Երեկ MediaHub-ն անդրադարձել էր Բյուրեղավան համայնքի երեք բնակավայրերում արձանագրված աղիքային թունավորման դեպքերին։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ գրանցվել էր թունավորման 15 դեպք, որոնցից 6-ի դեպքում հիվանդները հոսպիտալացվել էին։
Մինչ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետները կավարտեն վերցված ջրի և կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտությունները և կպարզեն թունավորման պատճառը, Բյուրեղավան քաղաքում, ինչպես նաև Նուռնուս և Արզնի գյուղերում նույն ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են։
Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնել է Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը։ Նրա խոսքով՝ ինքը և համայնքի ղեկավարը մինչև գիշերվա ժամը 03:00-ը գտնվել են պոլիկլինիկայում, քանի որ թունավորման գանգատներով դիմումները չէին դադարում։
«Միայն երեկ ուշ երեկոյան և գիշերվա ընթացքում ևս 14 շտապօգնության կանչ է գրանցվել նույն ախտանշաններով։ Կանչերը շարունակվում են նաև այս պահին», – նշել է Վարդումյանը։ Նրա տեղեկացմամբ՝ տուժածների մեծ մասը երեխաներ են, որոնց մոտ առավել հաճախ են ի հայտ գալիս հիվանդության ախտանշանները։
Այս պահի դրությամբ, ըստ պոլիկլինիկայի տնօրենի, ընդհանուր առմամբ շտապօգնության ծառայություն է դիմել 35 մարդ, ևս շուրջ 30 քաղաքացի բուժհաստատություն է դիմել ինքնուրույն՝ առանց շտապօգնության միջամտության։ Բացի այդ, բազմաթիվ զանգեր են ստանում նաև ընտանեկան բժիշկները։ «Հիվանդների իրական թիվը, հավանաբար, ավելի մեծ է, քանի որ ոչ բոլորն են դիմում քաղաքային պոլիկլինիկա։ Շատ մեծահասակներ, որոնց մոտ ախտանշանները թեթև են արտահայտված, նախընտրում են ինքնաբուժությամբ զբաղվել և բժշկի չեն դիմում»,- նշել է նա։
Բյուրեղավանի, Նուռնուսի և Արզնիի բնակիչներին հորդորվել է մինչև վարակի աղբյուրի հստակեցումը խմելու ջուրը օգտագործելուց առաջ պարտադիր եռացնել կամ օգտվել շշալցված ջրից։

Բաց մի թողեք
Կալանավորվածների եւ հարազատների միջեւ կապը վերականգնվել է
Ֆին.Նախարարի մասով դատարանի պարտադրանքով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում
Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին