Կրկին որոշ շրջանակներ տակն ու վրա են եղել. Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նորից սկսվել են ոգևորություններն ու դիսոնանսները։
Իրականում սա այն հարց չէ, որի համար մենք համազգային ոգևորություն ապրենք։ Հայոց ցեղասպանության թեման առհասարակ քաղաքականացման հարց չէ։ Իսրայելի կողմից այս քայլը ամենաաբսուրդայինն է թերևս։ Իսրայել պետությունը հիմնադրման պահից պետք է ընդուներ աշխարհի առաջին ցեղասպանությունը, քանի որ դա պատմական անքննարկելի փաստ է, և աշխարհում Հոլոքոստի ենթարկված ազգի համար դա արժեքաբանական խնդիր պետք է լիներ, սակայն դա տեղի չէր ունենում երկար ժամանակ։ Իսկ հիմա, երբ վատացել են Թուրքիայի հետ հարաբերությունները, նրանք հիշում են Հայոց ցեղասպանությունը։ Սա այն դասական դեպքերից է, երբ աշխարհում առաջին ցեղասպանության հարցը քաղաքականացվում է, և այդ գործընթացում հայ ժողովրդի հույզերը և Հայաստանի Հանրապետության շահերը օգտագործվում են իրենց նպատակների համար։ Սա հենց այն դեպքն է, որի մասին խոսում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այո, մեր ողբերգությունը օգտագործվում է աշխարհաքաղաքական տարատեսակ շահերի համար։ Եվ հենց սա այն դեպքն է, երբ մենք պետք է հեռու մնանք այս հարցի թեթևամիտ շահարկումներից։
Իրականում Սերժ Թանկյանն էլ վատ չէ արձագանքել, որքան էլ այն պետական ու պաշտոնական կարծիք չէ, սակայն արտահայտում է հայության մի զանգվածի բնական ռեակցիան։ Իսկ մեր պետական շահը պահանջում է, որ նման իրավիճակներում զերծ մնանք թեմայի հետ ասոցացվելուց, ոգևորվելուց ու տխրելուց։ Սա այն պարզունակ ընկալումներից է, որը մեզնում երբեմն արտահայտվում է «Նու պագադին էլ է հայ» ծաղրական ասույթով, կամ Մարգարիտա Սիմոնյանն էլ է հայ։
Մենք հաճախ ենք հրճվանքով խոսում այս կամ իրադարձության հետ հայության կապի մասին, այս կամ այն կայսրության շահերին ծառայող հայերի մասին՝ մոռանալով, որ դա մեր պետական շահերի հետ ոչ մի կապ չունի։ Սա հենց այն դեպքն է, որ ազգային կեղծ օրակարգը և պետական շահը պետք է տարբերենք իրարից։
Եվ ի՞նչ, որ ընդունել են, մեզ դրանից ի՞նչ։ Իսկ արդյոք մեր շահերի՞ց է բխում հիմա Ցեղասպանության թեմայի մեջ մտնելը՝ բացարձակապես ոչ։ Մենք պետք է մեր վարքագծով հստակ ցույց տանք, որ մեր շահերը մեզնից լավ ոչ մեկը չի կարող առաջ տանել, և անցել են այն ժամանակները, երբ կայսրություններն ու օտար պետությունները մեզ օգտագործում են իրենց շահերի համար։
Նույն Իսրայելը երբեք չի ողջունել, երբ իրենց Հոլոքոստի թեման այս կամ այն պետությունը օգտագործում էր սեփական շահերի համար։ Օրինակ՝ ԽՍՀՄ-ը Սառը պատերազմի ժամանակ շատ էր սիրում շահարկել գերմանացիների իրականացրած Հոլոքոստի թեման՝ երբեմն այն հավասարեցնելով սլավոնների աքսորների հետ, այսպես ասած՝ «Օստ» պլանն էին վերհիշում և այլն։ Այս քայլին իսրայելցի դիվանագետներն ունեին մեկ հստակ պատասխան՝ «Հոլոքոստը պետք չէ համեմատել այլ դեպքերի հետ, և մենք խնդրում ենք այս թեման չշահարկել»։
