11/06/2026

EU – Armenia

Ադրբեջանցիների մեջ էլ լավ մարդիկ կան, ես չեմ ուզում, որ էլ սեւազգեստ մայրեր լինեն. Լուսանկար

Հունիսի 2-ին հրապարակված տեսանյութը, որում Մասիսում քարոզարշավի ժամանակ ՔՊ-ականները հարձակվել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների վրա, հիմնականում` կանանց, ծեծել, քաշքշել, վրդովմունքի մեծ ալիք առաջացրեց:

«Ուժեղ Հայաստանից» Հրայր Գեւորգյանը պատմել էր, որ վեճը սադրել են ՔՊ-ականները, հարվածողների թվում ամենաակտիվը Երկրապահ կամավորական միության Մասիսի մասնաճյուղի ղեկավար Արսեն Հարությունյանն էր։

«Հրապարակը» զրուցել է նրա հետ:

– Տեսանք, որ մի խումբ ՔՊ-ականներ, այդ թվում՝ Դուք, քաշքշում ու ծեծում էիք ընդդիմադիրներին, այդ թվում` ընդդիմադիր կանանց, որոնց շարքերում կար նաեւ հղի կին: Ինչո՞ւ էիք նման կերպ պահում Ձեզ: ԵԿՄ անդամին, այն էլ՝ ղեկավարին, հարի՞ր է կին ծեծելը:

– Խեղաթյուրում են իրականությունը, ինչը չի կարելի: Ես երդվում եմ, որ ոչ մեկին ծեծի չեմ ենթարկել, այն էլ` կնոջ:

«Հրապարակ»․ Ադրբեջանցիների մեջ էլ լավ մարդիկ կան, ես չեմ ուզում, որ էլ սեւազգեստ մայրեր լինեն

– Տեսանյութ կա, որտեղ երեւում է, թե ինչպես եք հարձակվում մի կնոջ վրա:

– Նախ՝ դա իրականում կռիվ էլ չէր, այլ քաշքշոց էր: Կանայք էին ղժժում, ճվում, սադրում էին, ինչ էին անում` ով ա իմանում:

– Օրինակ` այդ կինն ի՞նչ էր արել, որ հարձակվել էիք վրան:

– Ես հունից դուրս չեմ եկել, ոչ էլ հարձակվել եմ: Նկարել են այն հատվածը, որը պետք է իրենց, բայց, այ, եթե դեմից նկարեին, պատկերը այլ կլիներ: Ես երդվում եմ, որ կանանց ձեռք չեմ տվել, բայց ինչ ասես, ասում են` տո հրել եմ: Տո հիմա ասել էի, ես ընդամենը մի տղայի եմ հանգստացրել, պիտի անեի դա, թե չէ… գոռում էին, ճվում էին, չէի էլ հասկանում, թե ինչ են ասում, հետո լսեցի, որ գոռում են` «Սամվել վարչապետ»։ Է հա՝ վարչապետ, վարչապետ, թող լինի վարչապետ, ի՞նչ ա եղել: Ես անգամ թուրքի կանանց հետ եմ ինձ մակարդակով պահել, վերջում թուրքերը շնորհակալություն են հայտնել, որ բաց եմ թողել, գնացել են, ո՞նց կարամ ես հայ կնոջը քաշքշեմ: Էդ կինն էնքան դրոշակով խփեց էդ տղամարդու գլխին, որ նա էլ շուռ եկավ, մի հատ հրեց, առանց իմանալու` կին է, թե՝ տղամարդ:

– Ո՞վ էր այդ տղամարդը, ճանաչո՞ւմ եք:

– Այո, եթե անգամ ճանաչում եմ, ի՞նչ կա էդտեղ, էդ մարդը մեղավոր չի` սադրել են:

– Այսինքն, եթե սադրում են, նորմա՞լ է կնոջ վրա ձեռք բարձրացնելը եւ առհասարակ` բռնություն կիրառելը` լինի կին, թե տղամարդ:

– Նա չի իմացել, որ կին է:

– Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ չի իմացել, չի՞ տարբերում կնոջը տղամարդուց:

– Չի տեսել, նա շրջված է եղել:

– Գուցե ուղղակի ժամանակները փոխվե՞լ են, էլ կին, հղի կին հարգել չկա…

– Բայց այդ հղի կնոջը ոչ ոք չէր խփել, նա բղավում էր. «Հոպար, ինձ մի խփի», իրեն ոչ ոք չէր խփում: Էդ ինչի՞ չեն նկարել, թե ոնց եկան, մեր վրա հասան, սադրեցին:

