Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ)՝ այսօր տարածած հայտարարությունը գյուղմթերքների շուկայից ճիշտ օգտվելու վերաբերյալ, փաստացի իր և ոլորտը կարգավորող պետական այլ գերատեսչությունների գործառույթները «բարդում է» ՀՀ քաղաքացիների վրա՝ այդպիսով փորձելով խուսանավել շուկայում ոչ պատշաճ որակի ու վտանգավոր գյուղմթերքի իրացման պատասխանատվությունից։
Եթե թունավորման կամ աղիքային հիվանդությունների բռնկման դեպքեր լինեն, կառույցը կարող է հանգիստ ասել՝ «ես զգուշացրել էի, դուք հետևողական չեք եղել»։
ՍԱՏՄ մասնագետները սպառողներին այնպիսի խորհուրդներ են տալիս, որոնց անհրաժեշտությունը չէր լինի, եթե կառույցն իր պարտավորությունների շրջանակում ավելի շատ ջանքեր գործադրեր և կանխեր գյուղմթերքի սպառման կետերում առկա խնդիրները՝ նվազագույնի հասցնելով վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումների հավանականությունը։ Սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու կառույցը սպառողներին խորհուրդ է տալիս միրգ և բանջարեղեն գնել միայն հաստատված ու վերահսկվող վաճառակետերից և անհրաժեշտության դեպքում պահանջել մթերքի որակն ու անվտանգությունը հաստատող փաստաթղթեր։
Հիմա պատկերացրեք, որ դուք շարքային սպառող եք և ուզում եք մոտակա վաճառակետում կամ փոքր շուկայում միրգ կամ բանջարեղեն գնել։ Քանի որ չգիտեք, թե որ կետերն են հաստատված ու վերահսկվում, ստիպված պետք է զանգահարեք ՍԱՏՄ, փորձեք կապվել համապատասխան մասնագետի հետ և ճշտել՝ արդյո՞ք տվյալ վաճառակետը կամ շուկան իրենց կողմից վերահսկվում ու ստուգված է։ Դրանից հետո գուցե հրաժարվեք այդ կետում առևտուր անելու մտքից, եթե այն ՍԱՏՄ ցուցակում ընդգրկված չլինի, կամ էլ, ի հեճուկս ՍԱՏՄ հորդորների, առաջնորդվեք սեփական հարմարավետությամբ՝ ավելի հեռու տեղ չգնալու համար։
Կամ էլ պետք է մոտենաք շուկայի որևէ վաճառողի և, մթերքի գինը հարցնելուց առաջ, պահանջեք որակն ու անվտանգությունը հաստատող փաստաթղթերը։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե շուկա այցելած յուրաքանչյուր սպառող ցանկանա համոզվել, որ վաճառողն ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (եթե ընդհանրապես այդպիսիք տրվում են շուկայում կանգնող առևտրականներին ու գյուղացիներին)։ Նկատենք, որ սա հենց ՍԱՏՄ-ի գործառույթն է. հենց այդ կառույցի աշխատակիցներն են պարտավոր նման ստուգումներ իրականացնել իրացման կետերում և կասեցնել անօրինական ու չթույլատրված առևտուրը։
ՍԱՏՄ-ն խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաև վաճառողի անձնական հիգիենային (չի հստակեցնում՝ մանրադիտակո՞վ պետք է զննենք, թե՞ հոտոտելով) և ստուգել վաճառքի վայրի ու հարակից տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը։ Իսկ ինչո՞ւ վաճառողից նաև չպահանջել բժշկական տեղեկանք՝ համոզվելու համար, որ նա որևէ վարակիչ հիվանդություն չունի, և նրա հետ անմիջական կամ միջնորդավորված շփման հետևանքով մենք նույնպես չենք հայտնվի ռիսկի գոտում։
Արդյո՞ք այս պահանջների կատարումը ևս սննդի անվտանգության տեսչությունը չպետք է ապահովի և, համագործակցելով պատկան կառույցների (քաղաքապետարան, ոստիկանություն) հետ, թույլ չտա, որ հակահիգիենիկ, աղտոտված ու անթույլատրելի վայրերում առևտուր իրականացվի։ Գուցե նրանց մոտ ինչ-ինչ պատճառներով չի ստացվում արդյունավետորեն պայքարել փողոցային չթույլատրված առևտրի դեմ, և այսպիսի «խորամանկ» քայլ են մտածել՝ պահանջարկը վերացնելով կանխել առաջարկը։
Զավեշտալի է։ Այդ դեպքում գուցե փակենք պետական կառույցները կամ զգալիորեն կրճատենք աշխատակիցների թիվը և նրանց գործառույթները բաշխենք ՀՀ քաղաքացիների միջև, եթե, դիցուք, ՍԱՏՄ-ն չի կարողանում լիարժեքորեն կատարել իր ստանձնած պարտավորություններն ու անհրաժեշտ վերահսկողություն իրականացնել։
Գուցե վաղն էլ քաղաքապետարանը նման հայտարարություն տարածի՝ հորդորելով հանրային տրանսպորտ նստելուց առաջ նախ ստուգել վարորդների վարորդական վկայականները։ Իսկ բացի վկայականից՝ նաև նախապես ստուգել ավտոբուսի տեխնիկական վիճակը, որպեսզի համոզվենք, որ այն անխափան է, և դրանով երթևեկելն էլ՝ անվտանգ։

Բաց մի թողեք
Ծնելիության մակարդակը Հայաստանում արագորեն նվազում է․ Արսեն Թորոսյան
Հոգեկան առողջության պահպանման կենտրոնում հայտնաբերվել է կյանքից հեռացած կին
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է