04/06/2026

EU – Armenia

Որքանո՞վ է Թրամփի պայմանավորվածությունները կայուն և, մանավանդ, ինստիտուցիոնալ առումով երաշխավորված

ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակությունը բանակցություններ է վարել Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընի հետ։ Այդ մասին վստահելի աղբյուրներից հայտնի է դարձել Israel Inside-ին։

Ըստ տեղեկության, ՀԱՄԱՍ-ը ներկայացրել են Գազայի հատվածի պատասխանատու Խալիլ ալ-Հայան և վտարանդիության թեւի առաջնորդ Խալիլ Մաշալը։ Վերջինիս նստավայրը Կատարի մայրաքաղաք Դոհայում անցյալ տարի Իսրայելի կողմից ենթարկվել է հրթիռային հարվածի։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները Թուրքիայի հետախուզության պետին հավաստիացրել են, որ «հավատարիմ են հրադադարի համաձայնությանը», բայց մեղադրել են Իսրայելին, որ «չի կատարում առաջին փուլի պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Շարմ էլ-Շեյխում»։

Նրանք հայտարարել են, որ Իսրայելի այդ գործողությունները «թույլ չեն տալիս անցնել կարգավորման մյուս փուլերին»։ Պաղեստինյան խմբավորման պատասխանատուները «խիստ դժգոհություն են հայտնել» Հորդանանի արևմտյան ափի «բռնազավթված տարածքներում» Իսրայելի ձեռնարկած գործողությունների առթիվ։

Խալիլ Մաշալը և Խալիլ ալ-Հայան միջազգային հանրությանը կոչ են արել «ճնշում գործադրել սիոնիստական վարչախմբի նկատմամբ»։ Այդ առումով նրանք «միջնորդական ջանքերի համար երախտագիտություն են հայտնել» Թուրքիային, Կատարին և Եգիպտոսին։

Israel Insid-ը եզրակացրել է, որ դրանով ՀԱՄԱՍ-ը «ձգտում է պահպանել դիվանագիտական կառուցվածքը, ինչը միաժամանակ ուղեկցվում է Դուդեայի և Սամարայի շուրջ կոշտ հռետորաբանությամբ, որպեսզի Գազայի մասնավոր խնդիրը միջազգայնացվի որպես համատարածաշրջանային օրակարգի մաս»։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը Գազայի և առհասարակ պաղեստինյան կարգավորումը արդեն իսկ տեղափոխել է համատարածաշրջանային օրակարգ։ Եվ եթե Իրանը կենտրոնացած է Լիբանանում իսրայելական հարձակումները դադարեցնելու և խնդիրը ԱՄՆ հետ «գործարքում փաթեթավորելու» նպատակի վրա, Թուրքիան իր հերթին առաջ է մղում Պաղեստինի անկախ պետության ստեղծման առաջնահերթությունը։

Այդ դիրքորոշումը պաշտպանում են ոչ միայն Կատարը և Եգիպտոսը, այլև Սաուդյան Արաբիան։ Պարսից ծոցի երկրներից Արաբական միացյալ էմիրությունները, ընդհակառակը, համագործակցում է Իսրայելի հետ, իսկ Հորդանանը որդեգրել է «չեզոք պահվածք», որ, սակայն, ավելի շատ Իսրայելին քաղաքական աջակցություն է։

Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլև նոր դրսեւորումներ է ունենում։ Փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ Մերձավոր Արեւելքում հաջորդ պատերազմը «կբռնկվի Իսրայելի և Թուրքիայի միջև»։

Բաքվի իշխանական haqqin.az-ի տեղեկություններով՝ ի հակակշիռ Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական «դաշինքի», Հնդկաստանը Իսրայելի և Կիպրոսի ներգրավվմամբ «եռյակ միություն է ձևավորում»։

Ուշագրավ է, որ ադրբեջանական կիսապաշտոնական լրատվամիջոցը այդ «բացահայտումն» արել է Երևանում մայիսի 28-ի զորահանդեսի մասին հրապարակման համատեքստում՝ անոնսավորելով, որ Հայաստանը «Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ավելի քան երկու միլիարդ դոլարի նոր սպառազինություններ, այդ թվում՝ միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար»։

Հայաստանը Գազայի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» անդամ է, ինչպես նաև՝ Ադրբեջանը։ Միացյալ Նահանգների նախագահին առայժմ, կարծես թե, հաջողվում է «կառավարել իսրայելա-թուրքական լարվածությունը»։

Հարց է, թե որքանո՞վ է դա կայուն և, մանավանդ, ինստիտուցիոնալ առումով երաշխավորված։