23/05/2026

EU – Armenia

Փաշինյան ջան, էդ կուկուն մեղք է․ խի՞ ես ծառը բարձրացրել ․․․

«Տերն ու ծառան» հեքիաթի մոտիվներով մեր քաղաքական իրականությունն արդեն էն փուլում է, երբ թվում է՝ հեքիաթագիրներն են իրականում քաղաքական վերլուծաբան։

Հրապարակ թերթը գրել է․ Անահիտ Ավանեսյանն էստեղ շատ նման է հեքիաթի հերոսուհուն։ Տերը Նիկոլ Փաշինյանն է։ Ասում է՝ պիտի ծառը բարձրանաս, կուկու կանչես, որ ծառայից ազատվենք։ Ծառան էլ ժողովուրդն է։

Ասում ու «տանում է մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է, ծառային տանում, թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ»․․․

Բայց ժողովուրդն էլ հո էն հին, միամիտ ծառան չի։ Էս ժողովուրդը էդքան «կուկուներից» հետո արդեն օրնիթոլոգ է դարձել (Թռչուններ ուսումնասիրող գիտնական)։ Մի կանչից հասկանում է՝ բնական կկու է, թե վարչական ռեսուրսով նշանակված կկու։

-Չէ՛,- ասում է,- ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․ Էս կկուն սովորական կկու չի։ Էս կամ հանձնարարությամբ է կանչում, կամ հաստիքով։

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Մնացածը գիտեք։

Բայց էստեղ հեքիաթն իրականությունից մի կարևոր տարբերություն ունի։ Հեքիաթի, վերջում, տերը գոնե խղճահարվում, ասում է․

-Վա՜յ, չզարկես, Աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․

Մեր իրականությունում ավելի հավանական է, որ ծառի տակից Փաշինյանը վեր նայի ու ասի․

-Կանչի՛, կանչի՛, ավելի բարձր կանչի՛, ռեյտինգս ընկնում է։

Ժողովրդի մեջ էլ մեկը դժվար գտնվի, որ ասի․

-Փաշինյան ջան, էդ կուկուն մեղք է․․․ խի՞ ես ծառը բարձրացրել, ծառան կսպանի։

Մի բան պարզ է․ խնդիրը կուկուն չի, կկվին ծառ բարձրացնողն է։ Սա՛ է, որ ծառան պիտի հասկանա։