Հունական LarissaPress լրատվամիջոցն իր կիրակնօրյա համարում հոդված է հրապարակել Հայաստան-Հունաստան հարաբերությունների վերաբերյալ։
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել է հայ-հունական դարավոր բարեկամությանը, երկու ժողովուրդների պատմական, մշակութային և հոգևոր կապերին, ինչպես նաև 2025 թ. հոկտեմբերին Լարիսա կատարած իր այցի տպավորություններին։

Դեսպանը բարձր է գնահատել Լարիսայի պատմական նշանակությունն ու ժամանակակից զարգացման դինամիկան՝ նշելով, որ քաղաքն իրեն տպավորել է իր կենսունակությամբ, երիտասարդական էներգիայով և ապագայի մեծ ներուժով։ Նրա խոսքով՝ Լարիսան զարգացող քաղաք է, որը ոգևորում է յուրաքանչյուր այցելուի։
Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ Լարիսա իր այցը համընկել էր քաղաքի ազատագրման օրվա՝ հոկտեմբերի 23-ի, ինչպես նաև հոկտեմբերի 28-ի պետական տոնի հետ։
Այցի ընթացքում դեսպանը ծաղկեպսակ է դրել և ունեցել կառուցողական հանդիպումներ Թեսալիայի նահանգապետ պարոն Կուրետասի և Լարիսայի քաղաքապետ պարոն Մամակոսի հետ։

Հարցազրույցում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունաստանի միջև պատմական խոր կապերին, որոնք սկիզբ են առնում դեռևս հնագույն ժամանակներից։ Դեսպանը նշել է, որ հայ և հույն ժողովուրդներին մերձեցրել են ոչ միայն պատմությունն ու քրիստոնեական հավատքը, այլև ընդհանուր մշակութային արժեքները, ավանդույթները և պատմական փորձառությունները։ Նրա խոսքով՝ երկու ժողովուրդների բազմաթիվ ընդհանրությունները տարիների ընթացքում ավելի են ամրապնդել հայ-հունական բարեկամությունը։

Դեսպանը կարևորել է նաև այն դրական արժեքները, որոնք միավորում են հայերին և հույներին՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդները պետք է շարունակեն կենտրոնանալ փոխադարձ հարգանքի, բարեկամության և համագործակցության վրա։
Դեսպան Մկրտչյանը վերահաստատել է իր հիացմունքը հույն ժողովրդի և հունական քաղաքակրթության հանդեպ՝ նշելով. «Հույների մեջ ես հիանում եմ նրանց մեծ ոգով՝ Հոմերոսի ժամանակներից մինչև մեր օրերը»։


Բաց մի թողեք
Ընտրական գործընթացում կան տեխնիկական խնդիրներ, մենք բոլոր ահազանգերով զբաղվում ենք. ԿԸՀ նախագահ
Բոլոր ընտրական տեղամասերը բացված են. ՀՀ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել