Հայաստանի կառավարությունն առաջիկայում սկսելու է Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա) և Երասխի հանգույցի երկաթուղու նորոգումը:
Այս մասին Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայրում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թուրքիայի կողմից արդեն սկսվել է և երկաթուղին բացվելու է, մենք նաև Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու: Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնելու, չնայած կոնսեցիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու, երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք և երկաթուղին բացվելու է»,- ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը Վրաստանին և Թուրքիային շնորհակալություն է հայտնել Ախալքալաք–Կարս երկաթուղին՝ Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար բացելու կապակցությամբ։
«ԱՄՆ-ի հետ առաջիկայում վերջնական ստորագրելու ենք ԹՐԻՓՓ համաձայնագիրը, ինչի արդյունքում Հայաստանն արդեն ոչ թե տեսականորեն, այլ բառիս բուն իմաստով դառնալու է խաղաղության խաչմերուկ»,- Շիրակի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Արդեն ոչ միայն դեպի արևելք և արևմուտք, այլև դեպի հյուսիս և հարավ մեր երկաթուղային հաղորդակցությունները վերականգնվելու են: Այսինքն՝ Պարսից ծոցից Սև ծով և հակառակ ուղղությամբ, Միջերկրական ծովից Կասպից ծով և հակառակ ուղղությամբ, և սա նորանոր տնտեսական արտահանման և ներմուծման հնարավորություններ է ստեղծելու ՀՀ-ում»:
«Մեզ ասում են՝ եկեղեցաքանդ, բայց պատմամշակութային ժառանգություն ենք ավերակների մեջից փրկում»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ միայն Շիրակի մարզում հարյուր միլիոնավոր դոլարների ծրագրեր են իրականացվել պատմամշակութային տարբեր հուշարձաններ փրկելու և դրանք վերականգնելու համար: Ծրագրեր են իրականացվում Հայաստանի տարբեր բնակավայրերում:
Վարչապետի խոսքով՝ այդ հուշարձանների վերականգնումը ոչ միայն մշակութային նշանակություն ունի, այն աշխուժացնում է կյանքը համայնքներում, ծառայում զբոսաշրջության ոլորտի ակտիվացմանը:
«Օրենք ենք ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության պրոցես սկսելու վերաբերյալ, բայց որոշումը կայացնելու է ժողովուրդը, որովհետև դա կարող է լուծվել միայն հանրաքվեով»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մենք հիմա այդ ճանապարհով ինչո՞ւ ենք գնում. որովհետև Հայաստանի քաղաքացիները արդեն երկար ժամանակ բողոքում են, որ Եվրամիություն այցելելիս վիզաներ ստանալու պրոբլեմներ են ունենում։ Մեզ ասում են՝ Եվրամիության հետ այդքան լավ հարաբերություններ ունեք, մի հատ վիզայի հարց չե՞ք կարողանում լուծել։ Իսկ գիտե՞ք ինչն է դրա պատճառը. որովհետև 2018 թվականից 2025 թվականին Հայաստանից Եվրամիություն մեկնած քաղաքացիների թիվը 500%-ով աճել է։ Այսինքն՝ եվրոպական երկրների դեսպանատուները չեն հասցնում Հայաստանի քաղաքացիների հոսքերը ընդունել։
Պատկերացրեք՝ դուք ունեք սենյակ կամ այս դահլիճը. 550 նստատեղ կա։ Երբ որ ներկաների թիվը լինի 100, կտեղավորվեն։ 100 հոգի էլ լինի՝ ոտքի վրա կկանգնեն, բայց եթե 550-ը 500%-ով ավելանա, տարբերակ չկա այս դահլիճում տեղավորվել։ Հիմա ոնց որ ասենք՝ համայնքի ղեկավարի կամ մարզպետի հետ այդքան լավ հարաբերություններ ունես, բայց այս դահլիճում չես կարողանում 6000 մարդ տեղավորել։ Բա այդ լավ հարաբերությունը ինչի՞ համար է։ Դրա համար մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, ամենաուշը երկու տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ։
Այսինքն՝ դուք կարո՞ղ եք գնալ «Շիրակ» օդանավակայանից… հիմա մեկնում եք, օրինակ, Լառնակա՞։ Այն ժամանակ Լառնակա գնալու համար ձեզ մենակ մի բան է պետք լինելու՝ անձնագիրը չմոռանալ։ Մնացածը՝ բնականաբար նաև տոմս առնել, բայց դե գիտեք, որ 2 եվրոյով էլ տոմս կա։ Եվ հիմա այս պատմական փոփոխությունները, որ տեղի են ունենում, դրանք շատ կարևոր են, և մենք պետք է այս պահը գնահատենք»։
«Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ։ Ես միակ պաշտոնյան եմ, Հայաստանի վարչապետը միակ պաշտոնյան է, որ ԵԱՏՄ-ի երկու ամենակարևոր ֆորմատում հավասարաբար մասնակցում է՝ ԵԱՏՄ վարչապետական ձևաչափի միջկառավարական խորհրդի նիստին և ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Այս կարգավիճակը թույլ է տալիս պնդել, որ ԵԱՏՄ շրջանակներում ինձ համար անլուծելի հարցեր չկան։ Հիմա նախընտրական քարոզարշավով եմ զբաղված… եթե ես կստանամ ձեր վստահության քվեն, կվերադառնամ աշխատանքի և բոլոր հարցերը կլուծեմ։ 4 սկզբունք կա՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսական միջոցների անխոչընդոտ ելումուտ ու տարանցում։ Այս չորս հարցերից չկա որևէ մեկը, որ իր լուծման հասանելիության տիրույթում չէ։ Չկա այդպիսի հարց, որ ես չկարողանամ այս չորս սկզբունքի կիրառման հետ կապված լուծել»։
Բացի այդ, Փաշինյանն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու վերաբերյալ. «Այսօր մեր հարգելի գործընկերները ասում են՝ դուք Եվրամիություն ընդունվելու ճանապարհ սկսելու օրենք եք ընդունել, դե հիմա որոշեք՝ Եվրամիությո՞ւն եք գնում, թե՞ Եվրասիական տնտեսական միություն։ Մենք ասում ենք՝ ամենայն հարգանքով, բայց մենք հիմա դա որոշելու կարիքը չունենք։ Երբ որ կգա ժամանակը, մենք գիտենք, որ Հայաստանը միևնույն ժամանակ չի լինի Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության անդամ, բայց մենք նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը հիմա չունենք, որովհետև մենք հիմա ԵԱՏՄ անդամ ենք և Եվրամիության հետ մեր հարաբերությունները խորացնում ենք»։

Բաց մի թողեք
Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյանը քարտեզ է հրապարակել
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան
Մինչեւ 2031թ.-ը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա