27/07/2026

EU – Armenia

«ԱՄՆ-ին թույլ չենք տա որոշել՝ երբ լինի պատերազմ, երբ՝ խաղաղություն». Իրանի ԱԳՆ

Իրանը ԱՄՆ-ին թույլ չի տա որոշել պատերազմի և խաղաղության ժամանակը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Իրանի հիմնական չափանիշներն են ազգային շահերը և ազգային անվտանգությունը։

«Անհասկանալի է՝ ինչու է ԱՄՆ-ն կարծում, թե հատկապես իրենք են կառավարում պատերազմը։ Նրանք կարծում էին, որ կարող են արագ ջախջախել Իրանին, բայց դա տեղի չունեցավ։ Նրանք պետք է պատասխանատվություն կրեն ստեղծված իրավիճակի համար»,- ընդգծել է Բաղաին։

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Իրանը որոշումներ է կայացնում իր ազգային շահերից և անվտանգությունից ելնելով։

«Մենք երբեք թույլ չենք տվել և թույլ չենք տա ԱՄՆ-ին որոշել պատերազմի և խաղաղության ժամանակը։ Երբ մեր ազգային շահերը պահանջեն, մենք կպաշտպանենք մեզ։ Երբ մենք համարենք, որ դիվանագիտությունը ծառայում է մեր ազգային շահերի պաշտպանությանը, մենք կօգտվենք այդ գործիքից»,- հավելել է նա։