– Իսկ ինչո՞ւ եք այս իշխանություններին այդքան ջանասիրությամբ սատարում, ի՞նչ են արել նրանք մեր երկրի համար, Երկրապահը հիմա երկիր հանձնողի՞ն է սատարում:

– Ես ճշտին եմ սատարում: Ես Կառավարության, Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող մարդ եմ, ի՞նչ եք կարծում` ինչի՞ համար պիտի նրանց դեմ գնամ:

– Օրինակ՝ նրա համար, որ Արցախը հանձնեցին, նրա համար, որ ադրբեջանական զորքը Ջերմուկում դիրքեր է կառուցում, որ Կիրանցից տարածքներ հանձնվեցին, հիմա էլ խոսում են Տիգրանաշենը հանձնելու մասին:

– Պուտինին գնացեք հարցրեք՝ խի են հողեր հանձնել:

– Պուտի՞նն է ադրբեջանական զորքը Ջերմուկ ու Գեղարքունիք բերել:

– Ջերմուկում կլինի դեմարկացիա, դելիմիտացիա, նրանք կգնան այնտեղից, ոչ մի սանտիմետր տարածք չի մնա Ադրբեջանին:

– Իսկ լսե՞լ եք, որ ասում են` էլի տարածքներ կան, որ պիտի հանձնենք, եւ դրանց մեջ նաեւ Տիգրանաշենն է։ Դա նորա՞լ եք համարում:

– Ուրեմն լսեք, հարգելի լրագրող, հավերժ թշնամիներ չկան, հիմա ի՞նչ գիտեք, որ կգա 10, 20, 30 տարի, ու երկու ժողովուրդները չեն ապրելու իրար հետ: Ո՞վ կարող է ասել:

– Բայց զիջումները պետք է փոխադարձ լինեն, եթե մենք հանձնում ենք տարածքներ, նրանք էլ պետք է մեր տարածքները հետ տան:

– Մենք Արծվաշեն ունենք անկլավ, փոխանակումներ կլինեն, չի լինի էնպես, որ փոխանակում չլինի, միակողմանի լինի:

– Արծվաշենի եւ Տիգրանաշենի տարբերությունը շատ մեծ է, Տիգրանաշենը հանձնելով՝ հայկական կողմը մեծ կորուստներ է ունենալու, հետո` Կիրանցից տարածքներ հանձնեցինք, ի՞նչ ստացանք դրա փոխարեն:

– Բայց Ոսկեպարի եկեղեցին մնաց Հայաստանին:

– Ոսկեպարի եկեղեցին Հայաստանի տարածքում է, հայկական եկեղեցի է, ի՞նչ է նշանակում՝ մնաց Հայաստանին, շնորհակա՞լ լինենք, որ հայկական եկեղեցին չեն հանձնել:

– Բա ինչի՞ էին ասում` դա էլ է հանձնվելու: Ադրբեջանցիներն այն ժամանակ կաշառելով, թե ինչպես հողեր են վերցրել, հիմա GPS-ով-բանով ապացուցում են, որ դրանք իրենց հողերն են:

– Այսինքն` Ադրբեջանը կարողանում է ամեն գնով մեզնից հող ստանալ, ՀՀ իշխանությունը չի կարողանում ոչինչ անել: Դուք պատերազմի մասնակի՞ց եք եղել:

– Այո, ես պատերազմի մասնակից եմ:

– Եվ նորմա՞լ եք համարում հողեր հանձնելը:

– Բայց ի՞նչ գիտեք, որ նրանք հողեր հետ չեն տալու, նոր է սկսվել պրոցեսը, նրանք էլ հետ կտան:

– 2 տարի է անցել Կիրանցի սահմանազատումից, դա նո՞ր է Ձեզ համար:

– Ժամանակ է պետք, ի՞նչ տեղաշարժ է եղել 35 տարի շարունակ:

– Արցախն ազատագրված էր եւ հայկական տիրապետության տակ էր, տարբերությունը չե՞ք հասկանում:

– Հա, հայեր ապրել են, բայց կա՞ մի պետություն, որ ճանաչել է Ղարաբաղը Հայաստանի կազմում:

– Եթե չէին ճանաչել, պետք է հանձնվե՞ր, հանձնվելուց հետո էլ ուրանայի՞ք:

– Ես երբեք չեմ մոռացել ու չեմ ուրացել Ղարաբաղը, ինձ երբեք նման բան չասեք:

