23/05/2026

EU – Armenia

Եթե քրոջս մեքենայից չի հրել, ուրեմն դրդել է. Գեղարքունիքում մահացած հղի կնոջ քույրը մանրամասներ է պատմել

Գեղարքունիքի մարզում ավտոմեքենայից նետված և մահացած 22–ամյա հղի կնոջ քույրը համարում է, որ ողբերգական դեպքի միակ մեղավորը փեսան է` Հայկ Ղուկասյանը։

Սոցցանցում որպես Վիտորյա Ռոզ ներկայացած աղջիկն այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուքում»։

Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Երևան–Սևան–Իջան ավտոճանապարհին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հատվածում կնոջ դի է հայտնաբերվել։ Վարորդը իրավապահներին պատմել էր, որ Ճամբարակից վերադառնալիս վիճել են հղի կնոջ հետ, և նա նետվել է ավտոմեքենայից։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ հղի կնոջ 21-ամյա ամուսինը ձերբակալվել է։

«Բառեր գտնելը շատ դժվար ա։ Քույրս էլ մեզ հետ չի…Երկար ժամանակ բողոքում էր ամուսնու տուն չգալուց, չաշխատելուց, դավաճանության դեպքերից, ձեռք բարձրացնելուց…Պատմում էր, որ ամուսինը բռնություն ա գործադրում իր նկատմամբ, ծեծում, վիրավորում, ճնշում։ Շատ էր խոսում բաժանվելու մասին ու նպատակ ուներ վերադառնալ Ռուսաստան, բայց մոլագարը մե՛կ շատ էր սիրում, մե՛կ ուզում էր բաժանվել, ո՛չ թողնում էր իրենից հեռու, ո՛չ կողքին էր պահում»,– գրել է Վիկտորյան։

Նա նշել է, որ անձամբ խոսել է Հայկի հետ, փորձել է օգնել քրոջը, անգամ առաջարկել է օգնել Հայկին աշխատանք գտնելու հարցում։

«Պատմության միակ մեղավորը Հայկ Սարգսի Ղուկասյանն ա, ու եթե ինքն էլ չի հրել մեքենայից, ապա դրդել ա դրան։ Ուզում եմ աչքի տակ առնեք, որ էս երիտասարդը 3–րդ անգամ ա նստում ղեկին առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ…ու ամեն անգամն ավարտվում ա որևէ ողբերգական դեպքով, բայց միևնույն ա` մնում էր ազատության մեջ»,– գրել է մահացած հղի կնոջ քույրը:

Նա մարդկանց կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել, մեկնաբանություն գրելուց առաջ վերանայել տեքստերը, քանի որ ոչ մեկն ապահովագրված չէ նման երևույթից։

«Ես էս ամենը գրում եմ ոչ միայն որպես քույր, այլ որպես մարդ, ով այլևս չի ուզում լռել։ Ընտանեկան բռնությունը «ընտանեկան հարց» չէ. լռությունը երբեմն կյանք է խլում։ Եթե ձեր կողքին կա մեկը, ով օգնության կարիք ունի, լսեք նրան, աջակցեք, մի անտեսեք նրա ցավը ու հակառակ իր կամքին դիմե՛ք քայլերի, որ կանխեք քանի դեռ շանս կա: Ու եթե դու ինքդ ես բռնության մեջ ապրում՝ խնդրում եմ, լուռ մի մնա»,– գրել է Վիտորյան։

Նա նշել է, որ ընդամենը 2 օր առաջ որոշում էին, թե ինչպես պետք է կազմակերպեին նորածնի «Gender party»–ն։

Blog Image