Ըստ սահմանված կարգի՝ քաղաքացիները կարող են իրենց գտնվելու վայրին համապատասխան ընտրատեղամաս ընտրելու համար դիմումներ ներկայացնել մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն։
Հրապարակ թերթը գրել է․ Սակայն այսօր Նոր Նորքի անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծվել է արտակարգ իրավիճակ։ Հոսանքազրկման պատճառով վարչությունը ժամը 14։00-ից հետո փաստացի չի աշխատել, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողացել սպասարկվել։
Տեղում հավաքված քաղաքացիները ժամեր շարունակ սպասել են, որպեսզի կարողանան ներկայացնել իրենց դիմումները և փոխել ընտրատեղամասը, սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտ էլեկտրամատակարարումը չի վերականգնվել, և գործընթացը մնացել է կաթվածահար։
Առնվազն 50 քաղաքացի չի կարողացել դիմում ներկայացնել։ Այս մասին մեզ հայտնեցին վարչության աշխատակիցները՝ նշելով, որ հոսանքազրկման հետևանքով սպասարկումն ամբողջությամբ դադարեցվել է։
Ստեղծված իրավիճակը հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը լրանում է արդեն վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 14։00-ին։ Արդյունքում՝ քաղաքացիների մի մասը կարող է զրկվել ընտրատեղամասի փոփոխության իրավունքից՝ իրենցից անկախ պատճառներով։
Միայն այսօր չսպասարկված շուրջ 50 քաղաքացիները և վաղը ավելացող նորերը ընդամենը 5 ժամ ժամանակ ունեն դիմում ներկայացնելու համար` մայիսի 26-ին, ժամը 09։00-ից մինչև 14։00-ն։ Նշենք, որ եթե քաղաքացին ցանկանում է Նոր Նորքի տարածքում գտնվող ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարել, ապա պարտադիր է, որ դիմումը ներկայացնի Նոր Նորքի անձնագրային և վիզաների վարչություն։
ՀԷՑ-ից տեղեկացանք, որ հոսանքազրկման պատճառը վթարն է, սակայն դժվարացան պատասխանել հարցին, թե երբ կվերականգնվի հոսանքի մատակարարումը։


Բաց մի թողեք
Էական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան
Իշխանական քարոզչամեքենան կեղծել է IRI-ի հաղորդած տվյալները
ՔԿ-ն պատասխանել է` դա «վարչապետի սուբյեկտիվ կարծիքն է», իրականություն չէ