13/06/2026

EU – Armenia

ԱՄՆ-Կենտրոնական Ասիա համաձայնությունները սկզբունքորեն շրջանցում են նաև Ադրբեջանը

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը ընդունել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերջիո Գորին։

Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի akorda պաշտոնական կայքը։

Ողջունելով հյուրին, Տոկաևը նշել է, որ Ղազախստանում բարձր են գնահատում Միացյալ Նահանգների հետ «կարևոր հարցերի լայն շրջանական քննարկելու հնարավորությունը» և հավաստիացրել, որ Աստանան «վճռական է տրամադրված՝ զարգացնելու ԱՄՆ հետ ռազմավարական համագործակցությունը։

Ղազախստանի նախագահը Սերջիո Գորին խնդրել է «անկեղծ հարգանք փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփին» և հույս հայտնել, որ «մինչև տարեվերջ նրան հանդիպելու հնարավորություն կունենա»։

Տոկաևը նկատի է ունեցել «Մեծ քսանյակի» գագաթաժողովը, որ կգումարվի Մայամիում և որին ինքը ԱՄՆ նախագահի կողմից հրավիրված է։ Ամերիկացի բարձրաստիճան հյուրը վստահեցրել է, որ Տոկաևը ի դեմս Թրամփի «Սպիտակ տանը ունի անկեղծ բարեկամ» Նա կարևորել է, որ ԱՄՆ-ի և Ղազախստանի միջև «արդեն կնքված են ավելի քան 20 միլիարդ դոլարի առևտրա-տնտեսական գործարքներ, և դա միայն սկիզբն» է։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորի Աստանա այցը, բնականաբար, արժանացել է ռուսաստանյան փորձագետների սրված ուշադրությանը։ Այն տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի պետական այցից ոչ լրիվ երկու շաբաթ հետո, ինչը արդեն իսկ բավական խոսուն է։

Թեև Տոկաև-Գոր բանակցությունների մասին այլ տեղեկություններ, քան նրա աշխատակազմն է տարածել, չկան, «Նեզավիսիմայա գազետան» միանշանակորեն համոզված է, որ Թրամփի հատուկ բանագնացը Տոկաևի հետ քննարկել է «Ղազախստանի հազվագյուտ մետաղների և ուրանի հանքավայրերի շահագործման, ինչպես նաև մատակարարումների շղթան ապահովելու հետ կապված հարցեր»։

Դիտարժան է, որ անցյալ օգոստոսին Ալյասկայում Թրամփ-Պուտին գագաթաժողովից հետո ռուսաստանյան փորձագետների մեծ մասը ակնկալում էր, որ «կտրվի ռուս-ամերիկյան տնտեսական գործընկերության մեկնարկը»։ Խոսք կար, որ ԱՄՆ-ը Ռուսաստանում «կշահագործի գազի արկտիկական, իսկ Սիբիրում՝ հազվագյուտ մետաղների հանքավայրեր»։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի Աստանա այցից, իհարկե, ուղղակիորեն չի հետևում, թե այդ «նախագծումների էջը չբացված՝ փակվել» է, բայց որ Վաշինգտոնը Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում, կարծես, իրողություն է։

Ի դեպ, կարևոր է, որ ԱՄՆ-Կենտրոնական Ասիա համաձայնությունները սկզբունքորեն շրջանցում են նաև Ադրբեջանը։