Մենք պետք է սովորենք այս դեպքերում առաջնորդվել մեր սառը հաշվարկներով ու չտրվել էմոցիոնալ վիճակներին։ ՀՀ-ն որպես պետականություն արդեն մի քանի տարի է՝ վարում է իր սեփական քաղաքականությունը, որը չի թելադրվում Մոսկվայից, սակայն հասարակությունը դեռ լիովին չի ընկալում այդ ամենը։ Մեզանում դեռ կան մարդիկ, որ չեն հասկանում՝ ինչ է սեփական շահը, անկախ քաղաքականությունը և այլն։ Մեր պետական շահը այս պահին պահանջում է, որ մենք չտրվենք հրճվանքներին և մեզ համար բավականին բարդ կառուցված հարաբերությունները Թուրքիայի հետ չփչացնենք մի հայտարարության համար, որը ակնհայտորեն Թուրքիային ցավեցնելու նպատակ ունի։
Այն «բարդ հաշվարկները», որ կատարում են հայկական «Բիսեդկայի վերլուծաբանները», թե բա՝ տեսեք՝ հեսա Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերությունները ոնց են փչանում, Թուրքիան ճնշելու է Ադրբեջանին և այլն, մեղմ ասած, մանկամտություն են։ Նախ՝ այդ ամենը բարդ չափելի գործընթաց է, երկրորդ՝ մեզ որևէ կերպ պետք չէ մտնել այդ հարաբերությունների մեջ, քանի որ տվյալ դեպքում, ինչպես ասում են, այս խնջույքին մեզ կհրավիրեն միայն սննդի կարգավիճակում, որը մեզ հետ արել են երկար ժամանակ։
ՀՀ իշխանություններին հաջողվում է հարևանների հետ կառուցել այնպիսի հարաբերություններ, որտեղ որևէ մեկի հետ կոնֆլիկտ չլինի։ Հենց սա է Նիկոլ Փաշինյանի ասած «անվտանգությունը մի քանի շերտ ունի», «անկախությունը դա մեկից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է» բանաձևերի դրսևորումը։ Նույն ժամանակ, երբ մանկամիտ հրճվանքով խոսում են Իսրայելի ճանաչելու մասին, ոչ մեկը չի խոսում այն մասին, որ ՌԴ-ն ուզում է բենզին ներկրել հարևան երկրներից։
Եթե մի քանի տարի առաջ որևէ մեկին նման բան ասեիր, կծիծաղեր վրադ։ Իսկ պատկերացնում եք՝ եթե Նիկոլ Փաշինյանը ՀՀ եկող ռազմավարական լոգիստիկայի հարցը լուծած չլիներ, մի քանի տարի առաջ Բուլղարիայից որակյալ բենզին չգար ՀՀ, Ադրբեջանը իր տարածքից բենզին թույլ չտար, ամերիկյան «Շելլ» ու «Գալֆ» ընկերությունները չմտնեին ՀՀ, և մենք լինեինք ավանդական դաշնակցի հույսին, հիմա ՀՀ-ում բենզինի հետ կապված ինչ վիճակ էր լինելու։ Հասկացողաց բարևներ։ Հենց սա է ապացույցը Նիկոլ Փաշինյանի իրական բազմավեկտոր արտաքին քաղաքականության։ Հենց այսպես է պետք արձագանքել այլոց հաշվարկներին, որտեղ քեզ ընդամենը օգտագործում են։

Բաց մի թողեք
ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ ի՞նչ հեռանկար է ընտրում Թուրքիան
«Ապոկալիպսիսից զգուշացման» կամ «աշխարհաբաժանման առաջարկի» տպավորություն
TRIPP-ի իրականացումը Հայաստանին ոչ միայն տնտեսական, այլեւ անվտանգային ի՞նչ շահ կբերի