Կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» գործերը, կարծես թե, թարսվել են: Եվ՝ փառք Աստծո: Խորհրդարանական ընտրությունների ցնցակաթվածից դեռ ուշքի չեկած՝ ՔՊ-ն նոր փորձությունների է բախվել՝ թիմի ներսում վտանգավոր խմորումներ են հասունանում:
Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությունից հետո, ըստ տարածված լուրերի, հերթը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանինն է, որն իշխանական շրջանակներում հայտնի է «Գորշ կարդինալ» անվամբ: «Հրապարակ» պարբերականի տեղեկացմամբ՝ օրեր առաջ նա դիմել էր ԱՄՆ-ում բնակվող հայազգի քրեական հեղինակություններին՝ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման հարցում աջակցություն ստանալու համար:
Ամենայն հավանականությամբ՝ Հարությունյանը հայրենակիցներից ստացել է այդպիսի երաշխիք եւ կարողությունը տեղափոխել ավելի ապահով երկիր, որի հետ է մտածում կապել իր ընտանիքի ապագան:
Գիտի, որ Փաշինյանն իրեն վարչապետի աշխատակազմի ղեկավար չի վերանշանակի, քանի որ՝ լինելով «Քաղպայմանագրի» նախընտրական շտաբի պետ, խաբել-մոլորեցրել է նրան, թե կուսակցությունը նվազագույնը 65 տոկոս ձայն ունի: Սակայն «50+1» տոկոսն անգամ ապահովել չի հաջողվել:
Իշխող ուժը մեծ ընտրախախտումներով ու զեղծարարություններով, ԲՀԿ-ից շուրջ 60 հազար քվեն գողանալով՝ հազիվ 49 տոկոս ձայն է հավաքել, ինչը Փաշինյանին հունից հանել է, եւ նա յուրայինների հետ այդ թեմայով կոշտ խոսակցություն է ունեցել:
Այժմ Արայիկ Հարությունյանը ԱՄՆ-ում է, որտեղ հուլիսի 1-24-ն իր արձակուրդն է վայելում, որից հետո կորոշի անելիքը կամ, հնարավոր է, արդեն որոշել է: Իշխանական բուրգում անջատողական գործընթացներ են սկսվել, ինչը պայմանականորեն կարելի է առնետավազք անվանել:
Պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ պաշտոնը թողնելու մասին է արդեն հայտնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը, որը ՔՊ-ի հիմնադիրներից է:
Ասում են՝ 2018-ին Գյումրի-Երեւան քայլերթով իշխանափոխություն իրականացնելու գաղափարը Մխիթարինն է: Փաշինյանի խոսքով,- որը, բնականաբար, հավատ չի ներշնչում,- նա ինքնակամ է որոշել դադարեցնել աշխատանքը գործադիրում եւ մասնավոր գործ ձեռնարկել:
Որոշ լուրերի համաձայն՝ Հայրապետյանը եւ էլի մի քանի կարկառուն ՔՊ-ականներ փորձել են Փաշինյանի հետեւում իրենց առանձին «խաղը խաղալ»՝ ազդեցություն գործելով նաեւ ՔՊ այլ շրջանակների վրա: Այս փուլում աշխատանքը մասնավոր հատվածում շարունակելու ցանկություն է հայտնել ՀՀ թիվ 1 աներձագը՝ Վաղարշակ Հակոբյանը, հայտարարելով, որ չի պատրաստվում վերցնել մանդատը: Իսկ ամենադրամատիկն այն է, որ «մանդատադուլ» է հայտարարել Գեղամ Նազարյանը:
Նա որդեկորույս հայր է, 8-րդ գումարման խորհրդարան էր անցել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով, եւ այն ժամանակ Փաշինյանի թունդ քննադատներից էր: Սակայն շատ ժամանակ չանցած՝ ճամբարափոխ եղավ ու սկսեց ինչ-ինչ ծառայություններ մատուցում ՔՊ-ին: Երեւում է՝ օգտագործելուց հետո ՔՊ-ն նրան այլեւս մի կողմ է նետել՝ որպես անպետքացած իր:
Մի խոսքով՝ թեկնածուներից յուրաքանչյուրը մանդատից հրաժարվելու իր պատճառն ու պատրվակն ունի, բայց մեծ մասամբ՝ շինծու: Օրինակ՝ Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը պատգամավորի մանդատից հրաժարումը հիմնավորում է բոլորանվեր իր համայնքին ծառայելու ցանկությամբ, որովհետեւ վստահ է՝ համայնքն առանց իրեն «վարի կտան»: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի համոզմամբ՝ սրանք պատահական անուններ չեն. գլխավորապես Խաչատուր Սուքիասյանի ազդեցության գործիչներ են, եւ «չի բացառվում, որ օրերից մի օր դուրս են գալու Փաշինյանի դեմ՝ նրան գահընկեց անելու համար: Վերջինս, ըստ փորձագետի, այս մարդկանց թիմից քշելով՝ կանխում է հնարավոր պալատական հեղաշրջումը:
Քոչարյանն ավելի հեռուն է գնում՝ կարծիք հայտնելով, որ ՔՊ առաջնորդը վտանգ է զգացել Ալեն Սիմոնյանից եւ այն ՔՊ-ականներից, որոնք Սուքիասյանի մարդիկ են համարվում ե՛ւ օրենսդիրում, ե՛ւ գործադիրում: Փաշինյանը, փորձագետի դատողությամբ, ջանալու է այդ մարդկանց փոխարինել, այսպես ասած, թուրքական «բրիգադով», որի ամենաառանցքային անդամի կամ, ավելի ստույգ, «բրիգադավար» Ալենի հարցերն արդեն բարեհաջող լուծված են. նա փոխարինվել է Թուրքիայի հետ մերձացող Ռուբեն Ռուբինյանով: Փաշինյանին, թերեւս, թվում է, թե վարչապետական աթոռին սպառնացող վտանգն արդեն չեզոքացված է, եւ հիմա կարող է հանգիստ շունչ քաշել: Բայց դա միայն թվում է:
«Հայացք Երեւանից»

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը
Երբ հայ նախարարը գրում է. «Այլևս հնարավորություն ունենք», նույնն է, թե Դոստոևսկին գրեր. «Я русскую школу скончался»
Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը