25/06/2026

EU – Armenia

Ճնշե՞լ է, թե՞ չի ճնշել

Ընդդիմադիր դաշտից մեզ պատմեցին, որ ՔՊ-ական պատգամավոր, ռուս ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, որն այս ընտրություններին եւս ՔՊ-ի փոքրամասնությունների ցուցակում է ընդգրկված եւ անցել է խորհրդարան, նախընտրական շրջանում տեռորի է ենթարկել իր ռուս հայրենակցուհուն` «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրված Լիլիա Արեսկինային։

«Հրապարակ» թերթը գրում է. Հորդորել է չմտնել պայքարի մեջ, խոչընդոտել է նրա քարոզարշավը, սպառնացել, որ հարկայինին կուղարկի նրա եղբայրների ընկերությունը, որոնք շինարարական բիզնեսով են զբաղվում։ Ալեքսեյ Սանդիկովը հերքեց այդ լուրերը, ասաց, որ Լիլիային հեռակա է ճանաչում` իր կինն է ավելի շատ ճանաչում․ «Ինձ ի՞նչ՝ կառաջադրվեր, չէր առաջադրվի»: «Եթե արդյունքներով նայենք` Ֆիոլետովոյում էլ, Լերմոնտովոյում էլ ՔՊ-ն պարտվել է, որովհետեւ պրոռուսական ազդեցությունն է գործել, կապը մեծ է։ Այդ ինչպե՞ս ստացվեց․․․ Ես չգիտեմ էլ՝ ինքը քարոզչություն արել է, չի արել»։

Ասաց՝ հեքիաթների ժանրից է, թե ՊԵԿ-ով է սպառնացել: «Ընտրություններից առաջ էլ բոլոր հարցումները որ նայում էինք, հաստատ, «Հայաստան» դաշինքը չէր երկրորդ պառլամենտական ուժը, որ կարող էր այդ մանդատը վերցնել, հետեւաբար՝ տեսականորեն իմաստ էլ չկար, որ ազդեի այդ թեկնածուի վրա։ Բացի այս, Արեսկինան ոնց որ թե իրանց առաջին համարը չէր, այսինքն՝ տրամաբանական կապ էլ չկա, որ ես երրորդ քաղաքական ուժի երրորդ համարի նկատմամբ ինչ-որ բաներ անեի, չգիտեմ՝ ինչ բամբասանքներ են, իմ հետ հաստատ կապ չունեն»։