ես այդտեղ ուրիշ խնդիր եմ տեսնում, որ իրավապահ մարմինները, երբ որ թեկուզ իրական հանցանք են բացահայտել, դրա մասին ինֆորմացիան տալիս են` քաղաքական ուժերի անուններ նշելով եւ այնպիսի բովանդակությամբ խոսակցություններ տարածելով, որն իրավական նշանակություն չունի: Օրինակ, այդ տեսանյութում մենք տեսնում ենք, որ մի 2-3 րոպե խոսում են ինչ-որ փողի շարժից, որը տեսականորեն կարող է ունենալ նշանակություն, բայց այդ խոսակցությունների վերջնանպատակը, ակնհայտորեն, տարբեր խմբերի միջեւ պառակտում մտցնելուն, վատ արտահայտություններ հրապարակելուն է միտված, որը Քննչական կոմիտեի կամ Հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրը չէ, եւ մենք տեսնում ենք, թե դա ոնց է պասերով աշխատում: Նույն օրը դա հրապարակվում է, նույն օրը դա դառնում է իշխող ուժի քաղաքական խոսույթի մաս:
– Եվ օգտագործվում է քաղաքական հակառակորդներին ճնշելու համար:
– Օրինակ բերեմ․ որոշ ժամանակ առաջ ինչ-որ խոսակցության մեջ ինչ-որ մարդիկ իրենց շրջապատի մարդկանց մասին խոսելիս ասում են՝ շուն-շանգյալ: Հիմա դա ընդհանրապես նշանակություն չունի, մարդու մասին կարող ես ասել՝ շուն-շանգյալ եւ կարող ես ասել՝ շատ հարգարժան մարդ, եթե խոսակցության մեջ կաշառքի մասին թեմա կա՝ կա, եթե չկա՝ չկա, բայց երբ որ իրենք այդ խոսույթը տարածում են, տեսնում ենք, որ հաջորդ օրը ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն այդ բառերով սկսում է վիրավորել ընդդիմության համակիրներին:
– Այսինքն, նախադեպ են դարձնում:
– Պասերով խաղում են, ապօրինի գաղտնալսում են մարդկանց կամ առնվազն ապօրինի հրապարակում են այս հատվածները, որն իրավական նշանակություն չունի, որպեսզի քաղաքական քարոզչության մեջ կարողանան օգտագործել: Հիմա եթե հավասարության նժարին դնենք, օրինակ, նույն իրավապահների, իրենց ընտանեկան կամ ընկերական զրույցները վերհանենք եւ դարձնենք հանրային սեփականություն կամ «Քաղաքացիական պայմանագրի» հեռախոսազանգերը գաղտնալսենք, վստահաբար կարող եմ ասել, որ խուսույթն առանձնապես շատ չի տարբերվելու, բայց, բնականաբար, սա օգտագործվում է երկակի ստանդարտներով եւ միակողմանի:
– Փաշինյանն արձակուրդում է, սակայն հայտարարում է, որ Ծառուկյանի ցուցակից մարդ կա, որը կհետապնդվի պետական դավաճանության հոդվածով, ապա անունն է հրապարակում` Անդրանիկ Թեւանյան, ասում է` ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ է ստացել: Ի՞նչ է սա նշանակում:
– Այդ մի հայտարարությունն առնվազն հիմք է ցանկացած անձի նկատմամբ, եթե նույնիսկ հիմքերը լինեն, հետապնդումը քաղաքական որակելու համար։ Ի վերջո, ինչ ենք տեսնում․ Փաշինյանը հայտարարություն է անում, դրանից կես ժամ հետո դատախազությունը հայտարարություն է տարածում, որ սկսել ենք ինչ-որ գործարանի օրինականության վերաբերյալ գործընթաց: Արդեն չեն էլ թաքցնում, որ այս բոլոր վարույթներն ուղղակի քաղաքական պատվերի արդյունք են:
– Այսինքն, որքան մոտենանք ընտրություններին, այնքան ավելի սո՞ւր դրսեւորումներ ենք տեսնելու:
– Ինչքան մոտենանք, այնքան շատ ավելի կեղտոտ, շատ ավելի զազրելի եւ ապօրինի է դառնալու։ Դա կարող եմ վստահ ասել:

Բաց մի թողեք
Կրիպտոարժույթով միլիոնատերը
Մի քանի քայլանի կոմբինացիա
Պարտադիր չէ, որ հենց ձեզ կամ ձեր մերձավորին հարցնեն` «ինչո՞ւ չզոհվեցիր պատերազմում, ինչու՞ կենդանի մնացիր»