11/06/2026

EU – Armenia

Հայաստան – Ռուսաստան հարաբերությունները արմատական վերանայման կարիք ունեն

Խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը վերջին մի քանի ամիսներին առաջին անգամ մի քանի րոպե հետևում էի Սոլովյովի հաղորդմանը, որին «հրավիրված» էր նաև քաղաքագետ Գևորգ Միրզոյանը, որին, կարծես, «մեղավոր էին նշանակել»։

Ծանր տեսարան էր։ Մարդը փորձում էր արդարանալ, փաստարկներ բերել, թե ինչու ռուսամետ ուժերին չի հաջողվել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին հեռացնել, իսկ նրան ի ցույց էին դնում, որ Ռուսաստանում «երկուսուկես միլիոն հայ է ապրում»։

Համացանցում կարճ տեսագրության հանդիպեցի։ Այս անգամ Սոլովյովի մոտ արդարանում էր Սեմյոն Բաղդասարովը, բայց՝ մի փոքր «համարձակ» տոնայնությամբ։ «Հետխորհրդային միակ երկիրը, որտեղ ռուսամետ ընդդիմության կա և փորձում է ինչ-որ բան անել, Հայաստանն» է,- հայտարարել է նա։

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ «մամլիչի տակ են հայտնվել» ռուսաստանաբնակ հայազգի գործիչները, եթե Բաղդասարովը պետական հեռուստատեսության եթերից նման «երկաթե» փաստարկ է բերում։

Այսինքն, այդ մարդիկ, որ Հայաստանի հետ որևէ առնչություն չունեն, «դավաճանել» են նաև Ռուսաստանին։ Նրանց ոչ թե արդյունքն է հետաքրքրում, այլ՝ «փաստը, որ հետխորհրդային տարածքի ոչ մի երկրում, բացի Հայաստանից, ռուսամետ ուժեր չկան»։

Դա նրանց «հացն» է, իսկ թե քաղաքական գործընթացները Ռուսաստանի և Հայաստանի համար ինչ հետեւանքներ կունենան, «հետաքրքիր» չէ։

Բաղդասարովը, Միրզոյանը, Միհրանյանը և մյուսները «թքած ունեն» իրողության վրա, որ Հայաստանի նկատմամբ Կրեմլի կոշտ, անհանդուրժողական հռետորաբանությունը, որի «տրանսլյատորի» դեր իրենք են ստանձնել, հետխորհրդային երկրներում ավելի շատ հակառուսականություն է բորբոքում, քան կարող էր անել, ասենք, ղազախստանցի Օլժես Սուլեյմենովը։

Կրեմլում, կարծես, բաղդասարովներից կոպիտ հաշվետվություն են պահանջել, իսկ նրանք ի ցույց են դնում Հայաստանի ռուսամետ ընդդիմությանը՝ որպես հետխորհրդային տարածքի «միակ հաջողված պրոյեկտ»։

Այդ քարոզչությանն է լծվել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան, որի ձևակերպումները հայաստանյան «եռաֆազ» ընդդիմությունը բառ առ բառ կրկնում է։

Մոսկվան, ըստ ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովի, սպասում է ընտրությունների «վերջնական արդյունքների հրապարակմանը»։ Հայաստանի ընտրությունների լեգիտիմությունը և Նիկոլ Փաշինյանի հաղթանակը տասնյակ երկրներ ճանաչել են։

Պուտինը, ամենայն հավանականությամբ, կմիանա նրանց։ Բայց Հայաստան – Ռուսաստան հարաբերությունները արմատական վերանայման կարիք ունեն։ Կրեմլը, երևի, բաղդասարովներին «պատվավոր թոշակի կուղարկի»։

Կրեմլը, սակայն, նույնը պետք է անի Հայաստանում իր կրեատուրայի նկատմամբ։ Որովհետև այդ «քաղաքական» ուժերը ռեսուրս չեն ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։