25/06/2026

EU – Armenia

Ռուսաստանը՝ Պուտինի թեթև ձեռքով, գնում է ինքնասպանության

Ինչպես և սպասվում էր, Ռուսաստանը մերժել է ուկրաինական ռազմաճակատում առկա շփման գծով հրադադար հաստատելու առաջարկությունը, որ G7-ի գագաթաժողովի հարթակից հնչեցրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ռուսաստանը չի կարող հանուն մշուշոտ հեռանկարի դադարեցնել ռազմական գործողությունները»,- հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը։

Ենթադրվում է, որ նա այդպիսով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի Մոսկվա այցի առջև «ուղեփակոց է դրել», որովհետև պատերազմը դադարեցնելու այլ տարբերակ, քան Թրամփն է հրապարակայնացրել, գոնե այս փուլում Վաշինգտոնը հազիվ թե «հայտնագործի»։

Ավելի վաղ արտաքին քաղաքականության հարցերով ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հստակ ասել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին «միայն հաղթանակ է պետք»։ Ինչպե՞ս։ Կոմունիստ Զյուգանովը առաջարկել է «ազգայնացնել» քաղաքացիների բանկային ավանդները, որ, ըստ նրա, կազմում են 67 տրիլիոն ռուբլի և կարող են «բյուջեի ճեղքերը փակել», իսկ քաղաքագետ-փիլիսոփա, եվրասիականության գաղափարախոս Դուգինը նախագահ Պուտինից «հայրենական պատերազմ հայտարարելու» սպասում ունի։

«Արևմտյան փորձագիտական հանրությունը սխալվում է, երբ կարծում է, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը կոշտ քայլերի չի գնա»,- ռուսաստանյան լրատվամիջոցներում իշխող տեսակետը այսօր ձևակերպվում է հիմնականում այս «մատրիցայով»։ Ընդ որում, որոշ դեպքերում վկայակոչվում է Հյուսիսային Կորեայի օրինակը, որտեղ «առանց երկմտելու անցել են լիակատար ավտարկիայի»։ Հյուսիսային Կորեան աշխարհի միակ երկիրն է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին հրապարակային աջակցություն է ցուցաբերել, այդ թվում՝ կենդանի ուժով։

Անցումը «ավտարկիայի», այսինքն՝ տնտեսական լիակատար ինքնաբավության, ենթադրում է քաղաքական և կառավարման համակարգի գերկենտրոնացում կամ ավելի պարզ ասած՝ բռնապետության հաստատում։ Ռուսաստանյան որոշ թելեգրամ-ալիքներ ակնարկել են, որ «պետական դումայի ընտրությունները կարող են հետաձգվել»։ Համեմատաբար ազատական «Նեզավիսիմայա գազետա»-ն այդ տեղեկությունը, կարծես, անուղղակի հաստատել է՝ գրելով, որ «ռազմական դրության պայմաններում ոչ միայն նոր ռեգիոններում, այլեւ սահմանամերձ մարզերում ավանդական քվեարկության կազմակերպումը լուրջ խնդիր» է։

Ուկրաինական դրոնները և հրթիռները թիրախներ են խոցում ոչ միայն եվրոպական Ռուսաստանու, այլև՝ Սիբիրում։ Բացառված չէ, որ «բնակչության անվտանգությունը ապահովելու» համար դումայի ընտրությունները կհետաձգվեն, կամ քվեարկությունը կիրականացվի հեռավար-էլեկտրոնային «կամարտահայտությամբ», ինչը կնշանակի, որ փաստացի քվեարկություն չի լինի, բայց «ընտրությունները կկայանան»։ Երկու դեպքում էլ ՌԴ նախագահ Պուտինը, հավանաբար, «պաշտոնապես զորահավաք կիրականացնի և ուկրաինական նացիզմին հայրենական պատերազմ կհայտարարի»։

Որոշ փորձագետներ տպավորություն ունեն, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավում «դեռևս ոչ բոլորն էլ ընդունում ավտարկիայի անցնելու անհրաժեշտությունը»։ Ովքե՞ր են Կրեմլի «սորոսական-դեմոկրատները», առայժմ տեղեկատվական արտահոսք չկա, բայց չափազանց մեծ է հավանականությունը, որ եթե անգամ «նրանք կան», միևնույն է՝ որոշումների կայացման վրա ազդեցություն չունեն։ Հատկանշական է, որ հենց այս օրերին Մոսկվայի շրջանային դատարաններից մեկը «Յաբլոկո» լիբերալ կուսակցության փոխնախագահ Մաքսիմ Կրուգլովին յոթ տարվա ազատազրկման է դատապարտել։ ՌԴ Քննչական կոմիտեի կողմից նա մեղադրվել է Ռուսաստանի «բանակի հասցեին վարկաբեկիչ գրառումներ կատարելու» մեջ։