18/07/2026

EU – Armenia

Պուտինի վարկանիշային անկումը նրան վերածում է դիակի

Ռուսաստանի Դաշնության «Հանրային կարծիք» կենտրոնի հրապարակած տեղեկություններով անցնող շաբաթվա ընթացքում ՌԴ նախագահի վարկանիշը հինգ կետով նվազել է։

Այսօր Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս հարցման ենթարկված ռուսաստանցիների 66 տոկոսը, իսկ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որ վերջերս կրկին կոչվել է «նախագահական», վայելում է պոտենցիալ ընտրողների ընդամենը մեկ երրորդի, ավելի կոնկրետ՝ 31 տոկոսի վստահությունը։

Երկրորդ տեղում կոմունիստներն են, նրանց օգտին պատրաստ է քվեարկել ռուսաստանցիների 11 տոկոսը։ Քաղաքական վարկանիշով երրորդ կուսակցությունը Ժիրինովսկու հիմնադրած Լիբերալ-դեմոկրատականն է՝ 9 տոկոս համակիրներով, հաջորդը՝ «Նոր մարդիկը», որի օգտին պատրաստ է քվեարկել հարցման ենթարկվածների 7 տոկոսը։

Վերջին տեղում ընդամենը 4 տոկոսանոց վարկանիշ ունեցող «Արդար Ռուսաստան» կուսակցությունն է, որի առաջնորդ Սերգեյ Միրոնովը ժամանակին զբաղեցրել է պետդումայի խոսնակի պաշտոնը։

Ռուսաստանի պետական դումայի ընտրություններին մնացել է երկու ամիս։ Շաբաթասկզբին կոմկուսի առաջնորդ Զյուգանովը «համառուսաստանյան խորհրդաժողով» է անցկացրել։ «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանի գնահատմամբ՝ «կոմունիստները ձգտում են զբաղեցնել քարոզչական դաշտի հայրենասիրական հարթակը»։

Դա նշանակում է, որ Ուկրաինայում պատերազմը պետդումայի ընտրությունների քարոզարշավի առանցքային թեման է լինելու, իսկ ռազմաճակատում նշանակալի հաղթանակներ դեռևս չկան։

Կարելի է ենթադրել, որ վերջին օրերին Ուկրաինային ցուցաբերվող աննախադեպ աջակցությունը նաև Ռուսաստանում ներքաղաքական լարվածության նպատակ է հետապնդում։ Չնայած ՌԴ կառավարության հավաստիացումներին, վառելիքի շուկայի «ժամանակավոր բարդությունները» շարունակվում են։ Իրավիճակը գրեթե ճգնաժամային է հատկապես Ղրիմում։

Վլադիմիր Պուտինի և «Եդինայա Ռոսիա» նախագահական կուսակցության վարկանիշի անկումը, երևի, հնարավոր է կանխել միայն Ուկրաինայում շոշափելի նշանակության ռազմական հաջողությամբ։

Բայց դա ռիսկային է, ցանկացած ձախողում կբերի հանրային խոր հիասթափության։ Կրեմլում, ամենայն հավանականությամբ, կընտրեն «առկա ռեսուրսների վրա հենվելու» տարբերակը։