– Այս իշխանությունը արգելում է խոսել Արցախի, արցախցիների վերադարձի մասին:

– Եթե ՄԱԿ-ի գրասենյակները, Հաագայի դատարանը, ՌԴ-ն նաեւ որպես մեր մեծ եղբայր այդպես վերաբերվեց մեզ, ի՞նչ կարող ենք անել: Ես այդ օրվանից փոխել եմ իմ վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Միշտ գնահատել եմ ռուսներին էլ, իրենց ղեկավարին էլ, բայց 10 ամիս մարդիկ մնացին սոված, ոչ մի բան չարեցին, վերջում էլ դավաճանաբար հանեցին, մարդկանց վռնդեցին իրենց տներից, հիմա ի՞նչ են ուզում, ուզում են, որ իրենց սիրենք էնպես, ինչպես առա՞ջ, չի կարող նման բան լինել:

– ՌԴ-ն թողնենք, իսկ Հայաստանի իշխանություններն ինչո՞վ օգնեցին այդ շրջանում արցախցիներին:

– Եթե օգնեինք, մեծ կռվի մեջ կընկնեինք, ու հնարավոր է, որ կորցնեինք նաեւ Սյունիքը: Նրանք, ատամները սրած, դրան էին սպասում:

– Դուք պատերազմ տեսած մարդ եք, արժե՞, որ այդքան վախենում եք կռվից: Ես, իհարկե, պատերազմի կողմնակից չեմ, բայց վախենալ ու հայրենիքը հանձնել կարելի՞ է:

– Ես կռվից հիմա էլ չեմ վախենում, բայց եթե այդ ժամանակ կռվի մեջ մտնեինք, անկանխատեսելի բաներ էին լինելու: Հայ զինվորը չի՞ կռվել է այդպես:

– Կռվել է, իսկ իշխանությունը ոչինչ չի արել:

– Մեծ պետությունները հավաքվել էին Թուրքիայում եւ ուզում էին, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լիներ: Պարոն Սերժ Սարգսյանն անգամ հայտարարել էր, որ պատային իրավիճակում ենք արդեն, նա էլ գիտեր, որ պատերազմն անխուսափելի է:

– Այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը եկավ իշխանության, թող թողներ՝ Սերժ Սարգսյանն իր ձեռքով հանձներ Արցախը:

– Այդ հարցը պիտի տաք Փաշինյանին, ես խաղաղության կողմնակից եմ, ով էլ գա վարչապետ, ես նրա կողքին եմ լինելու, ես անկախության կողմնակից եմ:

– Ալիեւը մեզ պարտադրում է Սահմանադրություն փոխել, ինչո՞վ է անկախ Հայաստանը:

– Շատ բան է ասում, նա իր լսարանի առաջ է գլուխ գովում:

– Դուք ինչի՞ համար եք պատերազմին մասնակցել:

– Մեր անկախության համար:

– Մասիսում ամենաշատ ադրբեջանցիներն են ապրել, հիմա եթե նրանք ցանկանան նորից գալ, բնակվել Մասիսում, կողմ կլինե՞ք, կցանկանա՞ք, որ Ձեր թոռները ադրբեջանցիների հետ դպրոց հաճախեն, Ձեր ընտանիքի կողքին ապրեն:

– Ես չգիտեմ, թե 20-30 տարի հետո ինչ կլինի: Ես արտաքին գործերի նախարար չեմ, կարող է մի 40-50 տարի հետո էդպես էլ լինի, ես ի՞նչ ասեմ: Հիմա չի կարող նման բան լինել, ժամանակ է պետք դրա համար: Ես ինձ հաստատ ապահով կզգամ, ամեն դեպքում, ադրբեջանցին չի գալու էստեղ՝ զենք ու թուր վերցնի:

– Ի՞նչ գիտեք:

– Նրանց մեջ էլ լավ մարդիկ կան: Հո պատերազմի ժամանակ հալվա չէի՞ն բաժանելու: Հարցրեք, թե մենք ինչեր ենք արել, ես չեմ ուզում, որ էլ սեւազգեստ մայրեր լինեն:

– Ուղղակի խնդիրն այն է, որ 3 պատերազմ է բերել Փաշինյանը, եւ նա ու խաղաղությունն անհամատեղելի են:

– Էն ժամանակ էլ տարեկան մի քանի հարյուր զոհ էինք ունենում:

– Հիմա էլ բանակում զինվորներ են մահանում, այրվում…

– Փողոցում էլ են մարդիկ մահանում: